Սիրանուշ Ադամյան
Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում ճգնաժամ է։ Երկրպագուների տարբեր ճակատների ու ակումբների խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավարությունը սպառել է իրեն ու պետք է հրաժարական տա։ ՀՖՖ նախագահի խոսքով էլ՝ հայկական ֆուտբոլում իր կառավարման շրջանում խնդիրներ են առաջացել տարբեր պատճառներով՝ Կովիդից մինչև ռուս-ուկրաինական հակամարտություն, որոնք, ըստ նրա, ազդել են հայկական ֆուտբոլի վրա։ Սիվիլնեթը փորձել է ի մի բերել տեղի ունեցածն ու ներկայացնել կողմերի կարծիքները՝ տիրող իրավիճակի շուրջ։
Հոկտեմբերի 14-ին Մակեդոնիայի դեմ Հայաստանի հավաքականի կրած պարտությունից հետո FAF («Առաջին հայկական ճակատ») երկրպագուների խմբի մի շարք անդամներ հավաքվել էին ՀՖՖ գրասենյակի առջև ու հանդիպում էին պահանջում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Նրանք ցանկանում էին պարզաբանում ստանալ «հայկական ֆուտբոլի տարբեր ասպեկտների՝ մանկապատանեկան ֆուտբոլի, ակադեմիաների, ընդհանուր կոմունիկացիայի բացակայության վերաբերյալ»: Մելիքբեկյանն այդպես էլ չեկավ հանդիպման, ինչից հետո FAF-ի համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հայտարարեց, որ պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը։
ՀՖՖ շենքի առջև նույն պահանջով ևս մեկ ակցիա իրականացվեց հոկտեմբերի 21-ին։ Այնուհետև բարձրագույն առաջնության տարբեր հանդիպումների ժամանակ երկրպագուները խաղադաշտ էին մտնում՝ ընդհատելով խաղերը։



ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ
FAF-ի համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանն ակցիայի ժամանակ իր խոսքում ասել է. «Հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական տվեց, բայց դա մեզ բավարար չէ… FAF-ն աջակցել է Արմեն Մելիքբեկյանին՝ հայկական ֆուտբոլում դրական փոփոխություններ ունենալու ակնկալիքներով։ Ուզել ենք, որ լավ լինի հայկական ֆուտբոլում, բայց, ցավոք, այդ փոփոխությունները չենք տեսել… Այլևս չենք կարծում, որ մեր նշած ասպեկտներում կլինի դրական փոփոխություններ»:
Հրաժարականի պահանջին միացել են նաև «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան֊ակումբը, «Փյունիկի» «Սեկտոր-18» ֆան ակումբը, «Ուրարտուի» «South-West Ultras» ֆան ակումբը և «Շիրակի» «Սև Հովազներ» ֆան ակումբը։
ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին են միացել նաև «Շիրակ», «Փյունիկ» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբները։



«Ուրարտու» ՖԱ. «…Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ․ անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարիքային տարբեր հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, Հայաստանի Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայություն… և սա նրանց թույլ տված սխալների կեսն է…»։
«Փյունիկ» ՖԱ. «Իր գործունեությունը դադարեցրած հինգ ակումբ, Պրոֆեսիոնալ լիգայի չիրականացած ծրագիր և ՀՊԼ-ի (Հայաստանի Պրեմիեր լիգա) հանդիպումները աշխատանքային օրերին, ժամերին նշանակելու արատավոր շրջանը: Այսպիսով, Հայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով, որի հետևանքով իրավիճակն արդեն դառնում է օրհասական»։
Ի՞նչ է ասում ֆեդերացիան

Հոկտեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելքիբեկյանը հայտարարություն տարածեց՝ դիմելով «բացառապես հայկական ֆուտբոլն առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց»։
Թե ովքեր են հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած մարդիկ, որ պահանջում են նրա հրաժարականը, պարզ չէ։
Մելիքբեկյանն իր խոսքում նշում էր, որ իր 2019-2025 թթ. ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չի կատարվել, մի մասն էլ իրականացվել է մասնակի: Որպես պատճառներ բերում էր հետևյալը.
1. ընտրվելուց երկու ամիս անց սկսված Քովիդի համավարակը,
2. 44-օրյա պատերազմը,
3. 2022-ին սկսված հակամարտությունն Ուկրաինայում, «որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը»,
4. արտարժույթի շուկայի ձևափոխումը, որը «լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը»։
Թե ինչպես է ռուս-ուկրաինական հակամարտությունը կամ արտարժույթի շուկայի ձևափոխումն ազդել հայկական ֆուտբոլի վրա, պարզ չէ։ Բայց Մելիքբեկյանի խոսքով՝ իրենք կարողացել են «բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղեն ժամանակի ընթացքում»։
Ըստ Մելիքբեկյանի՝ իրենք «աշխատել են ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար», ուստի ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։
«Արարատ», «Վեստ Արմենիա», «Ալաշկերտ», «Սյունիք» ֆուտբոլային ակումբներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՖՖ ղեկավարությանը։




Արարատ ՖԱ. «Բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում: Մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կտան իրենց արդյունքները»։
Ալաշկերտ. «…Հայկական ֆուտբոլը միայն Պրեմիեր Լիգայի երկու-երեք ակումբները չեն, որոնք չեն ընտրել Արմեն Մելիքբեկյանին և որոնք ցանկացած առիթ օգտագործում են՝ պարզապես հիշեցնելու իրենց գոյության մասին: Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ, այլ նաև մանկապատանեկան ֆուտբոլն է, կանանց ֆուտբոլը, ֆուտզալը, մասսայական ֆուտբոլը, և նշված բնագավառների հետ կապ ունեցող բոլոր անդամները, որոնք ընտրել են Արմեն Մելիքբեկյանին և կազմում են հայկական ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը»:

ՆՈԱ ՖԱ-ն չեզոք դիրք է զբաղեցրել. «…Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։ «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ համախմբելով բոլոր ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ զարգացնել հայկական ֆուտբոլը և տոն պարգևել մեր սիրելի երկրպագուներին», - նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
FAF-ը արդեն նոյեմբերի 4-ին հանդես եկավ նոր հայտարարությամբ։
Նրանք նշում են, որ «ՀՖՖ ղեկավարությունը դիմել է հին մեթոդներին և հանրային դժգոհությունների ու պահանջների մասով հետևություններ անելու փոխարեն տեքստեր է ուղարկել ակումբներին և ՀՖՖ հիմնադիր անդամ ՀԿ-ներին, որոնք էլ տառերի և կետադրական նշանների ճշտությամբ այդ տեքստերը տեղադրել են իրենց մեդիա հարթակներում»։

«Շարժման նպատակը պառակտումն ու թշնամանք սերմանելը չէ, այլ բացառապես հայկական ֆուտբոլի առողջացումը։ Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ ցանկանում ենք հանդիպել այդ հայտարարության տակ ստորագրած ՀՊԼ ակումբների ղեկավարների կամ պատասխանատուների հետ…» - նշված է հայտարարության մեջ։
Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվել է 2019-ի դեկտեմբերի 23-ին, իսկ արդեն 2023-ի դեկտեմբերի 23-ին վերընտրվել է պաշտոնում։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականին։
Civilnet











