Գլխավոր Լրահոս

2020-ի Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի պարտությունը

2020-ի Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի պարտությունը

Վիգէն Չըթըրեան

Հարցազրույցների վրա հիմնված այս վերլուծություն-հոդվածը լույս է տեսել «Պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գրքում, որը հրատարակել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը՝  Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախաձեռնությամբ և ծախքով։

Ամփոփ ակնարկ

2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական բանակի և Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) ձախողման պատճառները բարդ են և բազմաբնույթ։ Թեև Հայաստանում բանավեճը կենտրոնացած է ռազմական և քաղաքական առանձին ղեկավարների ձախողումների վրա՝ այս հոդվածում պնդում է արվում, որ հայկական կողմի պարտությունը նախևառաջ այն պատճառով էր, որ Հայաստանը ի զորու չէր եղել մարտունակ ուժ ստեղծել` կասեցնելու հակառակորդի գրոհը և անցնելու հակահարձակման։ Ղեկավարների՝ շատ քննարկված ձախողումների կողքին պարտությունը հայկական զինված ուժերին համակած երկարաժամկետ խնդիրների արդյունքն էր։ Այդ բացերից մի քանիսը հայտնի էին. մեկուկես տասնամյակ շարունակ Ադրբեջանը Հայաստանից մի քանի անգամ ավելի շատ ռազմական ծախսեր էր կատարում, ինչը նրան թույլ էր տալիս ձեռք բերել մեծ քանակությամբ ժամանակակից սպառազինություն և մի քանի հազար սպաների ու զինվորների ուղարկել թուրքական ռազմական ուսումնարաններ վերապատրաստման։ Անհավասար այս պայմաններում Հայաստանի իշխանությունները վատ օգտագործեցին իրենց հասանելի ռեսուրսները և չկարողացան գտնել ասիմետրիկ լուծումներ՝ ռազմական մտածողության պահպանողականության պատճառով, որն արտացոլում էր ստատուս քվոն պահպանելու ռազմավարական որոշումն ու չափից ավելի ապավինումը Ռուսաստանին:

Հայ քաղաքական և ռազմական ղեկավարներն անտեսում էին ուժերի փոփոխվող հավասարակշռությունը։ Հայաստանն իր զինտեխնիկայի արդիականացումն սկսեց 2015-ին, այսինքն՝ Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ։ Ավելին, շատ քիչ էր գնվում սպառազինություն, իսկ առաքումներն էլ հաճախ ուշանում էին՝ բավարար ժամանակ չտալով զինվորականներին նոր համակարգերն իրենց գործում պատշաճ ինտեգրելու համար: Հայաստանի զինված ուժերը բյուրոկրատական ծանր ​​մեքենա են՝ բոլորովին անհամարժեք փոքր երկրի համար։ Պատերազմի ընթացքում հայկական ուժերը չկարողացան դիմակայել կարգապահ ու շարժուն հակառակորդին, որն ունակ էր արագ առաջ ընթանալու անգամ 26 տարի հայկական վերահսկողության տակ գտնվող տեղանքում։ Ղարաբաղյան առաջին պատերազմից մինչև 2020-ը հայկական ուժերը մեկ սերնդի ընթացքում ֆիդայական սկզբնական շարժունակ բանակից անցան խորհրդային բյուրոկրատական դպրոցին՝ անկարող լինելով ինքնուրույն գաղափարների ու նախաձեռնությունների, ինչն անհարիր է այնպիսի փոքր մարտական ​​ուժին, ինչպիսին Ղարաբաղի պաշտպանության բանակը կամ, առհասարակ, հայկական զինված ուժերն էին։

2016-ի պատերազմն ահազանգ էր, որից հայկական կողմն անհրաժեշտ դասեր չքաղեց։ ​​Հետախուզական տվյալների հավաքագրումը, զենքի որակն ու քանակը, ուժերի պատրաստվածության մակարդակը Հայաստանի թույլ կողմերն էին։ Ադրբեջանը, մինչդեռ, վերլուծել էր իր թույլ կողմերը, ավելի շատ ներդրումներ կատարել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և ճշգրիտ բալիստիկ հրթիռների մեջ, ինչպես նաև պատրաստել մեծ թվով հատուկ ջոկատայիններ։ 2016-ի պատերազմը և 2020-ի հուլիսյան սահմանային մարտերը ցույց տվեցին, որ որևէ մեծածավալ հարձակման դեպքում մարդկային կորուստները մեծ կլինեն, ինչը կարող է ի վերջո ապակայունացնել Իլհամ Ալիևի ընտանեկան իշխանությունը:

Այս թերություններով հանդերձ՝ հայկական ուժերը երկու անգամ ցույց տվեցին, որ կարճատև մարտերում ունակ են դիմադրելու ադրբեջանական ուժերին։ 2020-ին հայկական բանակի խնդիրը նաև նրա աշխարհաքաղաքական մեկուսացումն էր։ Ադրբեջանին հաջողվեց ռազմական հսկայական աջակցություն ստանալ Թուրքիայից և Իսրայելից, մինչդեռ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը նախընտրեց Հայաստանին և Ղարաբաղին միայնակ թողնել՝ ստանձնելով միջնորդի դեր։ Թուրք գեներալները սպառազինության համակցված պատերազմ նախաձեռնեցին, որին Հայաստանը չէր կարող դիմակայել։

Ներածություն

Իմաստ ունի՞ արդյոք քննել և քննարկել 2020-ի պատերազմի, պարտության ու Արցախի կորստի պատճառները, երբ Հայաստանի քաղաքական դաշտը շարունակում է այսքան բևեռացած ու անտարբեր լինել այդ խնդիրների նկատմամբ։ Երբ այս հարցը տալիս էի զրուցակիցներիս, հաճախ էի ստանում միանշանակ պատասխան։ «Ես հիմա խոսում եմ ձեզ հետ, որովհետև այդ աշխատանքն ու մտորումները կարևոր են»,– ասում է Զոհրաբ Մնացականյանը, որը 2020-ի պատերազմի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն էր։ Մնացականյանի հետ դա իմ երկրորդ երկժամյա հարցազրույցն էր։ Թեև այս հոդվածը գրված է 2020-ի պատերազմի և հայկական կողմի հետագա ամբողջական պարտությանը հանգեցրած իրադարձությունների հետազոտական նախագծի շրջանակում՝ այն շարադրված է 2024-ի մայիսին և հոկտեմբերին Հայաստանում անցկացված 35 հարցազրույցների հիման վրա՝ հայաստանցի և արցախցի 31 քաղաքական, ռազմական գործիչների ու փորձագետների հետ, որոնք 2020-2023 թվականների իրադարձություններին անմիջական մասնակցություն և/կամ փորձառություն են ունեցել, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցազրույցներն արվել են Կարեն Հարությունյանի հետ համատեղ պատրաստված հարցաշարով։ Զրույցների մեծ մասին մասնակցել են լրագրողներ Մկրտիչ Կարապետյանը և Հայկ Ղազարյանը, իսկ մոտ մեկ երրորդն արել եմ միայնակ։ Աշխատանքի նպատակն է ուրվագծել այն իրավիճակը, որի պայմաններում տեղի ունեցավ 2020-ի պատերազմը; Հայաստանի ղեկավարության ռազմավարական մտածողությունը; պատերազմի երկարատև նախապատրաստությունն ու դրա սահմանափակումները; հակամարտության՝ պատերազմի վերաճելու հանգամանքներն ու պատճառները և հայկական զինված ուժերի՝ ադրբեջանական հարձակումը պատշաճ դիմագրավելու անկարողությունը։ Հարցազրույցներում անդրադարձ կա նաև 2020-ի պարտությունից մինչև 2023-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածին, որն ավարտվեց Արցախի վերջնական անկմամբ ու նրա հայ բնակչության էթնիկ զտումով։

Ինչպես ցանկացած հետազոտություն, սա ևս ունի մեթոդաբանական սահմանափակումներ․ վերոնշյալ հարցերի պատասխաններն այստեղ տրված են հայ քաղաքական և ռազմական ղեկավարների ու պատերազմի մասնակիցների տեսանկյունից։ Հայաստանը կարո՞ղ էր արդյոք դադարեցնել պատերազմը՝ համաձայնելով ադրբեջանական պահանջներին, օրինակ՝ 2020-ի հոկտեմբերի 9-ին։ Այս հարցի պատասխանը կախված է մի քանի այլ գործոններից և դերակատարներից, այդ թվում՝ Ադրբեջանից․ Բաքուն կբավարարվե՞ր արդյոք իր սկզբնական պահանջներով, երբ նրա զորքերը ճեղքել էին հայկական պաշտպանությունը և սկսել անխոչընդոտ առաջ շարժվել: Հարցի պատասխանը կախված է նաև Թուրքիայից. Անկարան թույլ կտա՞ր Ադրբեջանին կանգ առնել, եթե անգամ Իլհամ Ալիևը համաձայներ Մոսկվայի միջնորդությամբ զինադադարին: Իսկ Ռուսաստանը պատրա՞ստ էր ռեսուրսներ ներդնել Ադրբեջանի ու Թուրքիայի գերակայությունը սասանելու և զինադադար պարտադրելու համար։ Ինչո՞ւ նա պետք է գնար կամ չգնար դրան։ Կամ ինչո՞ւ Մոսկվան սպասեց 44 օր ու այդքան ուշ միջամտեց պատերազմը կանգնեցնելուն, երբ ուժերի հավասարակշռությունը վերջնականապես խախտվել էր հօգուտ Ադրբեջանի։ Ամբողջական պատկերն ստանալու համար հարցազրույցներ են հարկավոր նաև ադրբեջանցի, թուրք և ռուս ռազմական ու քաղաքական գործիչների հետ, ինչը որ չի եղել կարճառոտ այս ուսումնասիրության շրջանակում: Հետևաբար, այստեղ ներկայացվածը սահմանափակված է հայ քաղաքական և ռազմական ղեկավարների դիտանկյուններով։

2020-ի պատերազմից չորս տարի անց հայ մասնակիցների հետ հարցազրույցները սահմանափակում ունեն․ դրանք արվել են իրադարձություններից հետո՝ մեր ունեցած այսօրվա՛ գիտելիքով և քաղաքական ու պատմական այլ համատեքստում, որը լղոզում է անցյալի իրադարձությունների վերաբերյալ մեր դատողությունը: Մեր խնդիրն է վերականգնել այն պատկերը, որ հայ ռազմական և քաղաքական ղեկավարները ունեին, երբ իրենք որոշումներ էին ընդունում: Պատկերը վերականգնելիս անհրաժեշտ է ոչ միայն իմանալ, թե ինչ գիտեին նրանք այդ ժամանակ, այլև այն, թե ճանաչողական և զգացմունքային ինչ համատեքստում է տեղավորվել և վերլուծվել կոնկրետ տեղեկատվությունը: Օրինակ՝ 2020-ի հուլիսյան մարտերը Հայաստանում ցնծագին մթնոլորտ էին ձևավորել՝ բերելով ընդհանուր զգացողության, թե «հայկական բանակն անպարտելի է»։ Ցանկացած նոր տեղեկություն, որ դրվում էր հայ ղեկավարների սեղանին, օրինակ՝ առաջնագծում ադրբեջանական ռազմական նախապատրաստությունների մասին, վերլուծվում էր այդ տրամադրությունների ոսպնյակով: Ընկալումներն էին «ձևավորում» իրականությունը, և Հայաստանի ղեկավարության շրջանում, ինչպես նաև անվտանգության խնդիրների վերլուծության դաշտում, չկային հակակշիռների և հակափաստարկների միջոցով այդ համոզմունքները վիճարկելու մեխանիզմներ:

Եթե ​​քաղաքական, ռազմական կամ դիվանագիտական ​​որևէ ղեկավարի հարցնեք, թե ինչու Հայաստանը պարտվեց պատերազմում, որն էր առանցքային սխալը կամ սխալների շղթան, կստանաք ընդհանրական պատասխան․ «Ես արել եմ ամեն հնարավորը, իսկ մյուսներն իրենց գործը չէին անում, ապաշնորհ էին կամ ոչ հայրենասեր»։ «Դժոխքը ուրիշներն են», կասեր Սարտրը։ Քաղաքական գործիչները երբեք չեն առանձնանում ինքնաքննադատությամբ և ոչ միայն Հայաստանում։ Հետևաբար, եթե մեկը ցանկանում է փոխադարձ մեղադրանքներից անդին գնալ, ապա պետք է ապացույցներ փնտրի ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի հարցերի միջոցով՝ հայ քաղաքական և ռազմական ղեկավարները ե՞րբ գիտակցեցին, որ ուժերի հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Հայաստանի առաջնորդներն ի՞նչ դասեր քաղեցին 2016-ի պատերազմից և կոնկրետ ի՞նչ փոփոխություններ մտցրին իրենց պաշտպանական ռազմավարության մեջ: Նրանք տեղյա՞կ էին տարածաշրջանի աշխարհաքաղաքական տեղաշարժերի մասին, դրանք ներառո՞ւմ էին արդյոք Մերձավոր Արևելքի հարևան տարածաշրջաններում պատերազմների դասերը: Ի՞նչ գիտեին նրանք ռիսկի մակարդակի մասին 2020-ի սեպտեմբերի 26-ի երեկոյան և որտե՞ղ էին տեղակայված հայկական ուժերը։ Հայկական զինված ուժերն արդյոք ծրագրեր ունեի՞ն պաշտպանական առաջին գծերի ճեղքման դեպքում, և ռազմական ի՞նչ սցենարների էին նախապատրաստվել նրանք զորավարժությունների ժամանակ։

Հայաստանում որոշումներ կայացնողները բացառապես տղամարդիկ են։ Այս հոդվածի շրջանակում 31 զրուցակիցներից 30-ը արական սեռի ներկայացուցիչ էր։ Միակ կին զրուցակիցը հանրային կապերի, այսինքն՝ ոչ գործադիր ոլորտի պաշտոնյա էր: 2020-ի պատերազմն ու պարտությունը նաև հայկական նահապետական համակարգի խորքային ձախողումն է՝ ​​չափն անցնող մաչոական ինքնավստահությամբ և ինքնաքննադատության բացակայությամբ։ Այս մշակույթը շարունակվում է անգամ 2020 և 2023 թվականների աղետալի պարտություններից հետո: Հայաստանի քաղաքական և ռազմական կառույցներում ղեկավարման գործընթացներին կանանց մասնակցությունը միայն կբարձրացնի բազմակարծությունն ու քննադատական ​​մտածողությունը:

Պատերազմը ռազմական կազմավորումների բախումն է, դա բանակների դինամիկ փոխազդեցությունն է։ Թե ինչու Հայաստանը պարտվեց պատերազմում, առաջին հերթին ռազմական խնդիր է, որի պատասխանը կարելի է ստանալ միայն պատերազմի ռազմական պատմությունը գրելուց հետո։ Այստեղ պետք է նշեմ, որ մենք չունենք նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի ռազմական պատմությունը, և հայ քաղաքական ու ռազմական վերնախավերի՝ առաջին պատերազմում հաղթանակի վերաբերյալ գերակշռող համոզմունքները շատ հեռու էին փաստերից։ Այս ուսումնասիրությունը, հիմնվելով ղեկավարների տրամադրած փաստերի վրա՝ ստուգված երկրորդական աղբյուրներով, նպատակ ունի ներկայացնել վերջին պատերազմների նախնական և հակիրճ պատմությունը՝ նկատի ունենալով, անշուշտ, որ ապագայում անհրաժեշտ է կատարել ավելի մանրամասն պատմագիտական աշխատանքներ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության փոփոխությունը

Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն անտեսում էր ռազմական հավասարակշռության ակնհայտ փոփոխությունը հօգուտ Ադրբեջանի։ 2006-ից սկսած, երբ Բաքու-Ջեյհան խողովակաշարով սկսվեց կասպյան նավթի արտահանումը, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը միջոցներ ուներ իր զինված ուժերն արդիականացնելու համար։ Արդեն 2006-2007 թվականներից նա սկսեց հսկայական քանակությամբ նավթադոլարներ ծախսել Ադրբեջանի զինված ուժերն արդիականացնելու, վերապատրաստելու և վերազինելու համար։ Այս փաստի մասին են վկայում Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) թվերը։[1] Հայաստանը դանդաղ էր արձագանքում այս իրողությանը և արդիականացման լուրջ ջանքեր սկսեց գործադրել միայն 2015-ին՝ սպառազինության համակարգեր ստանալով 2016-ից։ Հայկական կողմի վերազինման սկզբնական այս ջանքերի համար ցնցումային էին 2016-ի քառօրյա մարտերը, ինչը հանգեցրեց գնումների պլանների փոփոխության։ Այդուհանդերձ, սպառազինության գնված քանակները բավարար չէին ադրբեջանական կրակային ուժերին հակազդելու կամ Ղարաբաղի ամբողջ առաջնագիծը պաշտպանելու համար՝ էլ չասած Հայաստանի սահմանների մասին։ Չնայած այդ փոփոխություններին՝ Հայաստանի պաշտպանության պատասխանատուները ինքնավստահ էին իրենց ռազմական կարողության հարցում։ Նրանք պնդում էին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում ևս Ադրբեջանը մարդուժով, զենքով և զինամթերքով գերազանցություն ուներ, սակայն հայկական կողմը հաղթեց։ Այստեղ ակնհայտ է Ղարաբաղյան առաջին պատերազմում Հայաստանի հաղթանակի և Ադրբեջանի պարտության պատճառների վերլուծության բացակայության բացասական ազդեցությունը։[2] Հայ ղեկավարների չափից ավելի այս ինքնավստահությունը խանգարում էր ադրբեջանական սպառազինությունների մրցավազքին հակազդելու համար ասիմետրիկ լուծումներ փնտրելուն:

Արցախում և Հայաստանում բարձրագույն պաշտոններ, այդ թվում` Հայաստանի պաշտպանության նախարարի (2008-2016 թթ.) պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին երբ հարցրի, թե որ պահին ինքը զգաց հօգուտ Ադրբեջանի ուժերի հավասարակշռության փոփոխությունը, ստացա այս պատասխանը․ «Բալանսը քանակական առումով միշտ իրենց կողմն է եղել։ Նույնիսկ մինչև 2016-ը ուժերի հարաբերակցությունը հիմնականում 1/3-ի էր։ Դա նշանակում էր, որ պաշտպանությունում գտնվող զորքերը երեք անգամ քիչ էին, քան Ադրբեջանինը»։[3]

Նույն հարցը տվեցի Մովսես Հակոբյանին, որը եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը (2016-2018 թթ.), իսկ մինչ այդ՝ Արցախի պաշտպանության նախարարը (2007-2015 թթ.)։ «Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ուժերի հարաբերակցությունը յոթ անգամ ավել էր հօգուտ Ադրբեջանի, քան 2020-ին։ Բայց այն ժամանակ մենք հաղթեցինք»,– պատասխանեց նա։[4]

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը (2008-2018 թթ․) խորապես համոզված է, որ «ընդհուպ մինչև 2018-ի կեսերը մեր բանակը, հատկապես՝ Ղարաբաղի հատվածում, շատ մարտունակ էր»:[5] Սարգսյանի խոսքով՝ ոչ միայն 2016-ին, այլև «2020-ին մենք Ադրբեջանին առանձնապես ոչնչով չէինք զիջում զուտ սպառազինության առումով»։ «Նրանց առավելությունները միայն Բայրաքթարներն էին, ուրիշ ոչինչ։ (...) Իրենք փողով էին ձեռք բերում՝ երեք-չորս անգամ թանկ գներով։ Այսինքն, հաշվի՛ր՝ մեր մեկ միլիոնը չորս կամ հինգ միլիոն էր դառնում՝ երկու հանգամանքից ելնելով․ բացի գնումներից, մենք ստանում էինք ռազմատեխնիկական օժանդակություն։ Եվ այդ տարիների ընթացքում՝ մինչև 2018-ը, մենք ստացել էինք մոտավորապես 50-55 հազար տոննա սպառազինություն և զինամթերք»։[6]

Գաղափարը, որ հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթել է՝ չնայած Ադրբեջանի գերազանցությանը (ինչը ստուգման կարիք ունի), հանգեցրեց գերակշռող երկրորդ կարծիքին՝ Հայաստանը կարող է հաղթել նաև նոր պատերազմում՝ ի հեճուկս սպառազինությունների գնումների, վերապատրաստման և պաշտպանական ռազմավարության կատարելագործման Ադրբեջանի ջանքերի:[7] Այս մտածելակերպի համար կարևոր չէին Ադրբեջանի՝ իր ռազմական ուժերը կատարելագործելու նպատակաուղղված ջանքերը, իսրայելական Orbiter 1K ճախրող զինամթերքի կամ LORA ճշգրիտ կառավարվող բալիստիկ հրթիռների գնումները, նաև այն, որ ադրբեջանցի մի քանի հազար զինվոր ու սպա վերապատրաստվել էին թուրքական ռազմական ակադեմիաներում: Չափից ավելի այս վստահությունը մնաց անառարկելի ու թույլ չտվեց, որ ռազմական պատրաստության գործնական կողմը ստուգեն քննադատներն ու անկախ ​փորձագետները:

Թեև պնդումը ճիշտ է, որ Ադրբեջանը 1992-1994 թվականներին ուներ ռազմական գերակայություն,[8] սակայն այսօրինակ պատասխանը հայկական կողմին պասիվության էր մատնում ոչ միայն զինվելու, այլև Ադրբեջանի՝ պաշտպանական մարտավարությունը կատարելագործելու շարունակական ջանքերի նկատմամբ: Չնայած Ադրբեջանի վերազինման մասին տեղեկատվությունը լայնորեն հասանելի էր` հայկական կողմում ինքնավստահության ընդհանուր զգացում էր տիրում․ «Պատերազմի վտանգը շատ հեռու էր մինչև 2016-ը: Ոչ ոք վտանգ չէր զգում»:[9]

Մինչև 2016-ի քառօրյա պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը վստահ էր, որ կարող է համարժեք դիմակայել ադրբեջանական շարունակական սպառնալիքներին։ «Մինչև 2016-ը բանակի սպաները մեզ ասում էին՝ եթե հրաման ունենանք, պատրաստ ենք շարժվել մինչև Կուր գետ։ Հասարակության ներսում այնպիսի զգացողություն կար, որ դա [պատերազմը] արդեն հետևում է։ Մենք հավատում էինք, որ ունենք բավարար ռեսուրսներ՝ դիմակայելու ադրբեջանական որևէ հնարավոր հակահարձակման»,– ասում է Արցախի խորհրդարանի փոխնախագահ (2005-2020) Վահրամ Բալայանը։[10]

Ադրբեջանն արագ զինվում էր, և 2006-ին նրա պաշտպանական բյուջեն առաջին անգամ գերազանցեց 1 մլրդ դոլարը։[11] «2013-ին մենք զգում էինք, որ հավասարակշռությունը փոխվում է, որ ադրբեջանցիները մեծ քանակությամբ զինտեխնիկա են գնում»,– ասում է Էդիկ Բաղդասարյանը:[12] Միաժամանակ, սկսած 2012-ից, առաջնագիծը գնալով ավելի անկայուն էր դառնում, և ամեն տարի Ադրբեջանը սկսում էր ավելի ու ավելի հանդուգն հարձակումներ ձեռնարկել:

Ռազմավարական մտածողություն

Ադրբեջանի՝ վերազինման բազմածավալ քայլերի նկատմամբ հակաքայլերի բացակայությունը, տարածաշրջանային և միջազգային քաղաքական տեղաշարժերի նկատմամբ ուշադրությունը և հարմարվողականությունը կարծրացած էին հայկական ստատիկ մտածողության մեջ, ինչը բխում էր ստատուս քվոն հավերժ պահելու ռազմավարական ընտրությունից: Քաղաքական կարևոր որոշումները Հայաստանում ընդունվում են մերձավոր համախոհների նեղ շրջապատում, որտեղ քննադատական ​​մտածողությունն ու բազմակարծությունը կառուցվածքային առումով բացառված են: Հայ քաղաքական գործիչները կարծում էին, որ հնարավոր է և ցանկալի է անվերջ պահպանել սառեցված հակամարտությունը։ Այս մտածողությունը հանգեցրեց քաղաքական, դիվանագիտական ​​և ռազմական առումներով ստատուս քվոն պահպանելու ռազմավարության: Ստատիկ այս մտածողությունը հանգեցրեց նաև պահպանողական բնազդների՝ խոչընդոտելով ստեղծարարությունն ու մշտապես փոփոխվող պայմաններին ​​հարմարվելը պայմաններում, երբ Ադրբեջանը հսկայական ջանքեր էր ներդնում ստատուս քվոն փոխելու համար:

Հայկական զինված ​​ուժերը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ի հայտ եկան որպես գյուղի և թաղամասի մակարդակով ստեղծված ինքնապաշտպանական ջոկատներ և 1992-ի ամառվա ռազմական անհաջողություններից հետո անցան Պաշտպանության պետական կոմիտեի կենտրոնացված ղեկավարության ներքո։ Ու ինչպե՞ս պատահեց, որ շարժունակ, ճարպիկ և արագ սովորող այս ուժերը վերածվեցին ծանր, կենտրոնացված, բյուրոկրատացված խորհրդային ոճի բանակի։ Ե՞րբ տեղի ունեցավ այս կերպափոխումը: Ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ ասիմետրիկ լուծումներ փնտրել Ադրբեջանի մարդուժի, զենքի և ռազմական պատրաստության առավելությունների նկատմամբ: Ինչո՞ւ հայկական կողմը պատերազմի ժամանակ չօգտագործեց իր առավելությունները՝ պաշտպանական դիրքերը, լեռնային տեղանքը, բուֆերային գոտին և այլն։

Հայկական զինված ուժերը չեն ուսումնասիրել իրենց պատմությունը՝ ինչպես են կռվել և հաղթել, երբեմն էլ ձախողվել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ «Հայկական ղեկավարությունը ո՛չ ուսումնասիրել է, ո՛չ էլ դասեր քաղել Ղարաբաղյան առաջին պատերազմի կոնկրետ մարտերից, օրինակ՝ 1992-ի Շուշիի ճակատամարտից», թե ինչպես ադրբեջանական ուժերից գրավվեց ռազմավարական այդ քաղաքը։[13]

«Մենք առաջին պատերազմի փորձը չուսումնասիրեցինք, [այն] չունեինք գրված ռազմական փաստաթղթերում։ (...) Բռնեցին սովետական կանոնադրությունները պատճենեցին, թարգմանեցին, բայց մեր ռազմական փորձը չմտավ դրա մեջ։ Մենք այդ հին ռուսական, սովետական դպրոցը վերցրինք, բայց նաև զարգացման տեմպ չապահովեցինք»,– ասում է Սուրեն Սուրենյանը, որը 2016-ին ծառայել է որպես ՊԲ Մարտական ​​պատրաստության բաժնի պետ, իսկ 2020-ին Քելբաջարում տեղակայված 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։[14]

Հայկական զինված ուժերի՝ խորհրդային ​​ոճի, վերից վար և ոչ ճկուն պահվածքի մեկ օրինակ է առաջնագծում ուժեր տեղակայելու համար երկար շարասյուների և ռազմական բեռնատարների օգտագործումը, երբ հակառակորդը լիակատար վերահսկողություն ուներ երկնքից, դիտարկում էր այդ տեղաշարժերը և կարող էր դրանք թիրախավորել մի քանի մեթոդներով: «Մեր կորուստների մեծ մասը, այսինքն՝ 4,200-ից 3,000-ը, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք ծանր բեռնատարներից կազմված շարասյուների մեջ էին»,– կարծում է Հայաստանի նախկին ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանը։ «Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում դադարեցվեց շարասյուներով անձնակազմի տեղափոխումը»:[15]

Ավելին, ստատուս քվոյի պահպանման հայկական քաղաքական դիրքորոշումը հանգեցրել էր ստատիկ պաշտպանության ռազմական համարժեքին խրամատագծերի տեսքով, որը հայտնի էր որպես «Օհանյանի գիծ»՝ բաղկացած ականապատ դաշտերի հետևում պաշտպանական խրամատների զուգահեռ շարքերից: Երկու պատերազմների միջև ընկած երկար տարիների ընթացքում, երբ Ադրբեջանն իր գերակա ռեսուրսներով ձգտում էր փոխել ստատուս քվոն և ռազմական միջոցներ էր փնտրում այդ նպատակին հասնելու համար, հայկական կողմը չափավոր բավարարվածությամբ պահպանում էր նվաճումները՝ իրեն ապահով զգալով խրամատների հետևում և չդրսևորելով նախաձեռնողականություն։

«Պատերազմի հայեցակարգը չափից ավելի էր կենտրոնացել ստատիկ պաշտպանության վրա: Պասիվ պաշտպանության այս դոկտրինի պատճառով զինվորները չէին կարող կռվել խրամատներից դուրս»։[16]

Ղարաբաղյան բանակի սպա Գրիգորի Սահակյանն ասում է. «Մեր քաղաքական առաջնորդներն իրենց տեսադաշտից դուրս էին թողել աշխարհաքաղաքական զարգացումները. նրանք չէին հետևում Սիրիայի, Իրաքի պատերազմներին և նրանց դասերը չէին կիրառում մեր ռազմական նախապատրաստության մեջ»։[17] Նա նշում է, որ հայկական զինված ուժերն ամբողջությամբ կառուցվել էին խորհրդային մոդելով. «Կրթական գործընթացը, պլանավորումը և գնումները հիմնված էին խորհրդային մոդելի վրա: Մեզ վիճակված էր ունենալու այս տեսակի բանակ, հետևապես չէինք կարող ունենալ այլ տեսակի մարտունակություն»:

Ավելին, հայաստանյան ղեկավարներն անտարբեր էին երկրի անմիջական հարևանությամբ տեղի ունեցող աշխարհաքաղաքական արագ տեղաշարժերի նկատմամբ։ «Թուրքական գործոնը Հայաստանում անտեսվում էր, ընդհուպ մինչև պատերազմից մի քանի օր առաջ։ Երբ նույնիսկ սեպտեմբերին (2020) մենք այդ հարցը բարձրացնում էինք (իշխանությունների մոտ), նրանք մեզ ասում էին՝ խուճապ մի՛ տարածեք»։[18]

Ցածր էր նաև հայ զինվորականների կոմպետենտությունը։ Մեր զրուցակիցներից մի քանիսն ասում էին, որ Հայաստանի կամ Ռուսաստանի ռազմական ուսումնարաններում իրենց ստացած ուսուցումն անբավարար էր կամ որ կարելի էր դիպլոմ գնել առանց դասընթացների մասնակցելու: Ռազմական ավիացիոն ինստիտուտից մի սպա ասաց, որ. «Քիչ ուսանողներ կային, որ իրոք սովորում էին»։[19] Ոմանք էլ ասում էին, որ հնարավոր էր առանց դասերի հաճախելու ռուսական ակադեմիաներից զինվորական կոչումներ ստանալ։

Երբ Սեյրան Օհանյանին հարցրի, թե հայկական ուժերն արդյոք պատրաստ էին կռվել խրամատներից դուրս, նա ասաց. «Մենք մշակել էինք բոլոր սցենարները»։ Այնուհանդերձ, երբ ավելի ուշ նրան հարցրի, թե արդյոք կային հայկական ստորաբաժանումներ, որոնք քաղաքային միջավայրում մարտերի ​​պատրաստություն էին անցել և արդյոք կային Շուշիի պաշտպանության պլաններ, նա պատասխանեց. «Երբ ես նախարար էի, մենք Շուշին պաշտպանելու ծրագրեր չունեինք»։[20] Հայաստանի զինված ուժերը, այդ թվում՝ Ղարաբաղի պաշտպանության բանակը, քաղաքային միջավայրում կռվելու մարտական ​​պատրաստություն չէին անցել։

«Անկախությունից ի վեր Հայաստանը երկու սպառնալիք է դիտարկել՝ Ադրբեջանը, որին Հայաստանը կարծում էր՝ կառերեսվեր սեփական ուժերով։ Երկրորդ՝ Թուրքիան, որը կչեզոքացվեր Ռուսաստանի հետ դաշինքով։ Այս համակարգը գործեց մինչև 2020-ի հուլիսը։ 2020-ի սեպտեմբերին այն չգործեց»։[21]

Հայաստանի անվտանգության ռազմավարության ամենալուրջ բացը նրա դաշինքներն էին, ավելի ճիշտ՝ Ռուսաստանից անվտանգության կախվածությունը։ «Դեռ 2016-ից առաջ ՊՆ-ն գիտեր, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի առկայությունը ոչ թե Ղարաբաղը ադրբեջանական հնարավոր հարձակումից պաշտպանելու համար է, այլ Թուրքիայի ներգրավվածությունը թույլ չտալու»։ «Անհասկանալի էր մնում, սակայն, թե Ռուսաստանն արդյոք կհակադրվեր Թուրքիային, եթե նա հետագայում միջամտեր Ղարաբաղում»։[22] Հարցը, թե ինչպիսին կլիներ Ռուսաստանի դիրքորոշումը, եթե Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվեր Հայաստանի վրա, Մոսկվայի ղեկավարության հետ չէր պարզաբանվել։ Ռուսաստանը կհանդուրժե՞ր արդյոք երկրորդ պատերազմ Ղարաբաղում Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Սեյրան Օհանյանի խոսքով. «Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի խնդիրը եղել է Թուրքիայի հետ գլոբալ պատերազմում Հայաստանի Հանրապետությանն աջակցելը։ Իմ ժամանակ նախատեսված չի եղել, որ Թուրքիան կարող է որևէ մասնակցություն ունենալ Ղարաբաղում»։[23]

Բայցևայնպես, Ռուսաստանի նկատմամբ այս երկիմաստությունը և Հայաստանի կախվածությունը ռուսական անվտանգության հովանոցից ավելի շփոթեցնող է դառնում, եթե հաշվի ենք առնում, որ. «Ռուսաստանը Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարն է, որին հաջորդում են Իսրայելը, Ուկրաինան, Բելառուսը և դրանից հետո նոր միայն Թուրքիան»:[24] Ռուս-հայկական հարաբերությունների համեմատական որևէ ​​վերլուծություն, հատկապես, երբ այն դրվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ավելի լայն համատեքստում՝ հաշվի առնելով նաև ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգային կախվածությունը խնդրահարույց էր Երևանում 2018-ի վարչակարգի փոփոխությունից դեռ շատ առաջ։[25]

2016-ի դասեր

2016-ի ապրիլի 1-ին Ադրբեջանը լայնածավալ և անսպասելի հարձակում սկսեց երեք ճակատներով՝ Ղարաբաղի պաշտպանության դիրքերի վրա։ Առաջնագծի հյուսիս-արևելքում և հարավում ադրբեջանական նախնական ձեռքբերումներից հետո Ղարաբաղի հայկական ուժերին հաջողվեց վերախմբավորվել և կասեցնել գրոհը: Հակահարձակմամբ հաջողվեց հետ գրավել հյուսիսարևելյան Թալիշ գյուղը։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ստորագրված զինադադարի նոր համաձայնագրով դադարեցին մարտերը, որոնք ստացան «Քառօրյա պատերազմ» անունը՝ անավարտ գործողություն, որի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց պահպանել Թալիշին նայող բարձունքները և Ջաբրայիլի մոտ գտնվող Լելե Թեփե ռազմավարական բլուրը: Մարտերի ընթացքում երկու կողմից 350 զոհ եղավ։ Ադրբեջանը նաև բացահայտեց իր հավակնությունները և Ղարաբաղում մեծ պատերազմ սկսելու իր կարողությունը։ 2016-ի պատերազմը բռնկվեց Ադրբեջանում սոցիալ-տնտեսական ներքին դժվարությունների՝ 2014-ին նավթի գների կտրուկ անկման պայմաններում։

Ղարաբաղի պաշտպանության բանակի և հայկական բանակի համար ընդհանրապես 2016-ի պատերազմը հիանալի հնարավորություն էր գնահատելու սեփական թույլ կողմերը, վաղ ահազանգման համակարգի ձախողումը, զինված ուժերի պատրաստվածությունն ու համակարգումը, հատկապես՝ ադրբեջանական մարտավարությունն ու սպառազինությունը։ Կամիկաձե անօդաչուներն առաջին անգամ կիրառվեցին 2016-ին: Հետահայաց՝ այս ամենն արդեն հիմնականում կորսված հնարավորություն էր:

2016-ի ապրիլին հարավային ճակատ գնացած Սուրեն Սուրենյանը պատմում է. «Տեսա զորամասի անպատրաստ հրամանատար, որն ունակ չէր կառավարել, և նրա փոխարեն այդ տեղամասում ղեկավարությունն իր վրա էր վերցրել Արզումանյան Միշիկը՝ բանակի հրամանատարի տեղակալը։ Տեսա, որ մենք լավ հակահարված տվեցինք, արդեն տանկերը գնացին, որ վերականգնեն, սակայն հետևակը հետևից չգնաց։ Լելե Թեփե հասան տանկերը, թուրքերը արդեն փաստացի փախել էին, հետ էին գնացել։ Ու դա [Լելե Թեփեն]՝ մի քանի դիրքեր, այդպես էլ մնաց իրենց։ (...) Բայց Արզումանյանը լավ կազմակերպել էր հակագրոհը ու հրետանային հարվածները՝ գրոհի հրետանային նախապատրաստությունը»։[26]

2016-ի պատերազմից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների եզրակացությունները լի էին երկիմաստությամբ։ Անցկացված հարցազրույցներից զգացում կար, որ հայկական միացյալ զինված ուժերն ի վիճակի էին դիմակայելու ադրբեջանական լայնածավալ հարձակումներին։ Չորս օր տևած մարտերից հետո հայկական դիվանագիտության և ռուսական միջնորդությամբ կողմերը ձեռք բերեցին հրադադարի համաձայնություն։ Հայ ղեկավարների շրջանում մեծ էր ակնկալիքը, որ այս ձևաչափը (հաջող դիմադրություն, դիվանագիտական ​​ջանքեր և ռուսական միջնորդություն) կգործի ապագա ցանկացած լայնածավալ պատերազմում և որ նոր մեծ պատերազմ սկսելու Ադրբեջանի վճռականությունը որպես գաղափար իրականություն չէր դառնա։ Ակնհայտ էր, սակայն, որ Ադրբեջանն ուներ սպառազինության ավելի առաջադեմ համակարգեր, որոնք կիրառվել էին իրենց մահացու ազդեցությամբ։ Դիվանագիտական առումով, Հայաստանը համարեց, որ 2016-ի իրադարձությունները հանգեցրին իր դիրքերի ամրապնդմանը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին քննադատեցին ագրեսիայի համար։

Հայկական կողմը, սակայն, չկարողացավ ըմբռնել այն, որ դիվանագիտական ​​ուղին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, քայքայվել էր և մեծամասամբ կորցրել էր արդիականությունը: Այն այլևս զսպող գործոն չէր Ադրբեջանի համար, և համանախագահները նվազ ազդեցիկ էին դարձել, հատկապես, երբ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը սրվեց 2008-ի ռուս-վրացական պատերազմից և 2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո: Ամենակարևորը, հայ զինվորականները չկարողացան հետևություն անել, թե լայնածավալ հաջորդ պատերազմն ինչպիսին կլինի ու ինչ հակաքայլեր են հարկավոր դրա դեմն առնելու համար:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ «2016-ի պատերազմի արդյունքների առումով Հայաստանի զինված ուժերն ու դիվանագիտությունը համատեղ աշխատանքով գործունեություն կարողացան ծավալել ու արագ կերպով փորձեցին կանգնեցնել պատերազմը։ (...) ՀՀ զինված ուժերը կասեցրին այն խոշոր նպատակը, որ իրենց առաջ դրել էին ադրբեջանցիները․ իրենց նպատակն էր Ղարաբաղն ամբողջ խորությամբ ճեղքել»:[27]

2016-ի պատերազմից հետո հայկական կողմն ընդգծում էր իր ռազմական կարողությունները, որ կանխել էր Ադրբեջանի հետագա հարձակումը և նրան ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ու համաձայնել կրակի դադարեցմանը։ «Ադրբեջանը մեծ թվով զոհեր տվեց։ Հիմնական գործողությունն իրականացրել է Յաշման [Թուրքիայում վերապատրաստված ադրբեջանական էլիտար հատուկ ջոկատայիններ], և նրանք մեծ կորուստներ են տվել։ 2016-ին հրետանին մեծ աշխատանք է կատարել»՝ ադրբեջանական հարձակումները զսպելու և նրանց ուժերին վնաս հասցնելու գործում։[28]

«2016-ի պատերազմից հետո վստահություն կար բանակի և լայնածավալ հարձակումներին դիմակայելու նրա կարողությունների նկատմամբ»,– կարծում է Արցախի խորհրդարանի՝ 2005-2020 թվականների խոսնակ Աշոտ Ղուլյանը:[29]

Հայկական կողմը թերագնահատեց Ադրբեջանի վճռականությունը՝ իր ռազմական մեքենայի թուլությունները շտկելու լուծումներ փնտրելու առումով այն պարագայում, երբ հայկական զինված ուժերի բարեփոխումներն ու արդիականացման ջանքերը համեստ էին։ Հայկական կողմը նաև թերագնահատեց կարճատև, բայց ինտենսիվ պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրսները՝ համեմատած ինտենսիվ և շարունակական պատերազմի հետ, որը Ադրբեջանը կարող էր սկսել ապագայում: 2016-ից հետո հայ ռազմական պլանավորողները պատրաստվում էին հերթական «քառօրյա պատերազմին»։

«Հետահայաց՝ մենք սխալ եզրակացությունների էինք հանգել՝ պնդելով, թե Ադրբեջանը չի հասել իր առավելագույն նպատակներին, որ նրա հաջողությունները սահմանափակ էին։ Մենք չգնահատեցինք, որ Ադրբեջանը պատերազմի ռեպետիցիա է անում»։[30]

2016-ի պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով, թե ինչու հայկական ուժերը առաջադեմ սպառազինություն չէին գնել, օրինակ՝ ԱԹՍ-ներ, հետևյալ պատասխանն էր տվել. «Որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետև մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը ձեզ երևի որոշ բաների մասին ասում է»:[31]

Անկախ ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանի կարծիքով՝ 2016-ը ցույց տվեց, որ. «Մեր ռազմական միտքը հետ է մնացել»։ «Նրանք [Ադրբեջանը] ցույց տվեցին, որ պատրաստ են հարձակվելու, և ցույց տվեցին ռազմական դրոնների դերը»։[32]

Հայկական զինված ուժերը 2015-ին արդեն մշակել էին արդիականացման ծրագիր՝ 220 մլն դոլարին համարժեք զենք գնելով, որից 200 մլն-ը վարկ էր Ռուսաստանից։ 2016-ի պատերազմից հետո Հայաստանը ևս 100 մլն դոլարի գնումների փաթեթ ավելացրեց՝ դարձյալ ռուսական վարկով։ Արդիականացման այս ծրագիրը ներառում էր 6 Тор,[33] 6 Смерч,[34] ТОС,[35] նաև՝ ականանետներ և հաուբիցներ՝ իրենց համապատասխան զինամթերքով։ Այդ զինատեսակները մեծ քանակությամբ չէին, որպեսզի արդյունավետ լինեին։ Օրինակ` միայն Ղարաբաղի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կարիքները բավարարելու համար անհրաժեշտ էր ունենալ 18 Тор, գումարած՝ ցածր թռչող անօդաչուների համար ավելի էժան ՀՕՊ համակարգեր:[36] Միայն հրթիռային համակարգերի մասով համեմատելու համար նշենք, որ Ադրբեջանը 2011-ին կամ 2012-ին գնել է 40 Смерч համակարգ, 2016-ից առաջ էլ՝ 17 Tос, որոնք օգտագործվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ավելին, Ադրբեջանը 2011-ին գնել է թուրքական արտադրության 107 միավոր T-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 2016-ին՝ թուրքական արտադրության 20 միավոր TRG-300 Tiger, որը 300 մմ-ոց կառավարվող՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, 2018-ին՝ բելառուսական արտադրության չճշտված քանակի 300 մմ Полонез հրթիռային համակարգեր և նույն տարում LORA ճշգրիտ հրթիռներ Իսրայելից։[37] 2019-ին թուրքական ռազմական դպրոցներն ավարտած ադրբեջանցիների թիվն արդեն գնահատվում էր 18,000, ևս 350 ադրբեջանցի 2020-ին դեռ զինվորական կրթություն էր ստանում Թուրքիայում։[38]

Ադրբեջանում ամրապնդվել էին նաև առաջնագծի պաշտպանական կառույցները։ Դեռ 2016-ի ապրիլից առաջ սկսված ջերմատեսիլների տեղադրումն ավարտված էր առաջնագծի դիրքերի 80 տոկոսում։

2016-ի սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացված ռազմական շքերթին մի քանի նոր զինատեսակ ցուցադրվեց, այդ թվում՝ Искандер հրթիռներ և Бук[39] զենիթահրթիռային համալիրներ։[40] Այդ Бук-երը, ըստ ամենայնի, բերվել էին Գյումրիի ռուսական ռազմաբազայից, ներկվել հայկական գույներով, որպեսզի ցուցադրվեն Երևանում և վերադարձվեն ռուսական կողմին։ Այդօրինակ գործողությունները կարող էին առժամանակ գոհացնել հայ հանրությանը, բայց հետախուզական լուրջ կարողություններ ունեցող օտարերկրյա դիտորդների համար դա բացահայտելն ընդամենը օրերի խնդիր էր։ Այդ ժամանակ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ էր ժամանակակից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու համար և ի վերջո ընտրեց Тор-երը (կարճ հեռահարության), այլ ոչ թե Бук-երը (միջին հեռահարության):

«2016-ից հետո Ադրբեջանը հասկացավ հայկական պաշտպանության թույլ կողմերը, նաև այն, որ իր բանակը դեռ պատրաստ չէ։ Նրանք ավելի մեծ նշանակություն սկսեցին տալ հատուկ ջոկատայինների պատրաստմանը, նրանց թվաքանակի ավելացմանը»։[41] Նաև ձեռք բերեցին մեծ թվով ճշգրիտ զենքեր, այդ թվում՝ իսրայելական «երկիր-երկիր» դասի հրթիռներ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներ։

Դիվանագիտական ​​առումով Հայաստանի ղեկավարությունը համարում էր, որ իր դիրքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ամրապնդվել են։ «Եվ ապրիլյան պատերազմը ի վերջո ստիպեց համանախագահներին, որ շատ հստակ գան այն եզրակացության, որ այդ խնդիրը ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել։ Այսինքն, մենք վիժեցրինք Ադրբեջանի` 16 թվականի ապրիլի ծրագրերը։ Իսկ ռազմական գործողությունների ժամանակ ամենակարևորն այն է, թե արդյոք կողմերից մեկը կարողանում է իր, այսպես ասեմ, ծրագիրը իրականացնել, թե չի կարողանում»։[42]

2016-ից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ Ստեփանակերտ գնաց ապրիլի վերջին, ապա՝ հուլիսին։ Նրա հանդիպումների նպատակն էր Ղարաբաղի ղեկավարությանը տեղեկացնել ուժերի փոփոխվող հարաբերակցության և մեծացող ճնշմամբ Հայաստանին զիջումների մղելու մասին: «Նա դասախոսություն կարդաց Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական իրավիճակի, ուժերի հարաբերակցության, ռուսական և այլ ճնշումների աճի մասին։ Նա կոպիտ էր Արթուր Թովմասյանի հետ, որը հարցրեց, թե ինչ է ստանալու Ղարաբաղը ազատագրված շրջանները զիջելու դիմաց»։[43] Ղարաբաղի խորհրդարանի նախագահ (2005-2020 թթ.) և հանդիպումների մասնակից Աշոտ Ղուլյանի կարծիքով Սերժ Սարգսյանի ուղերձն այն էր, որ. «Իրավիճակը փոխվում է, և մենք մեր միջոցներով չենք կարող պահպանել ստատուս քվոն»։ «Մեր հարցն էր՝ եթե մենք հինգ տարածքները հետ տանք, դրա դիմաց Ադրբեջանը մեզ կայունություն կտա՞։ Մինչև 2020-ը, ինչպես այսօր, Ադրբեջանը զիջումներ էր պահանջում, բայց դրա դիմաց պատրաստ չէր որևէ բան տալու»։[44]

Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը Ստեփանակերտ գնացել էր ղարաբաղցի պատգամավորներին փոխզիջման անհրաժեշտության մասին ոչ թե համոզելու, այլ տեղեկացնելու։ «Հարցին, թե ես ոնց եմ տեսնում խնդրի լուծումը, ասել եմ շատ պարզ՝ էս խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ (...) Երբ այնտեղ պատգամավորներից մեկ-երկուսը, թե ինչպես պիտի այդ հողերը հանձնենք և այլն, ո՞րն է ձեր նպատակը… ես ասել եմ՝ իմ նպատակը մեկն է, որ հանկարծ էնպես չպատահի, որ բոլորս հավաքվենք Երևանում և սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել, ինչպես երգում ենք «Ղարս, Ղարս»։ Իսկ ինքը շո՞ւռ է տվել այդ ամբողջը՝ իբր ես գնացել եմ ասել, որ պետք է զիջումների գնանք։ Արդյո՞ք իմ ասածը զիջումների գնալու մասին է։ Ես ինչո՞ւ պիտի Ղարաբաղի դեպուտատներին ասեմ՝ գնանք զիջումների, եթե Ադրբեջանը չէր համաձայնել։ Եթե Ադրբեջանը համաձայներ, հո էդ պատգամավորնե՞րը չպիտի որոշեին, որ մենք դա անում ենք, թե չէ (կարճ ծիծաղ)»։[45]

Ստեփանակերտում պայմանավորվածություն է ձեռք բերվում շարունակել քննարկումները, սակայն 2016-ի հուլիսի 17-ին՝ Սերժ Սարգսյանի Ստեփանակերտ կատարած երկրորդ այցի ժամանակ «Սասնա ծռերը» Երևանում գրավեցին ոստիկանության պետական պահպանության ծառայության գունդը, և Սարգսյանն անհապաղ վերադարձավ Երևան։ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ «քննարկումն ընդհատվեց, այն այլևս չվերսկսվեց»։[46]

Արտաքին հետախուզության բացակայություն

Հայաստանը չուներ արտաքին հետախուզություն, որի վրա կարող էր հույս դնել, ու սա ևս պարտությունների հանգեցրած հիմնական ձախողումներից է: Ինչպես 2016-ին, այնպես էլ 2020-ին հայկական ուժերը անակնկալի էին եկել. թեև 2016-ին նրանք գիտեին, որ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, բայց չգիտեին, որ դրանց կարող է հետևել լայնածավալ հարձակում։ Նույնը վերաբերում է 2020-ին. թեպետ հայտնի փաստ էր, որ հուլիսյան զորավարժություններից հետո թուրք զինվորականները մնացել էին Ադրբեջանում, որ սիրիացի վարձկաններ էին բերվում, իսկ բաց աղբյուրները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում առաջնագծում,  Հայաստանի ղեկավարությունը չգիտեր ակնկալվող հարձակման պահի, ուղղությունների ու ծավալների մասին: Հայաստանի անվտանգության ապարատը ոչ միայն տեղեկատվության հավաքագրման, այլև տեղեկությունների վերլուծության խնդիր ուներ։ Երկու դեպքում էլ Հայաստանի ռազմական ղեկավարությունը մտածում էր անցյալի սցենարներով, այլ ոչ թե որակապես այլ պայքարի հնարավորության մասին։

Հայաստանը չուներ նաև արտաքին դաշնակից, որը բարձր մակարդակի անվտանգության տեղեկատվություն կհաղորդեր սպասվող վտանգների մասին: Արտաքին հետախուզության ոլորտում Հայաստանը ոչ միայն չուներ անհրաժեշտ ինստիտուտներ, այլև արտաքին աշխարհից մեկուսացած վիճակում էր։

«Մենք միշտ գիտեինք, որ նոր պատերազմ է լինելու, բայց 2016-ին մենք զարմացանք»։[47]

Հայաստանի անվտանգության բարձրաստիճան մի պաշտոնյայի ես հարցրի, թե նա երբ իմացավ, որ 2020-ին պատերազմ է սկսվելու։ Պատասխանը հետևյալն էր. «Մենք տեղեկություններ ունեինք էսկալացիայի հնարավորության մասին։ Գլխավոր շտաբի գնահատականն այն էր, որ մեծ պատերազմի վտանգ չկա։ Պատերազմի վտանգի մասին արտաքին տեղեկատվություն չունեի»։ «Հայաստանը չուներ արտաքին հետախուզական գործակալություն, իսկ առաջին երեք նախագահների օրոք այդ փորձերն արժանացել էին Ռուսաստանի հակադրությանը։[48] Դժվար է պատկերացնել պետություն, որը չունի իրեն պաշտպանելու գործիքներ, որոնցից առաջինը արդյունավետ հետախուզական ծառայություններն են։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հետախուզական ծառայությունները զբաղվում էին բացառապես ներքին հարցերով։ Ինչպես ցույց են տալիս 2016-ի և 2020-ի պատերազմները, Հայաստանը չի ունեցել հուսալի արտաքին գործընկեր՝ բարձր մակարդակի արտաքին հետախուզություն ստանալու համար։

Նույն իրավիճակն էր 2020-ի պատերազմից առաջ, երբ Հայաստանի ռազմական ղեկավարությանը տեսանելի չէր առաջնագծի մյուս կողմը։ Նիկոլ Փաշինյանն  ասում է, որ 2020-ի սեպտեմբերի 25-ին, չնայած հետախուզական կոնկրետ տվյալներին, գլխավոր շտաբը պատերազմի հավանականությունը 30 տոկոս է գնահատել.  «Կարծում եմ, որ այստեղ է խնդիրը։ Բայց այստեղ շատ էական դեր է կատարել այն, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ասել են, որ եթե դուք պրովոկատիվ քայլեր չանեք, պատերազմ չի լինելու»։[49]

Երբ վարչապետին հարցրի՝ արդյոք կային պետական այլ մարմիններ, որոնք կարող էին այլընտրանքային վերլուծություն ներկայացնել, ասաց. «Պատասխանը կարճ է՝ ոչ»։[50]

Թավշյա հեղափոխություն՝ 2020-ի պատերազմի արագացուցիչը

Հայաստանում վարչակարգի փոփոխությունը սկիզբ դրեց «նախկինների» և «նորերի» միջև միջէլիտար սուր պայքարի։ 2018-ից հետո իշխանությունը նոր կորցրած, ներքաղաքական հարցերում վարկաբեկված հին վարչակարգի անդամները սկսեցին քննադատել նոր կառավարիչներին Ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց հետագծի համար՝ Փաշինյանին մեղադրելով, որ իշխանության է եկել «հողերը հանձնելու համար»։ Սա Ղարաբաղյան հակամարտությունը՝ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական խնդիրը, դարձրեց կատաղի ներքին բախումների առարկա։ Քանի որ հին վարչակարգի ներկայացուցիչները հեղափոխականներին մեղադրում էին Ղարաբաղի հարցում փոխզիջումների և «հողեր հանձնելու» մտադրության մեջ, նոր վարչակազմը վախենում էր, որ Ղարաբաղի ղեկավարությունը և բանակը կարող են օգտագործվել իրենց տապալելու համար: Խոր անվստահություն կար ոչ միայն նախկին երկու նախագահների և 2018-ից հետո եկած վարչակազմի, այլև Երևանի ու Ստեփանակերտի միջև։ Այս անվստահությունը հաճախ դավադիր չափերի էր հասնում։ Ահա թե ինչ է ասում Վիտալի Բալասանյանը 2018-ի հեղափոխությունից հետո իրավիճակի մասին․ «Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, արդեն իսկ ես՝ որպես ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, բացեիբաց, բարձր տեքստով, իմ հարցազրույցներում, Անվտանգության խորհրդի նիստերում ասում էի, որ սա մեզ տանում է դեպի պատերազմ։ Բացահայտ քննադատում էի Նիկոլ Փաշինյանին և իր ներկայությամբ։ Եղել են Անվտանգության խորհրդի նիստեր՝ և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, համատեղ նիստ էլ է եղել, ես բարձրաձայն ասել եմ։ 2020-ի հուլիսի դեպքերին, երբ Տավուշում տկլոր խրամատը գրավեցին, այդ ժամանակ էլ եմ բարձրաձայն ասել՝ սա բանակցություններին այլընտրանք չի թողնում Ադրբեջանին, սա բերելու է պատերազմի։ Համոզված եմ, որ դա միտումնավոր է արված։ Նիկոլի կանտորան ղեկավարվում է դրսից՝ Արևմուտքից։ Դա փաստ է»:[51]

Ուշագրավ է, որ 1988-1990 թվականներին հայկական խորհրդային հին նոմենկլատուրան նախընտրեց չդիմադրել համաժողովրդական՝ Ղարաբաղյան շարժմանը և խուսափեց Հայաստանում ներքին բախումներից՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի և Վրաստանի։ 2018-ից հետո տեղի ունեցած ներքին քաղաքական գզվռտոցը, որն ուղեկցվում էր հակակոռուպցիոն արշավով, հանգեցրեց նախկին առաջնորդների դեմ պայքարի, այդ թվում՝ զինվորականների, ինչը էլ ավելի թուլացրեց Հայաստանի պետական ​​ինստիտուտները:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ նոր թիմ եկավ իշխանության։ Հայաստանում դա մեծ ոգևորություն էր բերել, իսկ Ղարաբաղում՝ թերահավատություն: Սուրեն Սուրենյանի խոսքով՝ 2018-ից հետո հեղափոխության տարում «ամառային զորակոչը համարյա 1,5 անգամ ավել եկավ»։ «Ոգևորություն կար։ Սնունդը փոխելը, թեկուզ Վիգեն Սարգսյանի սկսածն էր, դրական էր։ Ինքը [Նիկոլ Փաշինյանը], որ ասում է՝ ինչ ուզել, առել են, ես փողը տվել եմ, ճիշտ է ասում»։[52]

Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ես ըստ էության ո՛չ պաշտպանության  նախարարի, ո՛չ նախարարի տեղակալների, ո՛չ ՊՆ-ի համակարգում զինվորականների կադրային փոփոխություններ չեմ արել։ Եվ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և հեղափոխության պահին եղել է արտակարգ իրավիճակների նախարար։ Այսինքն, մեր ընկալումը եղել է այն, որ հեղափոխությունը վերաբերում է այդ հեղափոխական տրամաբանության ամեն ինչին՝ բացի բանակից, որովհետև բանակն առանձին թեմա է, և բանակի հետ պետք է լինել շատ զգույշ և շատ նուրբ»։[53]

Պետական համակարգում, այդ թվում բանակում կոռուպցիան բանավեճի հիմնական թեման էր: Կոռուպցիան ոչ միայն թուլացրել էր զինված ուժերը, նրա արհեստավարժությունն ու մարտունակությունը, այլև դարձել նոր ղեկավարների և բանակի բարձրագույն օղակների միջև քաղաքական պայքարի առանցքային թեմա։ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բանակում առկա կոռուպցիային, ասում է. «Բանակում կոռուպցիոն ռիսկերը շատ չնչին էին, շատ։ Նիկոլ Փաշինյանը դա մատի փաթաթան է սարքել։ Դա կեղծ օրակարգ է, թե բանակում կոռուպցիա ու կաշառակերություն կա։ Բանակում միշտ էլ պայքարել են դրանց դեմ, ու բանակի միջոցների վատնման պրոցեսը նույնիսկ 5 տոկոսը չի անցել, 3 տոկոսի չափ կարող էր լինել»։[54] Կոռուպցիան, այնուամենայնիվ, չի սահմանափակվել միայն պաշտպանական բյուջեի յուրացումներով։ Բալասանյանի խոսքով՝ մեկ այլ կարևոր խնդիր էր «զինվոր ծախելը»,[55] այսինքն՝ նորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելը՝ վերադաս սպաներին անօրինական կանխիկ գումարի դիմաց, ինչը տարածված պրակտիկա էր Ղարաբաղում ու, առավել ևս, Հայաստանում։

Մեկ այլ հարց, որ բարձրացվում է 2020-ի պատերազմից հետո, վերաբերում է Հայաստանի սպառազինության գնումներին։ Դրանք ծանր և ժամանակատար գործընթացներ են, որոնք ենթադրում են զենքի համակարգերի պլանավորման, պատվիրման, արտադրության և առաքման փուլեր: Հայաստանի զինված ուժերն ունեին 5-ամյա պլան, որ մշակվել էր 2015-2020 թվականների համար։ 2016-ի պատերազմն այդ պլանում կարևոր փոփոխություններ մտցրեց։ 2018-ի իշխանափոփոխությունից հետո արդեն վերանայված պլանում փոփոխություն մտցվեց։ «Երեք տարվա ընթացքում մենք երեք փոփոխություն ունեցանք», ինչը ևս, բնականաբար, անորոշություններ առաջացրեց։[56] Թեև 2018-ից հետո պաշտպանական բյուջեն մեծացավ, սակայն դրանում ներառվել էին այնպիսի վիճահարույց տողեր, ինչպիսին ռուսական ժամանակակից Су-30СМ կործանիչների գնումն էր, որոնց միավորի արժեքը 25 մլն դոլար է։ Ինչպես Լեոնիդ Ներսիսյանն է ասում՝ չափազանց արժեքավոր «ոսկե հավկիթներ», որ շատ թանկ էին ու շատ քիչ իրական մարտերում կիրառելու համար:[57] Ռուսաստանից Су-30СМ ինքնաթիռներ գնելը «քաղաքական որոշում չէր»։ «Պաշտպանության նախարարությունում կար մի խումբ, որը լոբբինգ էր անում Су-30-ների համար, և կար խումբ դրանք գնելու դեմ։ Су-30-ների մասին որոշման կողմնակից է եղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։[58]

Հայաստանի նոր ղեկավարությունը հին վարչակազմից փորձե՞լ է արդյոք հասկանալ ղարաբաղյան բանակցությունների վիճակը,Սերժ Սարգսյանի կամ նրա թիմի կողմից որևէ փոխանցում եղե՞լ է, թե՞ ոչ։ Փաշինյանն ասում է, որ չի եղել փոխանցում, և ինքն է հանդիպում նախաձեռնել նախկին արտգործնախարարի հետ. «Էդուարդ Նալբանդյանի հետ մի հանդիպում եմ ունեցել, և երկրորդ հանդիպումը չեմ ունեցել։ Ինչո՞ւ. որովհետև ես տեսել եմ, որ Էդուարդ Նալբանդյանը խոսում է այնպես, ինչպես խոսում էր այն ժամանակ, երբ ես պատգամավոր էի»։[59]

Երբ Սերժ Սարգսյանին հարցրի, թե 2018-ի հեղափոխությունից հետո արդյոք փորձել է հանդիպել նոր վարչակազմին՝ նրանց տեղեկացնելու ղարաբաղյան բանակցությունների իրավիճակի մասին, պատասխանեց. «Հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ մեր կողմից պիտի լիներ, եթե իրենք մեզ ընդունում էին որպես թշմնամի։ Բայց հրապարակավ բազմաթիվ անգամ մենք ասել ենք։ Այդ մարդիկ տեղյակ չեն եղել բանակցային պրոցեսից։ Ընդամենը 15 րոպե լսել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Նրանք մինչև հիմա ինձ ուղղակի թշնամի են համարում։ Այսինքն, ես ինչի՞ համար իրենց դիմեմ։ Դրա համար կա հրապարակային խոսք, և «հրապարակում» բազմաթիվ անգամ ասել ենք։ Բայց այդ մարդը, ես չեմ հիշում արդեն, 18 թվականին էր կարծեմ, ասել էր, որ ինքը իր կետից է սկսելու, ոչ թե իմ թողած ժառանգությունից։ Եթե հրապարակավ այդպես է ասում, իմաստը ո՞րն էր, որ ես բան անեմ, դեռ մի հատ էլ խնդրեմ, որ ինքը ինձ ընդունի»։[60]

«Ավելին, ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ այո՛, ինքը մեծ պրոբլեմներ է հարուցելու Ղարաբաղի համար։ Ես դա ասել եմ իմ ընկերներին, ես դա ասել եմ  Ղարաբաղի նախագահին, Ղարաբաղի ղեկավարությանը։ Այդպես չստացվե՞ց։ Այսինքն, եթե դուք համարում եք, որ ընդդիմությունը պիտի համերաշխություն ստեղծի, որևէ տեղ նման բան տեսե՞լ եք։ Համերաշխություն ստեղծողները իշխանություններն են»։[61]

«Մյուս բոլոր հարցերում մենք կարող ենք քաղաքական տարակարծություններ ունենալ, բայց երկրի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովումը միակ կետն է, որտեղ ի՞նչ տարընթերցման մասին է խոսքը»։[62]

2018-ից հետո իշխանություններին ուղղված մեղադրանքներից մեկն այն է, որ նրանք հեռացրել էին ամենափորձառու ռազմական հրամանատարներից մի քանիսին։ «Ինչի՞ համար փոխեց գլխավոր շտաբի պետին՝ Մովսես Հակոբյանին, ինչի՞ համար փոխեց ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին, որը 2016-ի պատերազմի փորձ ուներ։ Ինչո՞ւ չսպասեց պատերազմը լինի, և բանակի պատասխանատուները կռվեն։ Նշանակեց եսիմ ում, մի հատ ստից գեներալ՝ գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյան, որը ոչ մի փորձ չունի։ Էնտեղ նշանակեց Ջալալ Հարությունյանին, որն ընդհանրապես փորձ չունի»։[63] Այնուամենայնիվ, այդ փոփոխությունները տեղի ունեցան 2018-ի իշխանափոփոխության համատեքստում, երբ Ղարաբաղի որոշ առաջնորդներ հակոտնյա դիրքորոշումներ էին ընդունել Երևանի նոր վարչակազմի նկատմամբ:[64] Բացի այդ, 2018-ից հետո ղեկավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել էր գլխավոր կարգախոս։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 2019-ի հունվարին Նիկոլ Փաշինյանն այցելեց Գլխավոր շտաբ՝ բացատրելով, թե ուր է հասել բանակցային գործընթացը։ Նա ասաց. «Պատերազմ չունենալու գինը հինգ շրջանները վերադարձնելն է [առանց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ինքնորոշումը ճանաչելու հայկական նախապայմանի]։ Ես կարող եմ մերժել այն, եթե կարողանամ ապավինել ձեզ: Զինվորականության պատասխանն էր՝ մենք պատրաստ ենք մեր առաքելությանը»։[65]

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ինքը զինվորական վերնախավի հետ կանոնավոր հանդիպումներ է ունեցել. «Ես բանակի ղեկավարության հետ անընդհատ եմ մեծ հանդիպումներ ունեցել։ Սա կարևոր արձանագրում է՝ 2018-ից սկսած՝ իմ շփումները բանակի ղեկավարության հետ եղել են անընդհատ։ Եվ եղել են մի միջավայրում, որ նախորդ շրջանում, հիմա չեմ հիշի երբվանից, բայց ըստ էության 1994-1995 թվականից հետո բանակի սրբագործման որոշակի համակարգ է աշխատել, այսինքն՝ կոնտեքստը եղել է այնպիսին, որ Հայաստանում բանակը սրբացվել է։ (...) իմ վերաբերմունքն էլ բանակի նկատմամբ, պիտի խոստովանեմ, եղել է վստահություն, բացարձակ վստահություն (...), բանակը ինչ ուզում է, մենք բանակին տալիս ենք»։[66]

Առաջնորդության ճգնաժամ Հայաստանում և Ղարաբաղում

Հայաստանում վարչակարգի փոփոխությունը որակական փոփոխություն բերեց նաև Երևանի ու Ստեփանակերտի հարաբերություններում. մինչև 2018-ի ապրիլը Հայաստանի նախագահները երկու տասնամյակ առձեռն կառավարում (միկրոմենեջմենտ) էին Ղարաբաղը ոչ միայն նրա արտաքին քաղաքականության, պաշտպանության ու բյուջեի մասով, այլև ներքին կադրային հարցերում: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը փոխեց այս հարաբերությունների բնույթը, քանի որ Հայաստանի իշխանությունները որոշումներ կայացնելու կարևոր դերակատարություն վերապահեցին Ղարաբաղի ղեկավարությանը։ Նույնը թերևս տեղի ունեցավ Երևանում․ 2018-ին ձևավորված իշխանությունը, ռազմական հարցերում չունենալով գիտելիքներ, շատ բան պատվիրակեց Գլխավոր շտաբին։ Խնդիրն այն էր, որ Ղարաբաղի քաղաքական վերնախավն արդեն սովոր էր հույսը դնել Երևանի վրա և ունակ չէր ո՛չ ինքնավարության, ո՛չ էլ կարևոր որոշումներ կայացնելու: Ղարաբաղում առաջնորդության այս բացը լուրջ հետևանքներ էր ունենալու 2020-ին և 2023-ին։

Մեր զրուցակիցներից մի քանիսը քննադատում են քաղաքական և ռազմական պաշտոնյաներին առաջնորդի որակներ չունենալու համար. վարչապետ Փաշինյանին՝ նախապատերազմյան անփույթ դիվանագիտության, ​​ներքաղաքական պոպուլիստական խոսույթը ազգամիջյան բորբոք հակամարտությունը կառավարելու հրամայականների հետ խառնելու, իսկ ավելի ուշ՝ պատերազմի ժամանակ երկիրը ղեկավարելու սխալների համար։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին քննադատում են անհրաժեշտ բոլոր ուժերը համախմբել չկարողանալու կամ 2020-ի նոյեմբերից մինչև Ղարաբաղի անկումը առաջնորդական որակներ չցուցաբերելու համար։ Նմանապես, Ջալալ Հարությունյանին քննադատում են որպես մի հրետանավորի, որը չուներ ռազմական հմտություններ և առաջնորդական որակներ՝ պատերազմ ղեկավարելու համար։

Առաջնորդական հմտությունների այս բացը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակվա հայ քաղաքական և ռազմական առաջնորդների որակների համեմատությամբ, կառուցվածքային խնդիրների արդյունք էր: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի երկու տասնամյակների նախագահության ընթացքում Ղարաբաղի քաղաքական, ռազմական և վարչական հարցերը առձեռն կառավարվում էին Երևանից։

Հայաստանում 2018-ի իշխանափոխությունը խզեց Երևանի և Ստեփանակերտի քաղաքական պատասխանատուների միջև վաղուց հաստատված կապերը, որոնք հիմնված էին ոչ թե ինստիտուցիոնալ ընթացակարգերի, այլ գլխավորապես անձնական կապերի և վստահության վրա: Նույն կերպ խաթարվեց արտաքին դերակատարների հետ հաղորդակցությունը։ Ներքին ասպարեզում նոր ղեկավարությունը չուներ զինվորականների հետ անմիջականորեն աշխատելու Սերժ Սարգսյանի մոտեցումը։ Փաշինյանի վարչակազմը, ընդհակառակը, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ռազմական ղեկավարությանը որոշումներ կայացնելու ավելի լայն լիազորություններ վերապահեց՝ ոչ թե որ այդպիսին էր նրա մոտեցումը, այլ պարզապես՝ նոր թիմը չուներ Սերժ Սարգսյանի և նրա վարչակազմի՝ բանակը առձեռն ղեկավարելու փորձը։ Իսկ զինվորականությունը նախագահական գրասենյակի կողմից երկու տասնամյակի սերտ ղեկավարումից հետո առաջնորդություն ստանձնելու կարողություն չուներ։ Արդյունքն այն էր, որ 2020-ին պատերազմը վարող հստակ առաջնորդ չկար։ Ռազմական և քաղաքական բազմաթիվ նախկին առաջնորդներ մտնում էին «բունկեր» (Ստեփանակերտում բանակի օպերատիվ կառավարման կենտրոնը), խորհուրդներ տալիս ու գնում՝ տպավորություն թողնելով, որ հրամանատարությունն անհստակ է, իսկ մարտադաշտում՝ տարերային միջավայր։ Օրինակ, թեև հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր՝ Ջաբրայիլի հակահարձակումը, ըստ պնդումների, հղացել և պլանավորել է Սամվել Բաբայանը, որը ղարաբաղյան ուժերի ընդհանուր հրամանատարը չէր, չէր տիրապետում ամբողջ տեղեկատվությանը և չէր կրում հարձակման արդյունքի պատասխանատվությունը։

«Ղարաբաղի ղեկավարները որոշումներ կայացնելու իրավասություն չունեին։ [Դրա համար] հույսը դրել էին Երևանի վրա, Ռուսաստանի վրա»։[67] 2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները Ղարաբաղի ղեկավարությանը որոշումներ կայացնելու ավելի լայն հնարավորություն տվեցին, այդ թվում՝ 2020-ի պատերազմի ժամանակ։ «Բայց Ղարաբաղի ղեկավարներն այլևս սովոր չէին նախաձեռնողականության»:[68] Ղարաբաղը ղեկավարվում էր Երևանից, այդ թվում՝ ռազմական առումով ու անգամ 2020-ի պատերազմից հետո, թեև մանրամասնորեն կառավարելու Սերժ Սարգսյանի ժամանակվա փորձն այլևս անհնար էր։ Մինչև Ղարաբաղի անկման վերջին օրը Պաշտպանության բանակը Երևանի գլխավոր շտաբի ենթակայության ներքո էր՝ աղետալի արդյունքով։

«[Պատերազմի] Նախորդ օրը hետախուզության ղեկավարը հաղորդում է Ջալալ Հարությունյանին, որ վաղը լայնածավալ պատերազմ է սկսվելու։ Հարությունյանը հրաժարվում է ստորագրել զեկուցագիրը (այն հաստատելու համար) և հետ է ուղարկում։ Նա (Ջալալ Հարությունյանը) հրետանավոր էր, լայնածավալ պատերազմ վարելուն պատրաստ չէր»։[69] Այնուամենայնիվ, առաջնորդության խնդիրը ոչ միայն քաղաքական և ռազմական ուղղահայացի վերևում էր, այլև հրամանատարական ամբողջ շղթայում:[70] Բանակի բյուրոկրատացումը այն դարձրել էր ծանրաշարժ մի կառույց. «Բանակը բուրգ է՝ ներքևում շատ մարդ պիտի լինի, վերևում քանակը քչանա։ Մենք հակառակն ենք արել․ ղեկավար կազմը քառապատիկ շատ էր»։[71]

Իշխանությունները և ընդդիմությունը (որը պատերազմից ընդամենը երկու տարի առաջ առանցքային քաղաքական և ռազմական պաշտոնների պատասխանատուն էր) աղետի պատասխանատվությունը դնում են մեկը մյուսի վրա: Այս իրավիճակը վկայում է այսօր Հայաստանում առաջնորդության ճգնաժամի մասին։ Այս ամենից ելքը ներքին լարվածության թուլացումն է, անկախ, պրոֆեսիոնալ, ոչ քաղաքական հետաքննող հանձնաժողովի ստեղծման շուրջ պայմանավորվելը, որի նպատակը ոչ թե պատրվակ գտնելը կլինի, այլ ձախողման պատճառները հասկանալը, ինչը կօգնի հստակեցնել Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտ հետագա քայլերը։

Դիվանագիտություն և պատերազմ

Մեկ այլ խնդիր, որի համար հաճախ մեղադրում են Հայաստանին և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոշտ դիրքորոշումն է Ղարաբաղի հարցում։ Մասնավորապես, 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում նրա ելույթը, որտեղ ասաց. «Արցախը Հայաստան է և վերջ»։[72] Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Եթե բանակցությունները շարունակվեին, 20 թիվ չէր լինի»։[73] Նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն, չի կարծում, որ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, այդ թվում՝ մեջբերվածը, հարուցել կամ արագացրել են պատերազմը։ «Պնդումները, որ վարչապետն ասաց ««Արցախը Հայաստան է և վերջ», ու դա հանգեցրեց պատերազմի, լուրջ չեն»։ Մնացականյանն ասում է, որ Թավշյա հեղափոխությունից և 2018-ի մայիսի 12-ին իր նախարար նշանակվելուց հետո Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​շփումները շարունակվել են։ «Փաշինյանը պատրաստ էր առաջընթաց արձանագրել խնդրի կարգավորման համար։ Սա ասելով՝ կարևոր է հաշվի առնել անցյալի փորձը և առաջընթացի ճանապարհին Ադրբեջանի հարուցած խոչընդոտները, որ եղել են բազմաթիվ անգամ, այդ թվում՝ 2011-ին Կազանում: Հետևաբար, պնդումները, թե առաջընթացը ամբողջովին կախված էր հայկական կողմի զիջումներից, ակնհայտ սխալ են: Մեր ուշադրության կենտրոնում էր կայուն և հավասարակշռված փոխզիջում կառուցելը, ավելի ճիշտ՝ գոյություն ունեցող առաջարկների ճարտարապետության շրջանակում այդ նպատակին հասնելու դինամիկան ստեղծելը»։[74] Մնացականյանն ընդգծում է դրական զարգացումները, այդ թվում՝ «վստահության ամրապնդման համաձայնության» շրջանակում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման պայմանավորվածությունը և լրագրողների փոխանակումը՝ որպես «խաղաղության համար նպաստավոր միջավայր» ստեղծելու ջանքերի մաս։

«Բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում որևէ նախանշան չի եղել, որ մենք դուրս ենք եկել ընթացքից։ 2020-ի սկզբին՝ COVID-19-ի բռնկումից անմիջապես առաջ, մենք ունեցանք մեր վերջին դեմ-առ-դեմ բանակցությունները։ Այնուհետև մենք կենտրոնացած էինք հաջորդ պլանավորված հանդիպման (ի սկզբանե՝ նախատեսված մայիսին) ժամանակը և վայրը որոշելու վրա՝ համավարակի մեզ պարտադրած անորոշության պայմաններում՝ արգելափակումների և ճանապարհորդելու անհնարինության պայմաններում։ Մեզ հաջողվեց երկու տեսակոնֆերանս անցկացնել, որոնք, իհարկե, նույնը չեն, ինչ դեմ-առ-դեմ ուղղակի բանակցությունները»,– ասում է Մնացականյանը։

Հայ դիվանագետները, վարելով բանակցություններ, իրական պատկերացում չունեին Հայաստանի ռազմական կարողությունների մասին։ Նրանք նույնիսկ կանոնավոր շփումներ ու հաղորդակցություն չեն ունեցել ռազմական կառույցի հետ՝ հասկանալու զինված ուժերի ներսում առկա բանավեճերն ու համակարծությունները։ Սա ուշագրավ է, քանի որ դիվանագիտության դերը թուլանում էր տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ արմատական ​​փոփոխություններից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներն ի վիճակի չէին միասնաբար հանդես գալու հակամարտության կարգավորման համար և նրանց դերը հանգել էր ընդամենը հակամարտության կառավարմանը: Նրանք չէին կարող կառավարել հակամարտությունը, եթե կողմերից մեկը նախընտրեր ռազմական լուծումը, ինչը և Ադրբեջանը ի ցույց դրեց 2016-ին։

Դիվանագիտությունն ի վերջո ձախողվեց, քանի որ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը ցանկանում էր ոչ թե բանակցային կարգավորում՝ փոխզիջումների և հակառակորդ երկու հարևանների միջև վստահության ձևավորման միջոցով, այլ խնդրի լուծում ռազմական ճանապարհով: Հայաստանի դիվանագիտական ​​ռազմավարության հիմքում Բաքվի կողմից Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու դիմաց նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ադրբեջանական օկուպացված տարածքների փոխանակումն էր՝ Ղարաբաղի հետ ցամաքային կապով: Այն, ինչ տեղի էր ունենում Կազանի ձախողումից հետո, ոչ թե բանակցություններ էին հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման նպատակով, այլ հանդիպումներ՝ հակամարտությունը վերահսկողությունից դուրս չթողնելու համար: 2020-ի ամռանը տավուշյան իրադարձությունները դարձան անխուսափելի պատերազմի ձգանը։

Հարցին, թե արդյոք հուլիսյան դեպքերը խանգարեցին, որ հայկական քաղաքական և ռազմական ղեկավարությունն ավելի օբյեկտիվ գնահատի իրավիճակը, Փաշինյանի պատասխանը հստակ էր՝ «միանշանակ»։[75]

Ռուսաստանը 2020-ի պատերազմի ժամանակ և հետո

2020-ի պատերազմի հանելուկներից մեկը Ռուսաստանի դիրքորոշումն էր, որը միջնորդի դեր էր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը հասկանալի է, քանի որ նպատակ ուներ հավասարակշռություն պահպանել նախկին խորհրդային երկու հանրապետությունների միջև, բայց նաև հասավ ընդհուպ Թուրքիայի ուղղակի միջամտությանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմին, ինչը դժվար բացատրելի է:[76] Ռուսաստանը Հայաստանին սահմանափակ որակի սպառազինություն տրամադրեց, հանդուրժեց պատերազմը և որոշեց դադարեցնել այն 44 օր անց միայն՝ իր զորքերը շարժելով դեպի Լեռնային Ղարաբաղ դեռ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ։

Երբ Նիկոլ Փաշինյանին հարցրի, թե կային արդյոք բարեկամ պետություններ, որոնք հետախուզական տվյալներ են փոխանցել պատերազմի մոտալուտ լինելու մասին, պատասխանեց. «Ոչ, այդպիսի պետություններ չկային, և մեր ռազմաքաղաքական դաշնակիցն էլ, ընդհակառակը, ասում էր, որ իրենք պատերազմի հավանականությունը մեծ չեն համարում (...)։ Այսինքն, ՀԱՊԿ-ի մեր ռազմաքաղաքական դաշնակիցներն իրականում ասում էին, որ պատերազմ չի լինի, եթե Հայաստանը պատերազմ չսադրի»։[77]

«Ռուսները կարծում էին, որ Հայաստանը կկարողանա ավելի լավ պաշտպանվել», ինչը Ռուսաստանին ավելի շատ ժամանակ կտար բանակցելու գործարքի շուրջ:[78]

Պատերազմի ժամանակ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինտենսիվ հաղորդակցություն ուներ։ Հարցին, թե Պուտինն այդ զրույցների ընթացքում ինչ էր պահանջում իրենից, Փաշինյանն ասաց. «Պուտինն այդ զրույցների ընթացքում ինձնից ոչ մի բան չի պահանջել, և ես եմ ակնկալել, որ Ռուսաստանը մեզ օգնի, և օգնի որպես ռազմավարական դաշնակից (...)։ Այդ աջակցության ծավալները տասնապատիկ, եթե չասեմ՝ հարյուրապատիկ պակաս էին, քան մենք օբյեկտիվորեն կարող էինք ակնկալել։ Եվ եկավ մի պահ, որ ես մտածեցի՝ գուցե պրոբլեմն իմ մեջ է։ Ես Ռուսաստանի նախագահին ուղիղ ասել եմ դրա մասին։ Ասել եմ՝ եթե իմ մեջ է խնդիրը, ես հիմա պատրաստ եմ հրաժարական տալ միայն թե դուք, միայն թե Ռուսաստանը նորմալ աջակցություն ցուցաբերի Հայաստանին»։[79]

Հայաստանը դեռ պատերազմից առաջ գնել էր վեց Тор ՀՕՊ համակարգ՝ թրթուրավոր ընթացամասով։ Պատերազմի ընթացքում գնվել է օգտագործված լրացուցիչ չորս Тор՝ Камаз-ի անվավոր թափքով։[80] Բացի այդ, Ռուսաստանը բեռնատարներ և զինամթերք է տրամադրել Գյումրիի իր 102-րդ բազայից, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի Поле-21 համակարգ։[81] Այս համակարգին հաջողվել է «նոյեմբերի 1-ին փակել օդը, ինչը տևել է երեք օր, որից հետո իսրայելցի փորձագետները փոփոխություններ են կատարել, և անօդաչուները կարողանում էին նորից գործել»։[82] «Ռուսաստանի աջակցությունը պատերազմի ընթացքում եղել է սիմվոլիկ (...), պատերազմի ընթացքում ոչ մի ռուսական ինքնաթիռ Հայաստանի համար զենք չի բերել»։[83]

2020-ի պատերազմից հետո Հայաստանը շարունակում էր ձգտել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության։ 2022-ի հունվարին Հայաստանը Ռուսաստանից ստացել է 4 հատ Ми-8 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ։[84] Պարզ չէր՝ դա հատկացվում էր 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանի հետ սպառազինության արդիականացման 400 մլն դոլարանոց գործարքի շրջանակում, թե առանձին համաձայնագրով։ Ըստ լուրերի՝ Հայաստանը հետաքրքրված էր ռուսական հարվածային Ка-52 կամ Ми-28 ուղղաթիռների ձեռքբերմամբ։[85]

«2020-ին ռուսներն ասում էին՝ Ղարաբաղը Հայաստան չէ, մենք չենք կարող միջամտել, բայց Հայաստանը կարմիր գիծ է։ Ռուսների «դավաճանությունը» 2022-ի սեպտեմբերից հետո է։ (...) 2020-ի պատերազմից հետո ռուսներն ասում էին՝ եկեք սառեցնենք Ղարաբաղյան հակամարտությունը։ Նախատեսվում էր նաև հայկական բանակի վերազինում և վերապատրաստում [ռուսների կողմից]։ Հենց այդ ժամանակ էլ ստորագրվել է 400 մլն դոլարի սպառազինության պայմանագիրը։ Այն ժամանակ Ռուսաստանից հեռանալու պլաններ չկային»։[86] Այդուհանդերձ, 2022-ի դրությամբ Ռուսաստանը չէր կատարել համաձայնագիրը։ Ավելին, 2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ Մոսկվան զլացավ անգամ բանավոր խոսքով դատապարտել հարձակումները։

Անկախության առաջին տարիներից ի վեր ռուսական ռազմավարական աջակցությունից հայ ղեկավարների շարունակական կախվածությունը հայկական ռազմավարական մտածողության ամենաէական ձախողումն էր։ Դա անակնկալ էր, քանի որ Ղարաբաղյան շարժումը դեռ 1988-ի գարնանը եկել էր այն եզրակացության, որ Հայաստանը չի կարող իր անվտանգության համար հույսը դնել Ռուսաստանի վրա: Հայ ղեկավարների երևակայության մեջ ուռճացված էր Հարավային Կովկասում ռուսական ազդեցության համար Հայաստանի նշանակությունը, ինչը հետագայում ծանր հետևանքների հանգեցրեց։

2020-ի հուլիսի տավուշյան բախումները

Փաշինյանն ասում է, որ պատերազմի վտանգը կար նաև 2020-ի հուլիսի սահմանային բախումներից առաջ. «2018-ից հետախուզական տեղեկությունները, որ ահա պատերազմ է սկսվելու՝ աշնանը, հոկտեմբերին (...), այդ տեղեկությունները անընդհատ էին գալիս։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ նախորդող շրջանում էլ անընդհատ էին եկել։ Այսինքն, դա դարձել էր սովորական մի բան, որ ազգային անվտանգության ծառայությունն անընդհատ տալիս է, որ հետախուզական տվյալներ կան, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ Բայց հետախուզական տվյալների կարիք չկար, որովհետև Ադրբեջանը միշտ էլ ասում էր՝ եթե Հայաստանը մեր պահանջները չկատարի, մենք ռազմական ճանապարհով լուծելու ենք խնդիրը»։

Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտում քառօրյա բախումներն ամրապնդեցին հայկական զինուժի անպարտելիության զգացումը։ Երևանյան ղեկավարների շրջանում գերիշխող գաղափարն այն էր, որ հուլիսյան իրադարձությունները կհամոզեն Ադրբեջանին, որ իրենք չունեն ռազմական գերակայություն, որ պետք է հրաժարվեն իրենց առավելապաշտական ​​դիրքերից և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ։

«Մենք հիմնական մի մտայնություն ունեինք, որ հայկական բանակն անպարտելի էր, և հուլիսյան իրադարձություններն ամրապնդեցին այն»։[87] Այս միտքը կրկնում է վարչապետ Փաշինյանի մերձավոր բարձրաստիճան պաշտոնյան. «Հուլիսից հետո մեր զգացողությունն այն էր, որ մեր բանակն ի վիճակի է դիմակայել Ադրբեջանին»։[88]

Այնուամենայնիվ, փոքրածավալ սահմանային բախումը, որ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առաջնագոտում (և ոչ Ղարաբաղում կամ նրա շրջակայքում), անկանխատեսելի հետևանքներ էր ունենալու։ Բախումները հանգեցրին չորս հայ և 12 ադրբեջանցի զինվորականների կորստի, որոնց թվում էր նաև գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։ Դա տեղի ունեցավ 2019-ին Ադրբեջանում ներքին լարվածության սրման և 2020-ի սոցիալական և տնտեսական ծանր ցնցումների ժամանակ, որն առաջացել էր COVID-19-ի համավարակի հետևանքով՝ հանգեցնելով Իլհամ Ալիևի իշխանության վարկանիշի անկման։ Ադրբեջանցի բարձրաստիճան սպայի մահը դարձավ 1990-ականներից ի վեր ամենազանգվածային ցույցերի պատճառ, երբ ամբոխն անգամ հարձակվեց Միլի Մեջլիսի՝ Ադրբեջանի խորհրդարանի վրա: Ցուցարարները պատերազմ էին պահանջում և վանկարկում էին «Ղարաբաղը մերն է», «Ղարաբաղ կամ մահ»։[89] Ալիևը կա՛մ պետք է դիմեր պատերազմի, կա՛մ իշխանությունը կորցնելու վտանգի գնար։ Հաջորդ օրը՝ հուլիսի 16-ին, Ալիևը պաշտոնանկ արեց իր երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Դիվանագիտական վերջին ​​կամուրջներն այրված էին այլևս։

2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ բռնկվեց մեծ պատերազմը, Հայաստանի ղեկավարությունը դեռ հուլիսյան բախումների էյֆորիայի մեջ էր։ Այս համատեքստում «Հաղթելու ենք»-ը բոլորովին այլ իմաստ է ստանում, և հիասթափությունը միայն ավելի խորն էր լինելու։

Մնացականյանն ասում է. «Հուլիսյան իրադարձություններից հետո ես հասկացա, որ պատերազմի վտանգը զգալիորեն մեծացել է։ Կարծես թե աննշան միջադեպը դուրս եկավ վերահսկողությունից քառօրյա զանգվածային էսկալացիայի արդյունքում և ուղղակի վտանգ առաջացրեց Ալիևի իշխանության համար»: Ադրբեջանը պատրաստ չէր վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ և իրավիճակը լիցքաթափելու։ «Հուլիսից հետո ես փորձում էի հանդիպել Բայրամովին, բայց նա խուսափում էր հանդիպել ինձ հետ»։[90]

Պատերազմի 44 օրերի մարտական զարգացումները

Եթե կարճ ներկայացնելու լինենք, ապա 44-օրյա պատերազմն սկսվեց և ընթացավ այսպես. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն անսպասելի հարձակմամբ առաջին իսկ ժամերին կարողացավ ոչնչացնել կամ խոցել հայկական հակաօդային պաշտպանության և հրետանու էական մասը, որոնք դեռ տեղակայված էին զորանոցներում։ Հայկական ուժերի փոքր մասն էր տեղակայված առաջնագծում, քանի որ այդ որոշումը թողնվել էր տեղի հրամանատարների հայեցողությանը։ Ադրբեջանը օդում գերակայություն ստացավ՝ կարողանալով հետևել հայկական ուժերի տեղաշարժերին և հարվածներ հասցնել կա՛մ անմիջապես ԱԹՍ-ների միջոցով, կա՛մ անօդաչուներից` նրանց կոորդինատներն ուղարկելով հրետանային ստորաբաժանումներին։ Չնայած այս անհաջողությանը՝ հայկական ստորաբաժանումները մոտ մեկ շաբաթ կարողացան պաշտպանել իրենց դիրքերը։ Հոկտեմբերի 3-ին Թալիշ և Մատաղիս գյուղերը կորցնելուց հետո հայկական ուժերը կարողացան կայունացնել հյուսիսարևելյան ճակատը՝ հակառակորդին պատճառելով էական կորուստներ։ «Մոտ 3,000 զոհից 2,200-ը տվել են մինչև հոկտեմբերի 2-3-ը։ Դրանից հետո մեր սխալ կառավարման և իրենց ղեկավար կազմը թուրքականով փոխարինելու արդյունքում, «Բայրաթքարներ» ու թուրքական սպեցնազ ներգրավելով՝ սկսեցին հաջողություններ ունենալ»,– ասում է Մովսես Հակոբյանը։[91]

Ադրբեջանը կարողացավ ճեղքումը զարգացնել հարավային ճակատում և հոկտեմբերի 4-ին մտնել շրջկենտրոն Ջաբրայիլ: Հայկական ուժերը հակահարձակման փորձ ձեռնարկեցին՝ վերականգնելու առաջնագիծը և շրջափակելու մի քանի հազարանոց ադրբեջանական զորքը, որն առաջ էր շարժվում Հայաստանի կողմից վերահսկվող տարածքների խորքում: Այս հակահարվածը ձախողվեց՝ հյուծելով հայկական ռազմավարական պաշարները։ Հայկական ուժերը հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար չկարողացան նոր առաջնագիծ կառուցել, ոչ էլ օգուտներ կորզեցին ադրբեջանական ուժերի մատակարարման երկար գծերից՝ նրանց առաջխաղացող զորքերը շրջապատելու համար: Հադրութն ընկավ հոկտեմբերի 9-10-ին, իսկ Ֆիզուլին՝ հոկտեմբերի 17-ին: Ադրբեջանական ուժերը առաջ շարժվեցին երկու ճակատով՝ հարավում՝ Ջաբրայիլից Արաքս գետի հովտով մինչև Զանգելան-Կուբաթլու, ապա դեպի Լաչին, մյուսը՝ Հադրութից՝ Սղնախ - Քարին տակ - Շուշի։ Նոյեմբերի 5-ին Սղնախում հայկական հակահարձակման փորձ տեղի չունեցավ։ Նոյեմբերի 1-ից 6-ը մոլեգնեց Շուշիի ճակատամարտը։[92] Ադրբեջանական ուժերը Շուշի մտան նոյեմբերի 4-ին, իսկ նոյեմբերի 5-ին հայկական հակահարվածը ձախողվեց։ Շուշին ընկավ նոյեմբերի 6-ին: Նոյեմբերի 7-ին Շուշին գրավելու երկրորդ հակահարձակումը ձախողվեց կազմակերպվածության բացակայության պատճառով՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական ուժերը թվաքանակով զիջում էին և հեռու էին իրենց նյութատեխնիկական բազաներից:

«2020-ի սեպտեմբերի 25-ին հարավային ռազմաճակատի ուժերին «համար մեկ» էր հայտարարվել։ Բոլոր ուժերը առաջնագծում էին, քանի որ նկատել էին իրենց առջև ադրբեջանական կուտակումները»։[93] Բայց հյուսիսում՝ Թալիշ-Մատաղիս ճակատում, զորքերը պատրաստ չէին։ Նախորդ օրը Մատաղիսի գնդի օրն էր, և սպաները երկար խնջույք էին անցկացրել։ «Սեպտեմբերի 26-ի շաբաթ ուշ գիշերն էր, երբ հրամանատարը ահազանգեց (համար մեկ)՝ առաջավոր դիրքեր ուղարկելով հակատանկային և օդային պաշտպանության ուժերի մեկ երրորդին»։[94] «Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ի ուշ գիշերը, հրամանատարը «համար մեկ» տվեց՝ հակատանկային և ՀՕՊ ուժերի մեկ երրորդին ուղարկելով առաջնագիծ»։ Մի քանի ժամ անց պատերազմը բռնկվեց։ «2020-ի սեպտեմբերի 26-ի երեկոյան որոշ զորամասեր, օրինակ՝ Հադրութի առաջնագծում գտնվող ուժերը, բարձր պատրաստվածության էին բերված, իսկ մյուսները՝ ոչ, օրինակ՝ Աղդամի շրջանում տեղակայված ստորաբաժանումները:[95]

Ադրբեջանը մեծ կորուստներ ունեցավ հյուսիսից հարձակվելու փորձի ժամանակ։ «Հյուսիսային ռազմաճակատի հրամանատար Հիքմեթ Հասանովը 800-ից ավելի զոհ է տվել և հեռացվել պաշտոնից»։[96] Դրանից հետո պատերազմի կառավարումն Ադրբեջանի գլխավոր շտաբից անցել է թուրք զինվորականներին. Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Բահթիյար Էրսայը, թուրքական ցամաքային զորքերի երրորդ դաշտային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայը 600 այլ սպաների հետ վերահսկել է պատերազմի պլանավորումն ու իրականացումը։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Գյոքսել Քահյան վերահսկել է Bayraktar-TB2 անօդաչուների հարձակումները Ղարաբաղում հայկական պաշտպանական դիրքերի վրա։ Պատերազմի ընթացքում Ադրբեջան է ուղարկվել թուրքական հատուկ նշանակության՝ լեռնային մարտերում մասնագիտացած բրիգադ՝ բաղկացած 1200 զինվորից։[97] Այդ ժամանակվանից գեներալ Էրսայը մնացել է Բաքվում որպես «խորհրդական», սակայն փաստացի կատարել է Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի դերը։[98]

«Մինչև հոկտեմբերի 6-7-ը պատերազմը ղեկավարում էր Ադրբեջանի գլխավոր շտաբը, իսկ հետո ռազմական գործողությունների ղեկավարումը ստանձնեց Թուրքիայի գլխավոր շտաբը։ Ըստ թուրքական Yeni Akit թերթի՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Սադիկովի վերաբերյալ Ալիևին հաղորդել է,[99] որ նա տեղեկություններ է փոխանցում ռուսական կողմին, որից հետո նրան փոխարինել են թուրք գեներալներով։[100] (...) Եթե Ադրբեջանը ձախողեր իր հարձակումը, Թուրքիան պատրաստ էր շարունակել ներգրավվածությունը՝ հիմնվելով երկու երկրների միջև փոխօգնության համաձայնագրի վրա»։[101]

Էդիկ Բաղդասարյանն ասում է՝ նկատել է, որ հարավում «առաջին օրերին շատ լավ էր պաշտպանությունը, բայց ռեզերվները ժամանակին չեն եկել»․ «Միայն մեկ շաբաթ անց Գորիսից եկան առաջին կորպուսի ուժերը, սակայն չկարողացան կազմակերպել պաշտպանությունը»։[102] Սա հայաստանյան բանակն էր, և նրանք անկազմակերպ էին, «չկար կարգապահություն»։

Ռազմական զարգացումներից զատ՝ պատերազմի սկզբնական օրերին Երևանում տիրապետող մտայնությունն այն էր, որ ռազմական այս նոր էսկալացիան քիչ թե շատ նույնն է, ինչ 2016-ի ապրիլի և 2020-ի հուլիսի քառօրյա մարտերը, «որ ԵԱՀԿ-ն կմիջամտի, որ երկար պատերազմ չի լինի, որ ռուսները կկանգնեցնեն այն»։[103]

Ղարաբաղի և հատկապես Հայաստանի Մոբում (մոբիլիզացված պահեստազորայիններ) կարգապահությունը ցածր էր, նրանք վատ էին ղեկավարվում և քաոսային վիճակում էին։ Չէին ենթարկվում սպաներին, հիմնականում չէին էլ ճանաչում իրենց սպաներին։[104] Պատերազմի բռնկումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Հայկ Խանումյանն այցելել է Ջաբրայիլի ռազմաճակատի պաշտպանական ստորաբաժանումների հրամանատարական կենտրոն։ Նա նկարագրում է «քաոսային տեսարաններ, խուճապ» և հավելում. «Բոլոր այն [զորամասերը], որոնք ունակ էին ինքնուրույն լուծելու խնդիրները, կարողացան պաշտպանվել և քիչ զոհեր տվեցին»։[105] Մնացած պահեստազորայիններն ավելի շատ վնաս տվեցին, քան օգուտ՝ խուճապ տարածելով և թշնամու ուժերի հետ առաջին իսկ բախման ժամանակ փախչելով ռազմաճակատից:

Պատերազմի առաջին ժամերին Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված առաջին անսպասելի հարվածը մեծ կորուստներ պատճառեց հատկապես ՀՕՊ-ին, ինչպես նաև անձնակազմին և նյութական միավորներին: Ադրբեջանական առաջին հարվածից հետո հայկական կողմը կորցրել է իր ՀՕՊ-ի և հրետանու զգալի մասը։ «ՀՕՊ-ի և հրետանու 30-40 տոկոսը շարքից դուրս էր եկել»։[106]

«Պնդումները, որ ՀՕՊ-ի 50 տոկոսը խոցվել է առաջին օրը, լուրջ չէ։ ՀՕՊ-ը գործել է մինչև վերջին օրը՝ խոցելով ավելի քան 250 թիրախ»։ Այդուհանդերձ, հայկական «ՀՕՊ-ը համարժեք չէր Ադրբեջանի օդային գերակայությունը խարխլելու համար։ Ավելին, այն չուներ «հակաբալիստիկ պաշտպանություն», օրինակ՝ իսրայելական արտադրության LORA հրթիռների դեմ։[107]

Ամենադրամատիկ դրվագներից մեկը ադրբեջանական ուժերի կողմից հայկական С-300-ների ոչնչացումն էր, ինչը ցույց է տալիս հայկական զինված ուժերի ոչ պրոֆեսիոնալ պահվածքը։ «44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ոչնչացրել են մեր մի քանի С-300: Ինչո՞ւ։ Որովհետև դրանք սխալ օգտագործվող էին։ Ցանկացած զինվորականի հարցնեք, կասի, որ ամենապաշտպանվածը պիտի լինի քո ամենաուժեղ զենքը։ Ինչո՞վ են ոչնչացրել մեր С-300-ները։ (...) Առնվազն մեկը, 100 տոկոս, Bayraktar չէր, բայց ԱԹՍ էր։ Դրանք անպաշտպան էին։ Որպեսզի քո С-300-ը նորմալ աշխատի, դու պարտավոր ես դրա մոտ ունենալ, ենթադրենք, Оса, որ 10 կմ հեռահարությամբ ոչնչացնում է ցանկացած թռչող օբյեկտ։ Դու պետք է այնտեղ ունենաս նաև փողային սպառազինություն, որ եթե հանկարծ Оса-ն չկարողանա ոչնչացնել հարձակվող թիրախը, ապա դա արվի փողային զենքով»։[108] 

«Harop-ով С-300-ը շարքից հանել են, որը էլի նույն Ջալալի մեղքն է։ Ո՞նց կարող է՝ С-300-ը բաց տեղ կանգնեցվի»:[109] С-300-ը հայկական սպառազինության ամենակարևոր ՀՕՊ համակարգն էր, որը պետք է պաշտպանվեր այլ համակարգերով, ինչպիսիք են ЗСУ-23-4 ինքնագնաց զենիթային համալիրները[110] կամ կարճ հեռահարության հակաօդային հրթիռային համակարգերը:

Ակնհայտ է, որ հակաօդային պաշտպանությունը եղել է անհամարժեք և անբավարար։ Ըստ Սուրեն Սուրենյանի՝ «Քելբաջարի ճակատում ՀՕՊ միջոցներից միայն Իգլաներ[111] ունեինք»։[112]

Հայկական զինապահեստի ամենավերջին հակաօդային զինատեսակները՝ միջին հեռահարության Тор-երը, Հայաստան են ժամանել միայն 2020-ի մարտին: Тор համակարգերից մեկի հրամանատար Արամո Եգանյանը պատերազմի առաջին ժամի մասին հետևյալն է ասում. «Երբ պատերազմը սկսվեց, ես Իվանյանի [Խոջալուի] օդանավակայանում էի: Նրանք [ադրբեջանցի զինվորականները] հարձակվեցին մեր ամբողջ հակաօդային պաշտպանության վրա, բացի Тор-երից, քանի որ չգիտեին նրանց դիրքերը, որովհետև Ղարաբաղ նոր էին բերվել։ Այդ առավոտյան վեց Тор-երը օդանավակայանի պահեստներում էին՝ կողք կողքի կայանած»։[113]

Հայկական ուժերին հաջողվել է կատարել այն, ինչին նրանք կոչված էին՝ պահպանել առաջնագիծը։ Սեյրան Օհանյանն ասում է, որ թեև Սոթքից մինչև Արաքս առաջնագիծը 283 կմ էր՝ «մոտ 260 կիլոմետրը (առաջնագծի մեծ մասը) մեկ ամիս պահվել է, հակառակորդը չի կարողացել ոչինչ անել։ Թեժ մարտեր են եղել և՛ այստեղ, և՛ Մարտակերտում, բոլոր տեղերում: Նույն ուժգնությամբ չեն եղել, բայց բոլոր տեղերում փորձել են, չի ստացվել, 260 կիլոմետրը պահվել է»։[114] Նույն կարծիքին է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը. «Մինչև հոկտեմբերի 28-ը Հադրութի առաջնագիծը պահպանվել է։ Դրանից հետո միայն պաշտպանները նահանջեցին»։[115] Խնդիրն այն էր, որ առաջնագիծը պաշտպանելը ժամանակավրեպ էր, երբ ադրբեջանական բանակն արագ և շարժուն ներթափանցում էր Ղարաբաղի տարածքներ։ Երբ առաջնագիծը ճեղքվեց, հայկական պաշտպանական ուժերը պատրաստություն չունեին հակաքայլեր ձեռնարկելու։ Հակահարձակման բոլոր փորձերը ձախողվեցին:

Ջաբրայիլ. պատերազմի շրջադարձային կետը

Ադրբեջանական ուժերը հարձակվեցին երեք հիմնական ուղղություններով․ առաջին բանակային կորպուսը հարձակվեց Մարտակերտի ուղղությամբ և առաջխաղացում ունեցավ Թալիշ-Մատաղիս հատվածում, որտեղ նախնական հաջողությունից հետո հայկական կողմին հաջողվեց կայունացնել ճակատը հրետանային հարվածներով՝ մեծ կորուստներ պատճառելով հարձակվող ուժերին։ Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսը հարձակվեց Քելբաջարի ճակատում և սկզբում սահմանափակ հաջողություններ ունեցավ՝ գրավելով հայկական մի քանի առաջավոր դիրքեր։ Այդուհանդերձ, հայկական ուժերը շարունակական հակագրոհների արդյունքում հաջորդ հինգ օրվա ընթացքում վերահսկողության տակ առան կորցրած բոլոր դիրքերը։[116]

Ադրբեջանական հարձակման երրորդ ուղղությունը հարավում էր՝ Արաքսի հովտում՝ Ջաբրայիլի ուղղությամբ։ Այստեղ ադրբեջանական երկրորդ բանակային կորպուսը տեղային հաջողություններ ունեցավ պատերազմի երրորդ օրը (սեպտեմբերի 29): Ղարաբաղի պաշտպանության բանակը ճեղքումը փակելու համար խոշոր հակահարված էր նախապատրաստում և առաջապահ ուժեր ուղարկեց՝ գնահատելու իրավիճակը։ Ղարաբաղյան հրամանատարները նկատում են, որ հակառակորդի ուժերը թողել են իրենց դիրքերը, և տեղում որոշում են անցնել հակահարձակման։ Նրանք ենթարկվում են ադրբեջանական ծանր հրետանու (Тос համակարգերի) կրակին և մեծ կորուստներ տալիս (70 հոգի)։ Այս ձախողումը հանգեցրեց հակահարձակման ծրագրից հրաժարվելուն: Պատերազմի վեցերորդ օրը ադրբեջանական ուժերին հաջողվեց ընդլայնել ճեղքումը մինչև 10 կմ, որից հետո նրանց ռազմավարական ռեզերվները կենտրոնացան Ջաբրայիլի ռազմաճակատի ուղղությամբ։[117]

Ջաբրայիլում հայկական ուժերի հակահարձակումը սկսվեց հոկտեմբերի 7-ին: Ըստ պլանի՝ պետք է ուղարկվեր մեծ զորք՝ վերականգնելու առաջնագիծը և շրջափակման մեջ վերցնելու ադրբեջանական ուժերին, որոնք հասել էին մինչև Ջաբրայիլ քաղաք: Ենթադրվում էր, որ երկու շարակազմով պետք է ուղարկվեր զորք՝ 400 միավոր մեքենայացված տեխնիկայի, այդ թվում՝ 44 հատ Т-72 տանկի,[118] 40 ՀՄՄ-ի,[119] 4 Шилка ինքնագնաց զենիթային համալիրի[120] և Тор զենիթահրթիռային համալիրի ուղեկցությամբ։[121] Այդ ուժերի մեծ մասը պետք է գար ՑՕՐ-ից՝ Ստեփանակերտի մերձակայքում տեղակայված զորամասից, որը պետք է անցներ ավելի քան 100 կմ և անսպասելի հարձակման ժամանակ հետ գրավեր կորցրած դիրքերը: Հարձակումը պետք է սկսվեր հոկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 7-ին, սակայն ուժերը մոբիլիզացնելու դժվարությունները հետաձգեցին հարձակումը մինչև ժամը 11:00, այն էլ՝ նախատեսված ուժերի կեսով: Թեև անակնկալի տարրը սկզբում օգնեց հայկական ուժերին, և հարձակվող թևերից մեկին հաջողվեց առաջ շարժվել դեպի նախագծված դիրքեր, բայց երկրորդին չհաջողվեց հասնել նպատակին. տանկերից մի քանիսը տեխնիկական խնդիրներ ունեին, մի քանիսն էլ պայթեցին ականների վրա: Գործողությունը ձախողվեց, հարձակվող ուժերը սկսեցին անկանոն նահանջել և դարձան ադրբեջանական հակահարձակման թիրախ։

Հարցվածներից շատերը Ջաբրայիլի հակահարձակման ձախողումը բացատրում են Ջալալ Հարությունյանի հապճեպ որոշումներով և առաջնորդական որակների բացակայությամբ. «Գաղափարը վատը չէր, ես դեմ չեմ։ (…) Եթե հակառակորդի պաշտպանությունը կազմակերպված չէ, դու կարող ես ընթացքից հարձակվել։ Այսինքն՝ ինքը մխրճվել է, քո տարածքում է գտնվում, խրամատներ, բան չունի, կարող ես ընթացքից հարձակվել։ Տասը ժամ, մոտ հարյուր կիլոմետր քշել են։ Բայց ընթացքից հարձակումը պիտի լինի 20-40 կիլոմետրից»։[122]

Ըստ Սերժ Սարգսյանի՝ Ջաբրայիլի հակահարձակումը սխալ էր ծրագրված, քանի որ հայկական կողմը չուներ պահեստային ուժեր՝ նման ծավալի գործողության համար. «Մենք, փաստորեն, հոկտեմբերի 6-ի, 7-ի դրությամբ այլևս նորմալ ռեզերվներ չունեինք, իսկ առանց ռեզերվների կռվելը անիմաստ բան է»։[123] 

Մովսես Հակոբյանի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին Ջաբրայիլում հակահարձակում կազմակերպելու համար նախադրյալները բավարար չէին։ «Նախ, հակառակորդը չէր դադարել առաջխաղացումը։ Երկրորդ, հայտնի չէին հակառակորդի ռեզերվները։ Եվ երրորդ՝ չէր ավարտվել մեր ուժերի համալրումը հակահարձակման համար»։[124] Բացի այդ, Ադրբեջանն ուներ օդային գերակայություն։ Եթե նույնիսկ հայկական ուժերին հաջողվեր հետ վերցնել կորցրած առաջնագիծը, տանկերը չէին կարող մանևրել այդ տարածքի բաց դաշտերում՝ առանց ենթարկվելու օդից հարձակման վտանգի:

Սուրեն Սուրենյանը Ջաբրայիլի հակահարձակման ձախողման մեջ տեսնում է Ջալալ Հարությունյանի փորձի պակասը․ «Հակահարձակումը ձախողվեց, քանի որ Ջալալ Հարությունյանը, որ հրետանավոր էր, չգիտեր՝ ինչպես դա կազմակերպեր։ Նա չգիտեր, որ մեքենայացված ուժը չի կարող անցնել 100 կմ և միաժամանակ հարձակվել: Նա պետք է զորքերը բերեր թիրախից մոտ 20 կմ, պատրաստեր այնտեղ մեկ-երկու օր, նոր միայն հարձակվեր։ [Այս պլանը] ուներ անակնկալի առավելության տարրը, բայց մյուս կողմից տեխնիկան ու զինվորները հյուծված էին։ Գումարած՝ Ջալալը չհասկացավ, որ օպերացիան չի ընթանում նախատեսվածի պես, որ պետք է դադարեցնել և փոխել այն»։[125]

Ջաբրայիլի հակագրոհը վատ էր ծրագրված ու վատ իրականացվեց՝ առանց հակահարձակման համար անհրաժեշտ պայմանների։ Օգտագործվեցին ու սպառվեցին բանակի ռազմավարական ռեզերվները, իսկ հակահարձակումից հետո դրանց համալրման ուղղությամբ քայլեր չարվեցին։ Անհաջող հակահարվածը բանակում հանգեցրեց համատարած քաոսի։ «Ամենամեծ պրոբլեմը նահանջող զորք կառավարելն է։ Ավելի բարդ ռազմական տեղաշարժ չկա, քան նահանջող զորքին կառավարելը։ Դա ես մի անգամ տեսել եմ 92 թվականին, թե ինչպիսի գերմարդկային ջանքեր գործադրեցինք, որպեսզի կարողանանք այդ նահանջող զորքը կանգնեցնել։ Իսկ էդ պարագայում էդպես չի կարելի անել։ Եթե ուզում էին օգտագործել, իրենք պարտավոր էին հաջորդ բնագիծը զբաղեցնել, որպեսզի այդ նահանջող զորքը գա անցնի այդ բնագիծը, վերականգնի սանիտարական կորուստները, սպառազինությունը և այլն, և այլն, որից հետո հնարավոր է ինչ-որ բան անել»,– ասում է Սերժ Սարգսյանը։[126]

Պատերազմի ժամանակ ո՞վ էր հայկական զորքերի հրամանատարը, օրինակ՝ հոկտեմբերի 7-8-ին Ջաբրայիլի հակահարձակման ժամանակ ո՞վ էր հայկական զորքերը ղեկավարում։ «Այդ հակահարձակման ղեկավարը (...),  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասել է, որ էսպիսի գաղափար կա, ճիշտ է սա անել։ Պաշտպանության բանակի հրամանատարի՝ Ջալալ Հարությունյանի ներկայությամբ ես վերցրել եմ հեռախոսը և Օնիկ Գասպարյանին ասել եմ, որ Սամվել Բաբայանը նման բան է առաջարկում,  մի հատ քննարկեք։ (...) Օնիկ Գասպարյանն ասել է՝ այո (...), և ինքը ինձ նույնիսկ ասաց, որ հանձնարարել է Ջալալ Հարությունյանին՝ գնա, տեղում նայի, գնահատի իրադրությունը և ասի։ Ջալալ Հարությունյանն էլ իրեն զեկուցել է, որ այո, դա լինող լավ գաղափար է, ինքն էլ հաստատել է...»։[127]

Սերժ Սարգսյանն ասում է, որ. «Մենք փաստորեն հոկտեմբերի 6-ի, 7-ի դրությամբ այլևս նորմալ ռեզերվներ չունեինք, իսկ առանց ռեզերվների կռվելը անիմաստ բան է»։[128]

Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ հակահարձակումը ձախողվել է։ Անհաջող հակահարձակման ուղղակի հետևանքներից մեկը Հադրութի անկումն էր։ Հադրութի մերձակայքում արդեն նկատվում են մոտ 200 հոգուց բաղկացած ադրբեջանական ուժեր։ Վահան Սավադյանի խոսքով՝ քաղաքում կային բազմաթիվ ուժեր, այդ թվում՝ Մոբից և հատուկ նշանակության (Սպեցնազ) ստորաբաժանումներից․ «Տղաները շատ էին, բայց կազմակերպող չկար»։[129]

Հակահարձակման ձախողումը ապակայունացրեց հայկական ուժերը, ինչից հետո նրանք այլևս չկարողացան պաշտպանական գործողություններ իրականացնել։ «Ջաբրայիլից հետո տապալվեցին ամենակարևոր ռեսուրսները։ Գլխավոր շտաբը կորցրեց վերահսկողությունը։ Հոկտեմբերի 7-8-ից հետո Գլխավոր շտաբը չգիտեր, թե որտեղ են մեր ուժերը, որտեղ են ադրբեջանական ուժերը»։[130]

Հայկ Խանումյանը նշում է․ «Տիրանն [Խաչատրյան, հարավի հրամանատարը] ասում է՝ բայց մի րոպե, ես էդտեղ մոտակայքում զորք ունեմ։ Հարցնում եմ՝ որտե՞ղ։ Ասում է՝ Մազա։ Հարցնում եմ՝ Արծիվ 007 զո՞րքն ես ասում։ Ասում է՝ հա։ Ասում եմ՝ ինքն այնտեղ չէ, Խանձաձորում է։ Զարմանում է։ Քարտեզի վրա զորքի տեղանքի նշանը հանում է, տեղափոխում Խանձաձոր։ Ասում է՝ Քարագլուխ էլ ունենք զորք։ Հարցնում եմ՝ Մո՞բը, որ փախել է։ Ասում է՝ հա՞, էլի է նշում։ Ինքն իր զորքի տեղը չգիտեր, շատ զարմացրեց»:[131]

Թեև ռազմաճակատում իրավիճակը քաոսային էր՝ Երևանում ղեկավարությանը հաղորդվում էր հերոսական դիմադրության մասին, իսկ հայկական ուժերի կազմաքանդման մասին լուրերը որակվում էին խուճապ առաջացնող ասեկոսեներ:

Հոկտեմբերի 9-ին ընկավ Հադրութը։ Հայկական ուժերը հախուռն նահանջեցին։ Այնտեղից ադրբեջանական հատուկ ջոկատայինները անտառներով սկսեցին շարժվել դեպի Շուշի։ Հայկական ուժերը չկարողացան օգտագործել լեռնային, անտառապատ տեղանքի առավելությունը և թույլ տվեցին, որ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ոտքով առաջ շարժվեն։ Նոյեմբերի 6-ին հայկական ուժերը Սղնախ գյուղի ուղղությամբ ձեռնարկեցին հակահարձակման փորձ, սակայն առավոտյան երեք գումարտակներից երկուսը չէին ներկայացել։[132] Թեև հայկական զորքերը թվով գերազանցում էին Շուշի մտած մի քանի հարյուր հոգանոց ադրբեջանական ուժերին, բայց ապակողմնորոշված ​​էին, վատ էին ղեկավարվում, տեղեկություններ չունեին թշնամու զորքերի և տեղաշարժերի մասին և դժվարանում էին համակարգել գործողությունները իրենց տարբեր բրիգադների միջև: «Շուշիի ամբողջ օպերացիան պետք է դիտարկել ՊԲ պաշտպանական օպերացիայի համատեքստում ու նահանջի համատեքստում, որ իրականացվել է։ Այլ բան չեմ կարող ասել, ինչպես այստեղ նահանջեցինք, այնպես էլ Շուշիում չկարողացանք կանգնեցնել»։[133]

Սեյրան Օհանյանն ասում է․ «Մենք Գորիսում ունեինք բանակային կորպուս։ Բանակային կորպուսը մինչև պատերազմը կրճատվել էր, ու այ այս հատվածի պատասխանատուն ՀՀ զինված ուժերն են: Ամբողջ առաջին գիծը ենթարկվում է Ղարաբաղի ՊԲ-ին, բայց աջ թևում, երբ խորանում են, այստեղ արդեն Գլխավոր շտաբը ձևավորում է հրամանատարական կետ, որը կորդինացնում է Ղարաբաղի պաշտպանության բանակն ու կորպուսները։ Իրենց պատասխանատվության գոտիով են եկել, հասել մինչև Շուշի»։[134]

Պատերազմի մյուս հակասությունը Искандер[135] հրթիռների ուշ օգտագործումն էր: Ինչպես Су-30СМ-ները,[136] սա ևս հայկական բանակի սակավաթիվ բարձրակարգ համակարգերից էր: Այն գնվել էր 2016-ի սկզբին՝ «70-100 մլն դոլարով»։[137] Ինչո՞ւ այդ բալիստիկ հրթիռները չօգտագործվեցին Ջաբրայիլի հակահարձակման ժամանակ կամ Ադրբեջանի կարևոր ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Այս հարցերը հնչում են հայ փորձագետների կողմից, սակայն մնում են անպատասխան։ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Իսկանդերը չի պայթել կամ (...) պայթել է, ասենք, 10 տոկոսով»։[138] Այս հայտարարությունը առաջացրեց բարձրաստիճան զինվորականների դժգոհությունը և ի վերջո հանգեցրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը։ Շուշիի ճակատամարտի վերջին օրը երեք հրթիռ է արձակվել, սակայն դրանք արդյունավետ չեն եղել լեռնային տեղանքում և փոփոխվող շփման գծում։

Հայկական ուժերը չկարողացան օգտագործել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները՝ ապահովելու Ղարաբաղի անվտանգությունը։ «Տարածքների ամբողջ իմաստը դրանք որպես «բուֆերային գոտի» օգտագործելն էր։ Բայց երբ նրանք ճեղքեցին պաշտպանությունը, ոտքով հասան մինչև Խուդաֆերինի ամբարտակ»։[139] Ելնելով հարցազրույցներից՝ բացատրությունը, որ կարող եմ տալ, այն է, որ հայկական ռազմական մտածողությունը չափից ավելի կենտրոնացած էր առաջնագիծը պաշտպանելու վրա և չուներ շարժական պաշտպանության ռազմավարության պլաններ, ոչ էլ ճարպկություն՝ փոփոխվող ճակատներով մեծ պատերազմի պայմաններում։ Դրան պատրաստ չէին ո՛չ բարձրագույն հրամանատարությունը, ո՛չ էլ ստորաբաժանումները։ Արդյունքը եղավ այն, որ պատերազմի ընթացքում հայկական զինուժը չկարողացավ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներն օգտագործել որպես ռազմավարական առավելություն և հակառակորդին անկյուն մղելու համար ընտրել ճիշտ վայր, այլ ոչ թե Ջաբրայիլի դաշտերում թշնամական կրակի տակ դնել իր էլիտար ուժերին։

Դեպի հրադադար

Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ քննադատներ մեղադրում են հրադադարի համաձայնագիրն ավելի շուտ չստորագրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը ճեղքել էին հայկական պաշտպանությունը։ Այնուամենայնիվ, հարցն այն է, թե Ալիևը պատրա՞ստ էր արդյոք ընդունել հրադադարը այն ժամանակ, երբ իր ուժերն անխոչընդոտ առաջ էին գնում: Պատերազմի սկզբից Ալիևը խուսափում էր Պուտինի զանգերից, ընդհուպ մինչև Պուտինի ծննդյան օրը (հոկտեմբերի 7): Դրանից հետո Մոսկվայում Մնացականյանի և Բայրամովի` ժամեր տևած բանակցություններից հետո ձեռք բերվեց հրադադարի մասին առաջին պայմանավորվածությունը։ Սակայն հաջորդ օրը ծանր մարտերը վերսկսվեցին։ Ալիևը պատրաստ չէր կանգնեցնել պատերազմը։

«Հոկտեմբերի 10-ին, կարծեմ, Մոսկվայում հանդիպում եղավ, և ընդունվեց հայտարարություն, որը մեզ համար լիարժեք ընդունելի էր։ Եվ այդ հայտարարությունը ցույց է տալիս նաև բանակցային ողջ գործընթացի հետ կապված նախորդ շրջանի պատմությունը՝ հրադադարը չպահպանվեց այն պատճառով, որ Ադրբեջանը համաձայն չէր ընդունված տեքստի հետ»,– ասում է Փաշինյանը։[140] Նրա խոսքով՝ դա Բաքվի  տակտիկան էր՝ սեղանի շուրջ թույլ չտալ, որ արձանագրվի, թե ինքը դեստրուկտիվ դիրքորոշում ունի, բայց հետագայում գնալ և չիրականացնել այդ պայմանավորվածությունը։

Ե՞րբ հստակ դարձավ, որ հայկական բանակն ունակ չէ ադրբեջանական հարձակմանը դիմակայելու։ «Ինձ համար, որ անիմաստ է շարունակելը, Շուշիի անկումն էր»,– ասում է Փաշինյանը։[141]

Նոյեմբերի 19-ին, այսինքն՝ հրադադարի համաձայնագրից տասը օր անց, Պուտինն ասաց. «Հոկտեմբերի 19-ից 20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Եվ այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը վերականգնել էին վերահսկողությունը Ղարաբաղի աննշան՝ հարավային հատվածի վրա: Ընդհանուր առմամբ, ես կարողացա համոզել նախագահ Ալիևին, որ հնարավոր է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում՝ Շուշա [տեղանունը՝ Պուտինի արտասանությամբ]։ «Բայց ինձ համար անսպասելիորեն այս տարբերակն անընդունելի էր մեր հայ գործընկերների համար, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ այդ դեպքում Հայաստանի և Ղարաբաղի շահերին սպառնալիք է տեսնում»։[142]

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ «ադրբեջանցիները լկտի էին, և, հավանաբար, Թուրքիան նրանց խրախուսում էր՝ անտեսելու և խախտելու հրադադարի երեք համաձայնագրերը (հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի միջնորդությամբ և հոկտեմբերի 25-ին՝ Վաշինգտոնում)՝ գործնականում նվաստացնելով միջնորդներից յուրաքանչյուրին և բոլորին միասին՝ շարունակելով պատերազմը»։[143] Ալիևը հրադադարին համաձայնեց միայն նոյեմբերի 9-ին այն բանից հետո, երբ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերն իրենց բազաներից սկսեցին շարժվել դեպի Ղարաբաղ՝ կասեցնելու Ստեփանակերտի անկումը։

«Ադրբեջանը պատերազմի առաջին օրից հայտարարել է, որ պատերազմը կկանգնի այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս գա իր հողերից (նկատի ունի յոթ շրջանները)»,– ասում է Նիկոլ Փաշինյանը:[144]

Ինչո՞ւ Հայաստանը պարտվեց

Հայկական կողմը պատերազմում պարտվեց հետախուզության բացերի, անակնկալների տարերքի, բոլոր մակարդակներում հրամանատարական խնդիրների, ստորաբաժանումների անկազմակերպվածության, ստորաբաժանումների միջև կապի և համակարգման բացակայության, կարգապահության բացակայության, ինչպես նաև մարդկային և նյութական մեծ կորուստների պատճառով, որոնք քայքայեցին բանակի մարտունակությունը:

Ինչպես տեսանք վերևում, 2020-ի պատերազմում Հայաստանի պարտության հիմքում կային երկարաժամկետ, բազմաշերտ և ռազմավարական պատճառներ: Այնուամենայնիվ, հայ զինվորական պաշտոնյաները պարտությունը գլխավորապես վերագրում են ռազմական և քաղաքական ղեկավարության ցածր որակին: «Որովհետև Հայաստանի ղեկավարությունը վախենում էր բանակից և փոխեց նրա փորձառու ղեկավարներին»,– հարցին այսպես պատասխանեց Սերժ Սարգսյանը։[145] Սեյրան Օհանյանի կարծիքով էլ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չուներ պատերազմական ժամանակների ղեկավարի որակներ․ «Ես նրա մոտ չեմ տեսել այդ փորձառությունը, որ կարողանա խաղաղից պատերազմական փոխադրի ու կարողանա առաջնորդել Արցախի ղեկավարությանը, Պաշտպանության բանակը»:[146]

«Սեպտեմբերի 29-ից սկսած՝ բանակում կառավարում չի եղել։ Կառավարումը զրո է եղել։ (…) Որովհետև հրամանատարական թույլ կոնտինգենտ է եղել, Նիկոլը բոլորին փոխել էր, ինչքան թույլ հրամանատար կար, նշանակել էր։ Բանակի հրամանատարը Լևոն Մնացականյանն էր, (…) նրան հանել էին, նշանակել Ջալալ Հարությունյանին, որը շատ թույլ տղա էր»։[147] Սակայն նման կտրուկ դիրքորոշումները փոխվում են լուրջ քննարկումների դեպքում: Մեր հարցազրույցի վերջում Բալասանյանը այլ կարծիք էր հայտնում. «94 թվականին պարտված Ադրբեջանը համբերատար 20 տարուց ավել ուժեղացել է՝ ռազմապես, դիվանագիտորեն։ Մենք 94 թվականից արաղ ենք խմել, խոզի բուդ կերել, մեծ-մեծ խոսելով ման եկել։ Սա է իրավիճակը»։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված հիմնական մեղադրանքն այն է, թե ինչու համընդհանուր մոբիլիզացիա չհայտարարվեց։[148] Մյուս կողմից, Մովսես Հակոբյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ ավելի լավ էր մոբիլիզացիա չանել, քանի որ վատ պատրաստված և անկարգապահ Մոբը բանակում քաոս ու խուճապ է մտցրել։[149]

Հայկական կողմի ձախողման ավելի հիմնարար վերլուծություններ են անում երևանյան ռազմական վերլուծաբանները. «Արցախյան երկրորդ պատերազմում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միացյալ ուժերի պարտության պատճառները բազմազան են։ Առաջին հայացքից պարտության պատճառները պաշտպանությանը հատկացվող անբավարար ռեսուրսներն էին, ինչպես նաև տեխնոլոգիաների, ռազմական գործողությունների, զինվորական պատրաստության և մոբիլիզացիայի բացերը։ Այս թերությունները, սակայն, բոլորն էլ բխում էին Խորհրդային Միությունից ժառանգած և հյուծիչ պատերազմի ռազմական դոկտրինից»։[150]

«44-օրյա պատերազմի պարտության առանցքային պատճառը հետևյալն է,– ինչի մասին Լուկաշենկոն ասաց,– որովհետև պատերազմի տրամաբանությունն այն էր, որ մենք պիտի կռվենք թշնամու դեմ։ Բայց պարզվեց, որ մենք կռվում ենք ոչ միայն թշնամու… չպարզվեց, հետո իմացանք, որ մենք ոչ միայն թշնամու դեմ ենք կռվում, այլև բարեկամների։ Դա է առանցքային պատճառը»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։[151]

Դրսի վերլուծաբանները Հայաստանի պարտության համար ավելի լայն պատճառներ են նշում. «Ադրբեջանի ռազմական հաղթանակը տարբեր գործոններով է պայմանավորված՝ (...) Թուրքիայից և Իսրայելից ստացված ԱԹՍ-ների կիրառմամբ և Ադրբեջանի օպերատիվ գործողություններում և հրամանատարությունում բարձրաստիճան թուրք զինվորականների խորհրդատվական դերով»։[152]

Տեխնիկայի կորուստներ և զոհեր

2020-ի պատերազմի ընթացքում և առաջին իսկ օրվանից հայկական ուժերը մարդկային և տեխնիկայի մեծ կորուստներ կրեցին։ Օդային գերակայություն ունենալով՝ Ադրբեջանը հարձակումներ ձեռնարկեց հայկական հակաօդային պաշտպանության, զրահատեխնիկայի և հրետանու վրա։ Ավելի ուշ Ադրբեջանը հարձակումներ սկսեց բեռնատարներով ուղարկվող օժանդակ զորքերի վրա: Տեխնիկայի կորուստը հետզհետե սահմանափակում էր հայկական կողմի մարտական կարողությունները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայկական տեխնիկայի կորուստների վերաբերյալ հետևյալ տվյալներն ունեն. Հայաստանը մինչև պատերազմն ուներ «ավելի քան 500 միավոր հրետանային կայանք», և «ադրբեջանական բանակը ոչնչացրեց այդ զինատեսակի 2/3-ը»։ Հայաստանը կորցրեց 255 տանկ, 279 հրետանային կայանք, 85 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 39 ՀՕՊ կայանք, 18 ռադար, «և ավելի քան 730 տրանսպորտային միջոց, որոնք կամ ոչնչացվեցին, կամ վնասվեցին կամ էլ առգրավվեցին»։[153]

Բաց աղբյուրների և տեսողական ապացույցների վրա հիմնվող Oryx հարթակի համաձայն՝ հայկական կողմը տվել է տեխնիկայի փաստագրված ընդհանուր 1,676 միավորի կորուստ, որից 844 միավորը ոչնչացվել է, 796-ը՝ առգրավվել: Այս թիվը ներառում է 255 T-72 տանկ, 71 մարտական զրահա​​մեքենա, 82 հետևակի մարտական ​​մեքենա (БМП-1 և БМП-2), 279 միավոր քարշակվող հրետանի, 75 Град համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 737 բեռնատար ու ամենագնաց ավտոմոբիլ: Ըստ Oryx-ի՝ Ադրբեջանի տեխնիկայի կորուստները 243 միավոր է, այդ թվում՝ 62 տանկ, 9 զրահատեխնիկա, 72 հետևակի մարտական ​​մեքենա, 2 Град համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 46 բեռնատար և ամենագնաց ավտոմոբիլ:[154]

Oryx-ի ներկայացրած ոչ բոլոր կորուստներն են հավաստի։ Այնուամենայնիվ, փաստը, որ դրանք հիմնված են ադրբեջանական անօդաչուների տեսագրությունների վրա, և ոչ բոլոր կորուստներն են արձանագրված, քանի որ հայկական կողմը չուներ անօդաչուներ, որոշակի պատկերացում տալիս է զինտեխնիկայի կորուստների համամասնության մասին:

Ռազմավարական հաղորդակցության և վերլուծության ձախողում

Հայաստանի հաղորդակցությունը պատերազմի ժամանակ կառուցվեց «Հաղթելու ենք» կարգախոսով։ Դա պարզապես կարգախոս չէր, այլ ընդհանուր և խոր համոզմունք: Հայ հանրությունը հավատում էր հաղթանակին։ Դա է՛լ ավելի ցավալի դարձրեց ցնցող պարտությունը։ Փաստը, որ հայկական հանրային կարծիքին պարտությանը համարժեք պատմույթ չէր հրամցվել, ավելի խորացրեց բևեռացումը, հիասթափությունը և, ի վերջո, անտարբերությունը:

«Երեք օր հետո դադարեցի լսել [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ և խոսնակ] Արծրունին,– ասում է արցախցի մեդիա խորհրդատու Անուշ Ղավալյանը։– Երեք օր հետո հասկացա, որ պարտվում ենք»։[155] Ղավալյանի համար պատերազմի քաոսի պայմաններում «Հաղթելու ենք» կարգախոսն անտանելի էր։

Ներքին բևեռացումը ևս խանգարում է հայկական պետությանը գնահատելու պատերազմի և պարտության պատճառները։ Սեյրան Օհանյանը, որն այժմ ընդդիմության առաջնորդներից է, այսպես է բացատրում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետ համագործակցությունից իր հրաժարվելը. «Կա քննիչ հանձնաժողով՝ պատերազմի հանգամանքներն է քննում։ Մենք դրան հրաժարվեցինք գնալ, որովհետև մեր գնալը լեգիտիմացնելու էր այդ հանձնաժողովի եզրակացությունը։ Մենք ի սկզբանե այդ հանձնաժողովի հայտարարությունների, գործողությունների մեջ տեսանք, որ իրենք սլաքները տանում են դեպի զինվորականներ ու առավել ևս՝ մարտավարական օղակ են տանում սլաքները»։[156]

Պարտությունից մինչև Արցախի էթնիկ զտում

2020-ի պատերազմում հայկական պարտության և նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն գրավեց կամ ստացավ 1990-ականներին կորցրած յոթ շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, այլև գրավեց Հադրութն ու ռազմավարական նշանակություն ունեցող Շուշին։ Թեև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պահպանեց Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ մնացած հայաբնակ տարածքները՝ նրա անվտանգության արտաքին երաշխավորն այլևս ոչ թե Հայաստանի Հանրապետությունն էր, այլ Ռուսաստանի Դաշնությունը՝ իր խաղաղապահ զորակազմով։ 2020-ի պատերազմում Ադրբեջանի առաջխաղացման և նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքները վերադարձվեցին Ադրբեջանին, և Արցախը կորցրեց անվտանգության գոտին։ Այդ ժամանակվանից ադրբեջանական ուժերը մոտ էին հայկական գյուղերին ու քաղաքներին, ինչպես նաև ճանապարհներին ու հաղորդակցության ուղիներին։ Ղարաբաղը կորցրեց իր ռազմավարական խորքը։

2020-ի զինադադարի համաձայնագրից հետո Ադրբեջանը շարունակեց իր անողոք ռազմական ճնշումն ու լայնածավալ գործողությունը թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ։ 2020-ի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակվեց Խծաբերդի և Հին Թաղերի վրա։ Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանեցին հաջորդ օրը, և այդ գյուղերը համարեցին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք։ Հայկ Խանումյանը Խծաբերդի անկման մասին պատմում է. «[ՀՀ վարչապետի ռազմական հարցերով խորհրդական] Վաղարշակ Հարությունյանն ու ՊԲ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանը գնացել են Մոսկվա, ՌԴ Գլխավոր շտաբում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ սկսել են հատվածային քարտեզ ստորագրել։ Օրինակ՝ Ադրբեջանն ասում է՝ մենք Կարմիր Շուկայում ենք, ՀՀ ներկայացուցիչն ասում է՝ չէ, դուք Թաղավարդ գյուղի կեսում եք։ Ռուսաստանն ասում է՝ ես ստուգել եմ՝ այդպես է, ստորագրում են, անցնում առաջ։ Երբ գալիս են այս հատվածին, Ադրբեջանն ասում է՝ ես Լիսագոր գյուղում եմ։ ՀՀ-ն բան չի պատասխանում, չի ասում՝ չէ, Խծաբերդում մենք ենք։ Նորից ստորագրում են, անցնում առաջ։ Հենց Խծաբերդից ծնունդով Կարեն Աբրահամյանը չգիտեր, որ իրենց գյուղը մեր վերահսկողության տակ է։ Երբ մենք հետո բողոքի գործողություններով գնացինք ռուսների մոտ, Մուրադովն ասաց՝ ձերոնք համաձայնել են քարտեզով, ի՞նչ եք ուզում»։[157]

Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Հայաստանը Արցախի պաշտպանության բանակին փոխանցեց մեծ թվով զինտեխնիկա։ 2023-ին Ղարաբաղում կար «173 տանկ և ՀՄՄ»։[158] Մի քանի աղբյուրների համաձայն՝ 2023-ին Ղարաբաղում եղել է 82 հատ T-72 տանկ։ Վառելիքի բացակայության պատճառով այդ տանկերը չեն օգտագործվել 2023-ի սեպտեմբերյան կարճատև պատերազմի ժամանակ։

Նոյեմբերի 9-ից հետո Ղարաբաղում համոզմունքն այն էր, որ մենք հինգ տարի ժամանակ ունենք ինքնակազմակերպվելու, թեև ոմանք կարծում էին, որ ռուսները եկել են, երբեք չեն հեռանա։ Սակայն ադրբեջանական կողմը շարունակեց ճնշումը թե՛ հայերի, թե՛ ռուս խաղաղապահների վրա, ինչը ավելի սաստկացավ 2022-ի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից և ռազմական անհաջողություններից հետո։ Փառուխի դեպքերից հետո Ղարաբաղում ռուսների նկատմամբ վստահությունը, որ նրանք կարող են անվտանգություն ապահովել, մարեց։[159]

2022-ի սեպտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը վեց ուղղություններով հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ 48 ժամ տևած մարտերի ընթացքում Հայաստանը տվեց 202 զոհ և 293 վիրավոր, իսկ Ադրբեջանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, 80 զոհ և 281 վիրավոր։ Զոհերի մեծ թիվը վկայում էր մարտերի ուժգնության մասին։ Այս մարտերի արդյունքում ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ առան Վարդենիսի և Ջերմուկի մերձակա ռազմավարական բարձունքները։ Այս անգամ հարձակումը հենց Հայաստանի վրա էր, և Ռուսաստանը կրկին ձեռնպահ մնաց որևէ քայլ ձեռնարկելուց՝ չնշելով անգամ նախահարձակի անունը։ «2022-ի սեպտեմբերի հարձակումներից հետո Հայաստանը կորցրեց վստահությունը Ռուսաստանի՝ որպես դաշնակցի նկատմամբ»։[160] Այդ հարձակումը ցույց տվեց, թե որքան միայնակ է Հայաստանը, որ Հայաստանը չի կարող պաշտպանվել ադրբեջանական հարձակումներից, առավել ևս՝ ռազմական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին ապագա հարձակումների դեպքում: Սեպտեմբերյան հարձակումներից հետո Հայաստանը ձեռնպահ մնաց Ղարաբաղին ոչ միայն նյութական, այլև դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերելուց՝ Ղարաբաղը ադրբեջանական հարձակումից պաշտպանելու համար։

Արցախն ի՞նչ հնարավորություններ ուներ բանակցելու Ադրբեջանի հետ։ 2021-2022 թվականներին ադրբեջանական կողմի հետ գլխավոր բանակցողը Վիտալի Բալասանյանն էր։ Նա, սակայն, բազմաթիվ հակառակորդներ ուներ հայկական ճամբարում։ Բալասանյանի խոսքով՝ անգամ Ղարաբաղի շրջափակումից հետո կարելի էր ճկուն քաղաքականություն վարել. «Ադրբեջանն ուզում էր մտնել Կաշենի հանք։ (…) Թող վերցնեին, ճիշտ չէ՞ր լինի հանքերը վերցնեին, բայց մենք մնայինք էնտեղ։ Թող անգլիացին աշխատեցներ, ով ուզում է՝ աշխատեցներ։ Չթողեցին՝ մտնեն։ Ռուսական կողմն առաջարկում էր՝ թող գան, մի անգամ նայեն, ստուգումներ անեն»։”[161] Այդուհանդերձ, Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց լուծել Ղարաբաղի խնդիրը՝ այդ հողից ջնջելով հայերի ներկայությունը, և դիվանագիտական ինչ մոտեցում էլ որդեգրեին Երևանը կամ Ստեփանակերտը, խնդրի էությունն այն էր, որ բավարար ռազմական ուժ չէին ունենալու ադրբեջանական շարունակական ագրեսիաներին դիմակայելու համար։

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը սկսեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը՝ Շուշիի մերձակայքում։ «Քաղաքացիական» ցուցարարները՝ իբր «բնապահպան ակտիվիստները», փակեցին ճանապարհը՝ պահանջելով, որ Ադրբեջանը ստուգայց կատարի Ղարաբաղի հանքեր։ Տարբեր տեղեկություններով՝ այդ «քաղաքացիական ակտիվիստները» իրականում Ադրբեջանի պետական ​​գործակալներ էին։[162] Փակելով ճանապարհը՝ նրանք փաստացի ամբողջական շրջափակման ենթարկեցին Արցախը։ Մի քանի օր անց ադրբեջանական ուժերը խափանեցին Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Եվ քանի որ ռուս խաղաղապահները համապատասխան արձագանք չցուցաբերեցին և չբացեցին ճանապարհը, ինչը նրանց պարտականությունն էր, և «միջազգային հանրությունը» որևէ կոնկրետ քայլ չձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության սովամահության դեմ, Ադրբեջանը ոչ միայն շարունակեց շուրջ տասնամսյա շրջափակումը, այլև 2023-ի ապրիլի 23-ին վերահսկողության տակ առավ Հաքարիի կամուրջը՝ խախտելով նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունը։ Թեև շրջափակման առաջին մի քանի ամիսներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ռուսական զինվորական մեքենաներին թույլատրվում էր անցնել և հիվանդների ու սահմանափակ քանակությամբ բժշկական պարագաներ տեղափոխել՝ 2023-ի հուլիսի 11-ին Ադրբեջանը Կարմիր խաչի փոխադրումները ևս դադարեցրեց։

Հակասական քննարկումների թեմա է 2023-ի սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչին հաջորդեց սեպտեմբերի 9-ին նոր նախագահի ընտրությունը Ազգային ժողովի կողմից։ Հարությունյանի հրաժարականը նրա վրա ճնշումների՞ արդյունք էր, թե՞ անձնական որոշում։ Սա Երևանում իշխանության և ընդդիմության պայքարի հիմնական թեմաներից էր??: Սերժ Սարգսյանը կապ չի տեսնում սեպտեմբերի 9-ի ընտրությունների և սեպտեմբերի 23-ի ադրբեջանական հարձակման միջև։ Սակայն դա կարող է այլ բացատրություն ունենալ։ Բալայանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը հոգնած էր հոգեբանորեն, գիտեր, որ երկար ամիսների շրջափակումից հետո ի վիճակի չէ ղեկավարել, և հրաժարական տվեց անձնական հոգնածությունից ելնելով, այլ ոչ թե ներքաղաքական խմորումների պատճառով։

2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ դեռ բանակցություններ էին ընթանում, Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ հարձակում սկսեց մի քանի ճակատներով՝ խախտելով նախկին պայմանավորվածությունները, մասնավորապես՝ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունը։ Թեև ռազմական գործողությունները տևեցին 48 ժամից էլ պակաս՝ դրանց ինտենսիվության մասին վկայում է մարտական կորուստների մեծ թիվը. Արցախը հաղորդեց ավելի քան 200 զոհի և 400-ից ավելի վիրավորի մասին, իսկ Ադրբեջանը՝ 192 զոհի և 511 վիրավորի։[163] Ադրբեջանական ուժերը կոտրեցին Արցախի հայկական պաշտպանությունը, վերահսկողության տակ առան ռազմավարական հաղորդակցությունները՝ Ստեփանակերտը կտրելով Մարտունուց և Մարտակերտից։ Հայկական ուժերը մեկուսացած էին մնացել փոքր հատվածներում և ի վիճակի չէին պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Տասը ամիս շրջափակումից հետո Ադրբեջանը միակողմանի բացեց Լաչինի միջանցքը՝ դատարկելով Ղարաբաղի ողջ հայ բնակչությանը։ Հաջորդ մի քանի օրում ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ Լաչինի միջանցքով հատեց դեպի Գորիս ճանապարհը և հայտնվեց Հայաստանում։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում ընդամենը մի քանի հայ մնաց: Ադրբեջանը ձերբակալեց Լեռնային Ղարաբաղի վեց պաշտոնյայի, այդ թվում՝ նախկին երեք նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Ազգային ժողովի խոսնակ Դավիթ Իշխանյանին, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին:[164]

Երեսունհինգ տարի անց ահա այսպես ավարտվեց Ղարաբաղի ինքնորոշման համար 1988-ին սկսված պայքարը։

Ղարաբաղի պաշտպանության բանակը և հայկական զինված ուժերը

2023-ից հետո Հայաստանի թուլությունն ավելի է ընդգծվում: Ադրբեջանն անգամ փոքրացած Ղարաբաղը չորս կողմից շրջապատելու համար ստիպված էր նշանակալի ուժեր կենտրոնացնել։ Հայաստանի հասցեին Ադրբեջանի սպառնալիքներում Ղարաբաղն այլևս չկա։ Իսկ Հայաստանը խնդիր ունի վերականգնելու կորցրած սպառազինությունը, բարեփոխելու զինված ուժերը մինչև ի վերջո Ադրբեջանի հետ կհասնի ռազմավարական հավասարակշռության։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրատապության նույնիսկ այս պայմաններում զբաղված է բյուրոկրատական հարցերով։ Սեյրան Օհանյանն այսպես է մեկնաբանում. «Բանակում հիմա ատեստացիա են անում ու ատեստացիայի արդյունքում աշխատավարձեր բարձրացնում, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում մարդկանց միջև։ (…) Համարեք՝ ես ու Մկրտիչը գումարտակի հրամանատարներ ենք։ Մկրտիչը հանձնել է այդ քննությունը, ես չեմ հանձնել, բայց հետո գնում են ստուգում, տեսնում, որ իմ գումարտակն ավելի լավն է, քան Մկրտիչինը։ Լինում է, չէ՞, որ մարդը ոսկե մեդալով ավարտում է համալսարանը, և ուսուցիչ դառնալ չի կարողանում, բայց գալիս է միջին գնահատականներով մեկը, երեխաների հետ ավելի լավ է աշխատում ու դառնում իսկական մանկավարժ։ Հիմա իրենք անհավասար պայմաններ են ստեղծում… առավել ևս, երբ համեմատում ես ատեստացիայի գումարները, տեսնում ես, որ մեծ մասը այն մարդիկ են ստանում, որ թիկունքում են, առաջնագծում չեն։ Մեր խնդիրը առաջնագիծը համալրելն է»։

Ղարաբաղի և Հայաստանի վրա շարունակական ռազմական հարձակումները, աշխարհաքաղաքական փոփոխվող իրավիճակը, ներիշխանական պայքարը, ինչպես նաև սահմանափակ ռեսուրսները 2020-ից ի վեր խոչընդոտել են իրականացվող ռազմական բարեփոխումները։

The Military Balance-2022 ամենամյա հանդեսը գրում է. «Պարզ չէր՝ արդյոք պատերազմից դասեր քաղելու առումով էական առաջընթաց կամ հանրային ու փորձագիտական ​​բովանդակալից բանավեճ եղել է զինված ուժերի ներկա վիճակի կամ հեռանկարների շուրջ, թե ոչ»:[165] Ավելին, Ղարաբաղի հարցի շուրջ քաղաքական փոխհրաձգությունը ավելի մեծ բևեռացման է տանում։ Հայաստանյան իշխանությունները թերևս հետաքրքրված չեն Ղարաբաղի քաղաքական, ինչպես նաև ռազմական սուբյեկտների պահպանմամբ, ինչը կարող է օգտագործվել իրենց դեմ։ Արդյունքում նրանք պատրաստ են Հայաստանի զինված ուժերում Ղարաբաղի զինվորականությանն ընդգրկել ոչ թե ըստ ստորաբաժանումների, այլ որպես անհատների: Ղարաբաղի պաշտպանության բանակում ծառայած փորձառու բազմաթիվ զինվորականներ այսօր հայկական բանակում ներգրավված չեն։ Քելբաջարի ճակատում տեղակայված ուժերի օպերատիվ շտաբը ղեկավարած բազմափորձ գնդապետ Սուրեն Սուրենյանն այժմ աշխատում է մասնավոր ընկերությունում։ ՀՕՊ ուժերի պատասխանատու նախկին գնդապետը, որը մեզ հետ անանունության պայմանով է խոսել, 2023-ին թողել է 27 տարվա ծառայությունն ու այժմ աշխատում է անվտանգության մասնավոր ընկերությունում։ 2020-ի պատերազմի ժամանակ Тор-ի հրամանատար Արամո Եգանյանը, որ սովորել է ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում և ծառայել 2009-2023 թվականներին, այժմ աշխատում է պատուհաններ արտադրող գործարանում։

Հավելված, զրուցակիցների ցանկը և հարցազրույցների ամսաթվերը

1․ Արծրուն Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ 2020-ի պատերազմի ժամանակ, հունիսի 15, 2024։

2․ Գրիգորի Սահակյան, հրետանու գնդապետ 2016-ի պատերազմի ժամանակ, մայիսի 15, 2024:

3․ Սամվել Բաբայան, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, մայիսի 15, 2024։

4․ Էդուարդ Առաքելյան, ռազմական վերլուծաբան, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն, մայիսի 15, 2024։

5․ Հայկ Խանումյան, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, մայիսի 16, 2024։

6․ Սամվել Բաբայան, երկրորդ հարցազրույցը, մայիսի 16, 2024:

7․ Էդիկ Բաղդասարյան, «Հետք» պարբերականի հիմնադիր, հետաքննող լրագրող, մայիսի 16, 2024:

8․ Հայկ Խանումյան, երկրորդ հարցազրույցը, մայիսի 17, 2024:

9․ Մովսես Հակոբյան, ԼՂՀ պաշտպանության նախարար՝ 2007-2015 թթ., ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ 2015-2016 թթ., ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ 2016-2018 թթ.։ Հարցազրույցը՝ մայիսի 17, 2024:

10․ Հարութ Մնացականյան, ազատամարտիկ, 2020-ի պատերազմի ժամանակ կռվել է հյուսիսային ճակատում, հետագայում պատասխանատու է եղել ԼՂՀ ռազմարդյունաբերության համար, մայիսի 17, 2024:

11․ Անանուն, ՀՕՊ ստորաբաժանումների գնդապետ մինչև 2023-ը, մայիսի 18, 2024:

12․ Վահան Սավադյան, Հադրութի քաղաքապետ, մայիսի 18, 2024։

13․ Արամո Եգանյան, Тор-ի հրամանատար, մայիսի 18, 2024։

14․ Լևոն Հովսեփյան, Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ, մայիսի 20, 2024։

15․ Լեոնիդ Ներսիսյան, APRI վելուծական կենտրոնի ռազմական փորձագետ, մայիսի 20, 2024:

16. Հայկ Հովհաննիսյան, Աղդամի ճակատում հրետանու (Д-30) հրամանատար, մայիսի 20, 2024:

17. Հովհաննես Նազարեթյան, EVN Report-ի հետաքննող լրագրող, մայիսի 20, 2024:

18․ Վահրամ Բալայան, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ, մայիսի 22, 2024։

19․ Արման Գալստյան, 2020-ի պատերազմի ժամանակ սերժանտ հյուսիսային ճակատում, մայիսի 23, 2024։

20․ Սեյրան Օհանյան, ՀՀ պաշտպանության նախարար 2008-2016 թթ., մայիսի 24, 2024։

21․ Սերժ Սարգսյան, ՀՀ երրորդ նախագահ 2008-2018 թթ., մայիսի 24, 2024։

22․ Տիգրան Գրիգորյան, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան, մայիսի 24, 2024։

23․ Բենիամին Պողոսյան, քաղաքագետ, ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նախկին փոխտնօրեն 2016-2019 թթ․, մայիսի 25, 2024:

24․ Սեյրան Օհանյան, երկրորդ հարցազրույցը, մայիսի 25, 2024:

25․ Աշոտ Ղուլյան, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ 2005-2020 թթ., մայիսի 26, 2024։

26․ Անանուն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնյա, մայիսի 26, 2024։

27․ Անանուն, Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնյա, մայիսի 27, 2024։

28․ Անուշ Ղավալյան, ԼՂՀ ԱԺ նախագահի նախկին մամուլի քարտուղար, մայիսի 27, 2024։

29․ Զոհրաբ Մնացականյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար 2018-2020 թթ․, մայիսի 28, 2024։

30․ Սուրեն Սուրենյան, 2-րդ բանակային կորպուսի (Քելբաջար) շտաբի պետ, մայիսի 28, 2024։

31․ Տիգրան Հովհաննիսյան, Նյու Յորքում և Թբիլիսիում ՀՀ նախկին ռազմական կցորդ, մայիսի 28, 2024։

32․ Զոհրաբ Մնացականյան, երկրորդ հարցազրույցը, մայիսի 29, 2024:

33․ Վիտալի Բալասանյան, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (2020-ի պատերազմից հետո), մայիսի 29, 2024:

34․ Յակոբ Տէր Խաչատուրեան, ՀՅԴ Բյուրոյի նախագահ, մայիսի 30, 2024։

35. Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, հոկտեմբերի 11, 2024։


[1] Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ՝ 2003-ի 213 միլիոն դոլարից 2009-ին հասնելով 1,155 մլրդ-ի, իսկ 2015-ին՝ 2,33 մլրդ-ի։ Իսկ Հայաստանի ռազմական բյուջեն 2003-ին կազմել է 168 մլն դոլար, 2003-ին՝ 380 մլն դոլար, 2009-ին՝ 380 մլն դոլար և 2015-ին՝ 461 մլն դոլար: Թվերը ներկայացված են SIPRI ռազմական ծախսերի տվյալների բազայից, 2020, https://www.sipri.org/databases/milex, այց` 15.10.2024:

[2] Ղարաբաղյան առաջին պատերազմի մասին տե՛ս՝ Վիգէն Չըթըրեան, «Պատերազմ և խաղաղություն Կովկասում։ Ռուսաստանի անհանգիստ սահմանը» (War and Peace in the Caucasus, Russia’s Troubled Frontier), Hurst, 2009, էջ 87-154, https://www.hurstpublishers.com/book/war-and-peace-in-the-caucasus/, այց` 15.10.2024: Ղարաբաղյան երկու պատերազմների համեմատական ​​ուսումնասիրության համար տե՛ս՝ Վիգէն Չըթըրեան, «Տեխնոլոգիական դետերմինի՞զմ, թե՞ ռազմավարական առավելություն։ Համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան երկու պատերազմները» (Technological determinism or strategic advantage? Comparing the two Karabakh Wars between Armenia and Azerbaijan), Journal of Strategic Studies, հատոր 47, թողարկում 2, 2024, էջ 214-237, https://doi.org/10.1080/01402390.2022.2127093, այց` 15.10.2024:

[3] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 24, 2024։

[4] Հարցազրույց Մովսես Հակոբյանի հետ, մայիսի 17, 2024։

[5] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[6] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[7] 2009-2018 թթ․ Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 23,6 մլրդ դոլար, իսկ Հայաստանինը՝ 4,3 մլրդ։ Տե՛ս՝ Sam Bhutia, “Armenia-Azerbaijan: Who’s the big defense spender?”, Eurasianet, October 29, 2019, https://eurasianet.org/armenia-azerbaijan-whos-the-big-defense-spender, այց` 15.10.2024:

[8] Խորհրդային տարիներին Հարավային Կովկասում Հայաստանն ու Վրաստանը սահմանակից էին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային և համարվում էին առաջնագիծ, իսկ Ադրբեջանը համարվում էր ռազմավարական խորք և, հետևաբար, այնտեղ էին տեղակայվում հիմնական ռազմակայաններն ու ռեզերվները: Արդյունքում, երբ սկսվեց Ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանն ուներ 278 տանկ, իսկ Հայաստանը՝ ընդամենը 77, Ադրբեջանը՝ 294 հրանոթ, Հայաստանը՝ 160, Ադրբեջանը՝ 50 ռազմական ինքնաթիռ, իսկ Հայաստանը գրեթե օդուժ չուներ՝ ընդամենը մարտական երեք ​​ինքնաթիռ։ Ադրբեջանի ամենամեծ առավելությունը առկա զինամթերքի ավելի մեծ քանակությունն էր։ Տե՛ս` Roy Allison, Military Forces in the Soviet Successor States, Adelphi Papers, International Institute for Strategic Studies, 1994, p. 86։ Մեկ այլ հետազոտության մեջ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Ադրբեջանում տեղակայված խորհրդային սպառազինությունը շատ ավելի է հաշվվում. «391 տանկ, 1285 միավոր զրահատեխնիկա, 463 հրետանային կայանք, 24 ուղղաթիռ, 124 կործանիչ»: Տե՛ս` Elkhan Mehdiyev, “Security Sector Reform in Azerbaijan: Key Milestones and Lessons Learned”, Geneva Centre for Security Sector Governance, no publication date, p․4։

[9] Հարցազրույց Հայկ Խանումյանի հետ, մայիսի 16, 2024։

[10] Հարցազրույց Վահրամ Բալայանի հետ, մայիսի 22, 2024։

[11] Ռազմական ծախսերի մասին առավել մանրամասն տե՛ս՝ https://www.sipri.org/databases/milex, այց` 15.10.2024:

[12] Հարցազրույց Էդիկ Բաղդասարյանի հետ, մայիսի 16, 2024։

[13] Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, մայիսի 15, 2024։

[14] Հարցազրույց Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024։

[15] Հարցազրույց Տիգրան Հովհաննիսյանի հետ, մայիսի 28, 2024։

[16] Հարցազրույց Էդուարդ Առաքելյանի հետ, մայիսի 15, 2024։

[17] Հարցազրույց Գրիգորի Սահակյանի հետ, մայիսի 15, 2024։

[18] Հարցազրույց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ, մայիսի 20, 2024։

[19] Հարցազրույց 2009-2023 թթ. ՀՕՊ սպա Արամո Եգանյանի հետ, մայիսի 18, 2024։

[20] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 24, 2024։

[21] Անանուն, հարցազրույց հայկական բանակի գնդապետի հետ, մայիսի 18, 2024։

[22] Հարցազրույց Բենիամին Պողոսյանի հետ, ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նախկին փոխտնօրեն, մայիսի 26, 2024։

[23] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 25, 2024։

[24] Haldun Yalçınkaya, “Turkey’s Overlooked Role in the Second Nagorno-Karabakh War”, The German Marshal Fund of the United States, January 21, 2021, https://www.gmfus.org/news/turkeys-overlooked-role-second-nagorno-karabakh-war, այց` 15.10.2024:

[25] Այս մասին հարուստ գրականություն կա։ Ի շարս այլ աշխատանքների տե՛ս` Sergey Markedonov, “Russia-Azerbaijan: an ambivalent partnership”, RIAC, October 16, 2013; Nurlan Aliyev, “Russia’s Arms Sales: A Foreign Policy Tool in Relations with Azerbaijan and Armenia”, Eurasia Daily Monitor, Vol. 15, Issue 47, March 28, 2018; Anar Valiyev and Narmina Mamishova, “Azerbaijan’s foreign policy towards Russia since independence: compromise achieved”, Southeast European and Black Sea Studies, Vol. 19, No. 2, 2019, pp. 269-291, այց` 15.10.2024:  

[26] Հարցազրույց Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024։

[27] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 24, 2024։

[28] Հարցազրույց Էդիկ Բաղդասարյանի հետ, մայիսի 16, 2024։

[29] Հարցազրույց Աշոտ Ղուլյանի հետ, մայիսի 26, 2024։

[30] Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ, հունիսի 15, 2024։

[31] «Դավիթ Տոնոյան․ Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը», ապրիլի 11, 2016, https://www.azatutyun.am/a/27666672.html, այց` 15.10.2024:

[32] Հարցազրույց Էդուարդ Առաքելյանի հետ, մայիսի 15, 2024։

[33] Тор-ը, որը ՆԱՏՕ-ի կողմից կոդավորված է որպես SA-15, խորհրդային արտադրության միջին հեռահարության զենիթահրթիռային համալիր է: Հայաստանն իր առաջին Tор M2KM-ները ստացել է 2019-ին։

[34] Смерч-ը խորհրդային և ռուսական արտադրության 300 մմ-ոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է։ Հայաստանն առաջին անգամ Смерч ստացել է 2018-ին։

[35] ТОС-1 Буратино-ն խորհրդային և ռուսական արտադրության 220 մմ-ոց համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ է։

[36] Հարցազրույցներ Էդուարդ Առաքելյանի (մայիսի 15, 2024) և Լեոնիդ Ներսիսյանի հետ (մայիսի 20, 2024)։

[37] Տեղեկատվությունը հավաքվել է Վիկիպեդիայից և The Military Balance 2022-ից։

[38] Levon Hovsepyan and Artyom A. Tonoyan, “From alliance to ‘soft conquest’: the anatomy of the Turkish-Azerbaijani military alliance before and after the 2020 Nagorno-Karabakh war”, Small Wars & Insurgencies, 2024, p. 633.

[39] Бук-ը խորհրդային արտադրության ինքնագնաց զենիթահրթիռային համալիր է։

[40] “Sarkisian ‘Satisfied’ With Armenian Military Arsenal,” Azatutyun, July 14, 2017: https://www.azatutyun.am/a/28616541.html, այց` 15.10.2024:

[41] Հարցազրույց Լեոնիդ Ներսիսյանի հետ, մայիսի 20, 2024։

[42] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[43] Հարցազրույց Վահրամ Բալայանի հետ, մայիսի 22, 2024։

[44] Հարցազրույց Աշոտ Ղուլյանի հետ, մայիսի 26, 2024։

[45] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[46] Հարցազրույց Աշոտ Ղուլյանի հետ, մայիսի 26, 2024։

[47] Հարցազրույց Գրիգորի Սահակյանի հետ, մայիսի 15, 2024։

[48] Անանուն, հարցազրույց ՀՀ պաշտոնյայի հետ, մայիսի 27, 2024։

[49] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[50] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[51] Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ, մայիսի 29, 2024։

[52] Հարցազրույց Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024։

[53] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[54] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 24, 2024։

[55] Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ, մայիսի 29, 2024։

[56] Հարցազրույց Բենիամին Պողոսյանի հետ, մայիսի 26, 2024։

[57] Հայաստանը սկզբնապես նախատեսում էր գնել ընդհանուր առմամբ 12 հատ Су-30СМ, սակայն մինչև 2020-ը մատակարարվել է միայն չորսը, որոնց օդաչուների պատրաստվածությունը բավարար չէր մարտական ​​գործողություններին ներգրավելու համար:

[58] Անանուն, հարցազրույց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, մայիսի 27, 2024։

[59] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[60]  Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[61]  Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[62] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[63] Հարցազրույց Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024։

[64] Օրինակ, 2020-ին Արցախում նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Հայաստանի նոր ղեկավարությանն անվանում էր «օտարերկրյա նախագիծ»։ Տե՛ս նրա հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը, https://www.youtube.com/watch?v=NIKe-KJzOWI&t=2s, այց` 15.10.2024:

[65] Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ, հունիսի 15, 2023։

[66] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[67] Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, մայիսի 15, 2024։

[68] Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ, հունիսի 15, 2024։ Հովհաննիսյանը 2020-ի պատերազմի ժամանակ ՊՆ ներկայացուցիչն էր և գլխավոր խոսնակը։

[69] Հարցազրույց Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024։

[70] «Սիվիլնեթ»-ի հարցազրույցը պահեստազորի սպա, հրետանավոր Արմեն Ասրյանի հետ, դեկտեմբերի 21, 2021, https://www.youtube.com/watch?v=qPBdMUdF2V0&t=1830s, այց` 15.10.2024:

[71] Հարցազրույց Մովսես Հակոբյանի հետ, մայիսի 17, 2024։

[72] Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին, օգոստոսի 5, 2019, https://www.primeminister.am/hy/press-release/item/2019/08/05/Rally/, այց` 15.10.2024:

[73] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[74] Հարցազրույց Զոհրաբ Մնացականյանի հետ, մայիսի 28, 2024։

[75] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[76] Կոստանտին Մակիենկո, Ռուսլան Պուխով, «Ռուսաստանը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտուած կո՞ղմ», Փոթորիկ Կովկասում, Newmag, 2022, էջ 89-105։

[77] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[78] Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, մայիսի 15, 2024։

[79] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[80] Հարցազրույց Արամո Եգանյանի հետ, մայիսի 18, 2024։

[81] Հարցազրույց Լեոնիդ Ներսիսյանի հետ, մայիսի 20, 2024։

[82] Հարցազրույց Մովսես Հակոբյանի հետ, մայիսի 17, 2024։

[83] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[84] Siranush Ghazanchyan, “Armenian Air Force equipped with new multifunctional helicopters”, Armenian Radio, January 25, 2022: https://en.armradio.am/2022/01/25/armenian-air-force-equipped-with-new-multifunctional-helicopters/, այց` 15.10.2024:

[85] Armenpress, November 22, 2021, https://armenpress.am/en/article/1068834, այց` 15.10.2024.

[86] Անանուն, հարցազրույց ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի հետ, մայիսի 26, 2024։

[87] Անանուն, հարցազրույց ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի հետ, մայիսի 26, 2024։

[88] Անանուն, հարցազրույց ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, մայիսի 27, 2024։

[89] Eurasianet, Pro-war Azerbaijani protesters break into parliament, July 15, 2020: https://eurasianet.org/pro-war-azerbaijani-protesters-break-into-parliament, այց` 15.10.2024:

[90] Հարցազրույց Զոհրաբ Մնացականյանի հետ, մայիսի 28, 2024։

[91] Հարցազրույց Մովսես Հակոբյանի հետ, մայիսի 17, 2024։

[92] Ինչպես ընկավ Շուշին. ականատեսների պատմությունները, Ազատություն, նոյեմբերի 10, 2021, https://www.youtube.com/watch?v=g0Nt8T6zcYg, այց` 15.10.2024:

[93] Հարցազրույց Էդիկ Բաղդասարյանի հետ, մայիսի 16, 2024։

[94] Հարցազրույց Արման Գալստյանի հետ՝ 2020-ի պատերազմի ժամանակ սերժանտ Մատաղիսի ճակատում, մայիսի 23, 2024։

[95] Հարցազրույց Հայկ Հովհաննիսյանի հետ, 2020-ի պատերազմում Աղդամի ճակատում հրետանու (Д-30) հրամանատար, մայիսի 20, 2024:

[96] Հարցազրույց Էդուարդ Առաքելյանի հետ, մայիսի 15, 2024։ Հիքմեթ Հասանովը տիրապետում է հայերենին՝ ըստ նրա Վիկիպեդիայի էջի, https://en.wikipedia.org/wiki/Hikmat_Hasanov, այց` 15.10.2024:

[97] Organization for Security and Co-operation in Europe, Permanent Council, PC.JOUR/1315, May 25, 2021, Annexe 3, page 3.

[98] Turan, December 12, 2022: https://turan.az/en/politics/appointment-of-bakhtiar-ersay-is-confirmation-of-azerbaijani-turkish-military-alliance, այց` 15.10.2024:

[99] Nejmeddin Sadikov, general, chief of General Staff of Azerbaijan, rumoured have been arrested in October 2020. See: Ulkar Natiqqizi, “The mystery of Azerbaijan’s missing army chief”, Eurasianet, March 3, 2021: https://eurasianet.org/the-mystery-of-azerbaijans-missing-army-chief, այց` 15.10.2024:

[100] See: https://www.yeniakit.com.tr/haber/azeri-hain-gitti-karabag-kurtuldu-turkiye-ihaneti-ortaya-cikardi-1506770.html, այց` 15.10.2024:

[101] Հարցազրույց Լևոն Հովսեփյանի հետ՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ, մայիսի 20, 2024։

[102] Հարցազրույց Էդիկ Բաղդասարյանի հետ, մայիսի 16, 2024։

[103] Անանուն, հարցազրույց ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի հետ, մայիսի 26, 2024։

[104] Ըստ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ 2024-ի մայիսի 18-ի հարցազրույցի և Հայկ Խանումյանի հետ 2024-ի մայիսի 16-ի հարցազրույցի։

[105] Հարցազրույց Հայկ Խանումյանի հետ, մայիսի 16, 2024։

[106] Հարցազրույց Գրիգորի Սահակյանի հետ, մայիսի 15, 2024։

[107] Անանուն, հարցազրույց հայկական ՀՕՊ ուժերի գնդապետի հետ, մայիսի 18, 2024։

[108] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[109] Հարցազրույց Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024։ С-300-ը, որը ՆԱՏՕ-ում հայտնի է SA-10, խորհրդային արտադրության հեռահար զենիթահրթիռային համալիր է: Harop-ը իսրայելական արտադրության ԱԹՍ է, որը հայտնի է նաև որպես կամիկաձե անօդաչու:

[110] ЗСУ-23-2-ը խորհրդային արտադրության 23 մմ-ոց ինքնագնաց զենիթային համալիր է։

[111] Игла-ն (ըստ ՆԱՏՕ-ի՝ SA-18) խորհրդային արտադրության կարճ հեռահարության շարժական զենիթահրթիռային համակարգ է։

[112] Հարցազրույց 2-րդ բանակային կորպուսի (Քելբաջարի ճակատ) շտաբի պետ Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024:

[113] Հարցազրույց Արամո Եգանյանի հետ, մայիսի 18, 2024։

[114] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 24, 2024։

[115] Հարցազրույց Վահան Սավադյանի հետ, մայիսի 18, 2024։

[116] Ըստ Սուրեն Սուրենյանի՝ այդ հակահարձակումների ժամանակ հայկական երկու Су-25 գրոհիչ խոցվել է։

[117] Ըստ Սուրեն Սուրենյանի հետ հարցազրույցի։

[118] T-72-ը խորհրդային արտադրության մարտական ​​տանկ է, որից կազմված է հայկական բանակի զրահատեխնիկայի ողնաշարը։

[119] БМП-ն խորհրդային արտադրության հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) է։

[120] ЗСУ-23-4-ը (Шилка) խորհրդային արտադրության ինքնագնաց զենիթային համալիր է՝ քառափող գնդացիրով։

[121] Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, մայիսի 15, 2024։

[122] Հարցազրույց Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024։

[123] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[124] Հարցազրույց Մովսես Հակոբյանի հետ, մայիսի 17, 2024։

[125] Հարցազրույց Սուրեն Սուրենյանի հետ, մայիսի 28, 2024։

[126] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[127] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[128]  Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[129] Հարցազրույց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ, մայիսի 18, 2024։

[130] Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ, հունիսի 15, 2024։

[131] Հարցազրույց Հայկ Խանումյանի հետ, մայիսի 16, 2024։

[132] Սամվել Բաբայանի գլխավորությամբ խորհրդակցություն Շոշ գյուղում 2020-ի նոյեմբերի 5-ին, https://www.youtube.com/watch?v=ni6r986LuyQ, այց` 15.10.2024:

[133] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 25, 2024։

[134] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 24, 2024։

[135] Искандер-ը (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SS-26) Ռուսաստանում նախագծված և արտադրված կարճ հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգ է։ Հայաստանը դրանից ստացել է 2016-ի սկզբին։

[136] Су-30СМ ռուսական արտադրության կործանիչ ինքնաթիռ է: Հայաստանը չորս Су-30СМ է ստացել 2019-ի դեկտեմբերին։

[137] “The Iskanders cost the Armenian budget 70-100 million USD: Union of Informed Citizens,”Aravot, September 27, 2016: https://en.aravot.am/2016/09/27/181582/, այց` 15.10.2024:

[138] Amos Chapple, “Explosive Rhetoric: The Russian Missile eat the Heart of Yerevan Unrest,” RFE/RL, February 26, 2021: https://www.rferl.org/a/russian-missile-iskander-armenia/31123725.html, այց` 15.10.2024:

[139] Հարցազրույց Զոհրաբ Մնացականյանի հետ, մայիսի 28, 2024։

[140] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[141] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[142] The Kremlin, “Replies to media questions on developments in Nagorno-Karabakh,” November 17, 2020: http://en.kremlin.ru/events/president/news/64431, այց` 15.10.2024:

[143] Հարցազրույց Զոհրաբ Մնացականյանի հետ, մայիսի 28, 2024։

[144] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[145] Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 24, 2024։

[146] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 25, 2024։

[147] Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ, մայիսի 29, 2024։

[148] Հարցազրույց Վահրամ Բալայանի հետ, մայիսի 22, 2024։

[149] «Հետք»-ի հարցազրույցը Մովսես Հակոբյանի հետ, հունիսի 14, 2023, https://www.youtube.com/watch?v=luR5v_moIv8&t=798s, այց` 15.10.2024:

[150] Zhirayr Amirkhanyan, “A Failure to Innovate: The Second Nagorno-Karabakh War”, Parameters, Vol. 52, No. 1, Spring 2022, pages 119-120.

[151] Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 11, 2024։

[152] Haldun Yalçınkaya, “Turkey’s Overlooked Role in the Second Nagorno-Karabakh War, January 21, 2021.

[153] Oleksandr Kovalenko, “Who is involved in Armenia’s ‘rearming cluster’?”, Azmedia, March 13, 2024.

[154] Jakub Janovsky et al., “The Fight For Nagorno-Karabakh: Documenting Losses On The Sides Of Armenia And Azerbaijan”, Oryx, September 27, 2020 (starting date): https://www.oryxspioenkop.com/2020/09/the-fight-for-nagorno-karabakh.html, այց` 15.10.2024:

[155] Հարցազրույց Անուշ Ղավալյանի հետ, մայիսի 27, 2024։

[156] Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, մայիսի 25, 2024։

[157] Հարցազրույց Հայկ Խանումյանի հետ, մայիսի 16, 2024։

[158] Հարցազրույց Մովսես Հակոբյանի հետ, մայիսի 17, 2024։

[159] Հարցազրույց Վահրամ Բալայանի հետ, մայիսի 22, 2024։

[160] Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ, հունիսի 15, 2023։

[161] Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ, մայիսի 29, 2024։

[162] Lusine Musayelian, “Who Are The Azerbaijani Eco-Activists?”, Azatutyun, December 14, 2022: https://www.azatutyun.am/a/32176325.html, այց` 15.10.2024:

[163] Azeri Press Agency, September 27, 2023, https://apa.az/en/domestic-policy/192-azerbaijani-servicemen-martyred-during-the-local-anti-terrorist-measures-412834, այց` 15.10.2024:

[164] Civilnet, October 9, 2023, https://civilnet.am/en/news/753592/who-are-the-karabakh-leaders-in-azerbaijani-custody/, այց` 15.10.2024:

[165] The Military Balance 2022, International Institute for Strategic Studies, page 176.

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում