«Մետապնևմովիրուսը Հայաստանում վաղուց հայտնի է, այն ոչ պանդեմիկ սուր շնչառական վարակ է, Հայաստանում բավական երկար ժամանակ գտնվում է հսկողության տակ, ինչպես մյուս շնչառական վարակները». ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց վիրուսի տարածման մասին տեղեկությունը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Գրիգորյանը։

Չինաստանում շնչառական ինֆեկցիաներ են տարածվում, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուս (HMPV), հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Սակայն, ինչպես հաղորդում է կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, ըստ տեղական իշխանությունների տվյալների, հիվանդացության ծավալներն ու ինտենսիվությունը դեռևս մնում են նախորդ տարվա մակարդակից ցածր:
Կլյուգեն ավելացրել է, որ մարդու մեթապնևմովիրուսը բավական տարածված շնչառական վիրուս է, սակայն ծանր դեպքերում ինֆեկցիան կարող է հանգեցնել թոքաբորբի, հատկապես՝ երեխաների, տարեց մարդկանց կամ քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ:
Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմովիրուս չի հայտնաբերվել։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց. «Մետապնևմովիրուսը Հայաստանում վաղուց հայտնի է, այն ոչ պանդեմիկ սուր շնչառական վարակ է, Հայաստանում բավական երկար ժամանակ գտնվում է հսկողության տակ, ինչպես մյուս շնչառական վարակները»։
Նրա խոսքով՝ այս վարակն իր նշաններով լուրջ չի տարբերվում մնացած այլ վարակներից. «Հիմնական նշաններն են՝ ջերմություն, հազ, թուլություն, գլխացավ։ Որպես կանխարգելման միջոցառումներ, նույն կանխարգելիչ գործողություններն են, ինչ մնացած սուր շնչառական վարակների համար»։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Այժմ չկա դրա կանխարգելման համար պատրաստված պատվաստանյութ:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի՝ վերջին շաբաթում (30.12-05.01.2025) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն:
Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2,758 պացիենտ, նախորդ շաբաթվա 5 146 արձանագրված դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1,8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված 4,682 դեպքերի համեմատ նվազել է 1,6 անգամ։
Սիրանուշ Ադամյան
Civilnet











