Գլխավոր Լրահոս

Ինչ է՛ և ինչ չէ՛ Հայաստանում քննարկվող ԵՄ անդամակցության մեկնարկի մասին նախագիծը

Ինչ է՛ և ինչ չէ՛ Հայաստանում քննարկվող ԵՄ անդամակցության մեկնարկի մասին նախագիծը

Սիրանուշ Ադամյան

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Նախագիծը ներկայացվել էր ԵՄ-ին անդամակցության հարցով 2024-ին Հայաստանում անցկացված ստորագրահավաքի արդյունքում, որի ընթացքում պահանջվող 50,000 ստորագրության փոխարեն հավաքվել էր ավելի քան 52,000-ը։ Հայաստանում սկսված քննարկումները երկրում և երկրից դուրս մեծ արձագանք են ստացել՝ հաճախ հեռահար եզրակացություններով։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե ինչ է և ինչ չէ քննարկվող օրինագիծը։ 

Ինչ է ենթադրում ԵՄ անդամակցության գործընթացը

ԵՄ անդամակցության գործընթացը ենթադրում է հիմնական մի շարք քայլեր, այդ թվում.

- Երկրի պաշտոնական դիմումը ԵՄ Խորհրդին,

- Եվրահանձնաժողովի եզրակացությունը դիմումի վերաբերյալ,

- Թեկնածուի կարգավիճակի շնորհում ԵՄ բոլոր անդամ երկրների միաձայն որոշմամբ,

- Բանակցությունների մեկնարկ, որը ներառում է բազմաթիվ ոլորտներում օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումներ, այլ քայլեր։

Հայաստանի ներկայիս քայլը չի համապատասխանում այս ընթացակարգին: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին. «Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»:

Փորձը ցույց է տալիս, որ թեկնածուի կարգավիճակից մինչև ԵՄ լիիրավ անդամակցություն գործընթացը տևում է հինգից տասը տարի։ Որոշ դեպքերում այն կարող է ավելի կարճ կամ երկար լինել՝ կախված երկրից և իրավիճակից։ Օրինակ՝ Խորվաթիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2003-ին, բայց անդամ է դարձել 2013-ին։ Չեռնոգորիան թեկնածուի կարգավիճակ է ստացել 2010-ին, բայց առ այսօր չի դարձել անդամ։

Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանի կարծիքով՝ ԵՄ-ին անդամակցելը բավական բարդ ու ժամանակատար գործընթաց է: «Ինչքան էլ Հայաստանի իշխող ուժը օրենքի մակարդակով կամ հայտարարությունների մակարդակով որդեգրի ԵՄ-ին անդամակցության քաղաքականություն, Բրյուսելում նման օրակարգ այս պահին գոյություն չունի»։ Սուքիասյանն ընդգծում է, որ ԵՄ-ում այս պահին առկա են անդամակցության ավելի վիճահարույց թեկնածուներ, և միայն այդ երկրների հարցը լուծելուց հետո Բրյուսելը կարող է սկսել քննարկել նոր դիմումներ:

Հայաստանը ԵՄ-ին անդամակցության դիմում չի ներկայացրել։ Ավելին, անդամակցության դիմումը կնշանակի Ռուսաստանի ղեկավարած Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ավելի հիմնարար խնդիրներ է տեսնում. «Եվրամիությունը Կովկասի որևէ պետության անդամության կանաչ լույս չի տա, քանի որ դա կնշանակի Թուրքիայից կախվածության մեծացում, Թուրքիայի ազդեցության մեծացում Եվրամիության վրա»: Նա ասում է, որ ԵՄ-ն ներքին բազմաթիվ մարտահրավերներ ունի և պատրաստ չէ Կովկասում քաղաքական և տնտեսական լուրջ պարտավորություններ ստանձնել:

«Միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին հնարավոր չէ, սա ոչ միայն Հայաստանի համար հնարավոր չէ, այլ ընդհանրապես որևէ պետության համար, որովհետև երկու տարբեր միասնական տնտեսական տարածքներ են»,- ընդգծում է Բադալյանը:

«Տիտանիկի տոմս»

Մոսկվայի արձագանքը կանխատեսելիորեն բացասական էր: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտումը համեմատեց «Տիտանիկի տոմս գնելու» հետ՝ զգուշացնելով տնտեսական լուրջ հետևանքների մասին: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ արտահանումը կկրճատվի 80 տոկոսով:

Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայում՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ավելի հեգնական էր՝ ակնարկելով, որ Հայաստանը կարող է դիմել ԵՄ-ին օգնության համար, «նրանք սիրում են օգնել դրախտի թեկնածուներին փողով ու զենքով»: 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ շեշտեց ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունների անհամատեղելիությունը՝ նշելով, որ «երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, անհնար է»:

ԵՄ-ի զգուշավոր արձագանքը

ԵՄ արձագանքը խիստ զգուշավոր է: Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը բավարարվել է՝ նշելով, որ իրենք տեղեկացել են ՀՀ կառավարության որոշման մասին և պատրաստվում են ուսումնասիրել այն: Նա ընդգծել է, որ եթե երկիրը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, դա նրա որոշումն է, սակայն կան հստակ պայմանագրային դրույթներ, որոնք սահմանում են անդամակցության գործընթացը:

Դեսպանը հիշեցրել է նաև, որ ԵՄ-ն ու Հայաստանն արդեն իսկ համագործակցում են «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում, և երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ: Այս ծրագրով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 270 մլն եվրո։

Հայաստան-ԵՄ հարաբերությունների էվոլյուցիան

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում շրջադարձային պահ էր 2013 թվականը: Երկիրը, որն արդեն ավարտել էր Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվեց այն ստորագրելուց և փոխարենը որոշեց միանալ Մոսկվայի ձևավորած Մաքսային միությանը (հետագայում՝ ԵԱՏՄ): (2014-ին Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստորագրեցին այդ համաձայնագրերը։ Վերջին երկուսը ներկայում ունեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանի այդ կարգավիճակը առկախվել է ժողովրդավարական հետընթացի պատճառով)։

Այնուամենայնիվ, 2017-ին Հայաստանը և ԵՄ-ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA), որը Հայաստանի ու ԵՄ-ի միջև զարգացման բազմաոլորտ համագործակցություն է նախատեսում։ Դրանում, սակայն, չկա ազատ առևտրի բաղադրիչը, քանի որ Հայաստանը տնտեսական այլ միության անդամ է։

Վերջին տարիներին ԵՄ-ի ներգրավվածությունը Հայաստանում մեծացել է։ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ԵՄ-ն արագացված կարգով որոշում ընդունեց և արդեն 2023-ի փետրվարին իր դիտորդներին տեղակայեց Հայաստանի՝ Ադրբեջանի սահմանների երկայնքով։ Երկու տարի անց ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը։ 

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը լայնորեն դիտվում է որպես Հայաստանի նկատմամբ Բրյուսելի քաղաքական հանձնառության խորացում։ Թեև այն անվտանգության երաշխիք չէ Ադրբեջանի հարձակման դեմ, բայց էապես բարձրացնում է հնարավոր հարձակման քաղաքական պատասխանատվությունը։

Ինչ սպասել

Ազգային ժողովն առաջիկայում սահմանված կարգով պետք է քննարկի օրենքի նախագիծը, որոշումը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նախագծի ընդունումը, սակայն, ուղիղ չի հանգեցնելու հանրաքվեի անցկացմանը։ Այն միայն ազդարարելու է, որ պետությունը պաշտոնապես սկսում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց։ Բուն անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով: 

Սակայն ԵՄ իրական անդամակցության գործընթացը շատ ավելի բարդ է և պահանջում է ոչ միայն Հայաստանի կողմից լուրջ բարեփոխումներ, այլև ԵՄ անդամ երկրների քաղաքական կամքը: Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ իրավիճակը, Հայաստանի աշխարհագրական դիրքը և տնտեսական մեծ կախվածությունը Ռուսաստանից ու ԵՄ ներքին մարտահրավերները, անդամակցության հեռանկարը միայն տեսական է: Այդ քննարկումները ավելի շատ տեղավորվում են Հայաստանի ներքաղաքական զարգացումների ծիրում, հատկապես՝ 2026-ի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ակնկալվում է, որ թե՛ ստորագրահավաք կազմակերպած ուժերը, թե՛ իշխող կուսակցությունը փորձելու են կապիտալիզացնել հանրության եվրաձգտումները՝ Ռուսաստանից աճող հիասթափության ետնապատկերում։

Read the article in English: Armenia’s EU Law: A Political Symbol or a Practical Path?

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում