ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»:
«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ: Այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»,- ասված է նամակում։
ԱՄՆ նախագահը նշում է՝ ուրախ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը «կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները»:
«Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»,- ասված է Բայդենի նամակում։
ԱՄՆ նախագահի նամակը վարչապետին փոխանցել էր ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը։ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին կառավարությունում ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ հանդիպմանը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր:
Մայքլ Քարփենթերը հոկտեմբերի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ևս փոխանցել էր Ջո Բայդենի նամակը։ ԱՄՆ նախագահը Ալիևին հորդորել էր ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում․ «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը»։
***
Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։ Ադրբեջանական կողմը նշում է, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որում, ըստ իրենց՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը հակադարձում է և հայտարարում, որ սահմանադրական փոփոխությունների պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակ է հետապնդում։
Civilnet











