Վրաստանը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից մինչև 2028 թվականը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա ասել է, որ Վրաստանը հրաժարվելու է ԵՄ-ից ստացվող ֆինանսական աջակցությունից։ Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի ֆինանսավորման դադարեցման մասին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի և «Վրացական երազանք» կուսակցության «հակաժողովրդավարական քայլերի» պատճառով։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը «տնտեսապես պատրաստ կլինի» ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել միայն 2028-ի վերջին. «Մենք մտադիր ենք միանալ Եվրամիությանը ոչ թե մուրալով, այլ արժանապատվորեն՝ ստեղծելով ժողովրդավարական լավ գործող համակարգ և ուժեղ տնտեսություն»։
Ընդդիմադիրները դատապարտել են Կոբախիձեի հայտարարությունը՝ այն որակելով դավաճանություն։
Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել խորհրդարանի շենքի, Թբիլիսիում «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակների մոտ, Բաթումիի Եվրոպայի հրապարակում, ինչպես նաև Քութայիսիում և Զուգդիդիում։
Ոստիկանությունը գիշերը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է նաև, թե ինչպես են իրավապահները ենթադրաբար ռետինե փամփուշտներ արձակում ցուցարարների ուղղությամբ։ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար։
Riot police fired tear gas directly at OC Media’s editor-in-chief Robin Fabbro on Lesia Ukrainka Street, a side street off of Rustaveli Avenue. There were only a few other people on the street, and Fabbro was wearing a vest that clearly stated he was a member of the press. pic.twitter.com/NbS9FiGU18
— OC Media (@OCMediaorg) November 28, 2024
Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ դիմել է հատուկ ջոկատայիններին՝ կոչ անելով նրանց հիշել, թե ում են ծառայում. «Ձեր պարտականությունը մարդկանց բաժանելը չէ։ Դուք Ռուսաստանի՞ն եք ծառայում, թե՞ Վրաստանին։ Ու՞մ եք երդում տվել»։
Վրաստանի նախագահը կառավարությանը նաև մեղադրել է սահմանադրական հեղաշրջման մեջ։ «Այսօր վերջակետ դրվեց սահմանադրական հեղաշրջմանը, որը շարունակվում է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Վերջակետ է դրված Եվրոպայից դեպի Ռուսաստան շարժման հարցում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Հայտարարությունից առաջ Զուրաբիշվիլին հանդիպում էր ունեցել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների հետ։ Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու և անցկացնելու համար։
Ցույցի ընթացքում բազմաթիվ հաղորդագրություններ են եղել հատուկ ջոկատայինների կողմից լրագրողների թիրախավորման մասին։ OC Media-ի լրագրող Մարիամ Նիկուրաձեն հայտնվել է ջրցան մեքենաների թիրախում։ Կարճ ժամանակ անց նա բժշկական օգնություն է ստացել մոտակա շտապօգնության մեքենայում։
OC Media's @mari_nikuradze sought medical attention after being fired at with water mixed with pepper spray from water cannons on Rustaveli Avenue.
— OC Media (@OCMediaorg) November 28, 2024
?Live updates: https://t.co/PoG8cbUewY
Video via Netgazeti pic.twitter.com/vwLJZSIOUp
Civilnet











