«Ամեն ջանք կգործադրենք Հայաստանին եվրապական ընտանիքին մոտեցնելու համար». Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ «ամեն ջանք գործադրելու են Հայաստանին եվրոպական ընտանիքին մոտեցնելու» համար։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 26-ին՝ Երևանում ՀՀ նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք և ներգրավենք եվրապական ընտանիքում։ Եթե Հայաստանը հետաքրքրություն ցուցաբերի, ցանկացած խնդրանքի դեպքում պատրաստ ենք աջակցել»,- ասել է Դուդան։
2025-ի հունվարի 1-ին Լեհաստանը ստանձնելու է նախագահությունը Եվրամիության Խորհրդում։ Անջեյ Դուդայի խոսքով՝ Լեհաստանի նախագահության շրջանում կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը։
«Մեր խնդիրն է լինելու, որ մեզ ուղղված բոլոր գործողությունները կատարենք։ Երբ խոսում ենք վիզաների ազատականացման մասին, դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ մարմինների կողմից։ Այդտեղ նույնպես Լեհաստանը հնարավորություն է ունենալու որոշում կայացնել։ Բայց խնդրում եմ հիշել, որ ԵՄ-ն դա ընդհանուր միություն է և վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ստանալ ԵՄ անդամների մեծամասնության հավանությունը»,- հայտարարել է Լեհաստանի նախագահը։
Դուդան նաև նշել է, որ Լեհաստանը պատրաստ է Հայաստանին աջակցել խաղաղության հարցում. «Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը՝ կայուն և հստակ սահմաններում։ Այդ խաղաղությունը շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար։ Եթե մեր օգնության կարիքը լինի, մենք կազմ ու պատրաստ ենք այն ցուցաբերել»։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 25-ին։ Մինչ ՀՀ նախագահի հետ հանդիպումը, Անջեյ Դուդան այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
Civilnet










