Պուտինը Փաշինյանին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԴ ղեկավարը վարչապետին հրավիրել է մասնակցելու Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որտեղ ևս երկկողմ բանակցություններ են ծրագրված:
«Սպասում եմ Ձեզ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Հուսով եմ, որ այն օգտակար և հետաքրքիր կլինի։ Մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք և հնարավորություն կլինի զրուցել մի քանի տասնյակ երկրների գործընկերների հետ, որոնք նախատեսում են մասնակցել այդ աշխատանքներին»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները շատ լավ զարգանում են․ «Ապրանքաշրջանառությունը անցած տարի եղել 7,4 մլրդ դոլար։ Այս տարվա 6 ամսում արդեն 8,3 մլրդ-ի է հասել։ Եթե այս տեմպով առաջ գնանք, ապա այս տարի 14-16 մլրդ դոլարի կարող է հասնել»։
Նիկոլ Փաշինյանն նկատել է, որ վերջին ամիսներին շատ ակտիվ հայ-ռուսական քաղաքական երկխոսություն է եղել։
«Փոխվարչապետ Օվերչուկն էր եկել Երևան։ Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացավ ԵԱՏՄ միջկառավարական համաժողովը, և այդ շրջանակներում էլ մենք բավական մանրամասն քննարկեցինք մեր գործընկերության հարցերը։ Այսօր էլ շատ լավ հնարավորություն ունենք ընդհանրացնել այս ամենը»,- ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ երկկողմ հանդիպում էր անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ։
Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
***
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-24-ին Կազանում։ ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հետագայում կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ադրբեջանը և Թուրքիան ևս ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել։
Civilnet










