Գլխավոր Լրահոս

Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման. ՊԵԿ-ի պարզաբանումը

Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման. ՊԵԿ-ի պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեն իր կայքում հրապարակել է քաղաքացիների՝ եկամուտների հայտարարագրման մասին հարցուպատասխան։ Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ 

ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։

1.  Արդյոք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա՞ են հարկման

Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե Դուք հայտարարատու եք և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր և բացի Ձեր աշխատավարձից ունեք նաև լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ՝ լրացնելով Ձեր հայտարարագրում որևէ հարկային պարտավորություն Դուք չեք ունենա։  

2. Արդյոք հայտարարագրման ենթակա՞ է Ձեր անշարժ և շարժական գույքը

Ոչ, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չէ ․ եկամուտների տարեկան հայտարարագրում Դուք պետք է ներառեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։  

3. Արդյոք հայտարարագրման ենթակա՞ են Ձեր ծախսերը

Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, Դուք պետք է հայտարարագրեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։  

4. Արդյոք պե՞տք է հայտարարագրեք Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները

Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետևաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։  

5. Սեփական հաշիվների միջև փոխանցումները, արդյոք պե՞տք է ներառել հայտարարագրում

Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները ՉԵՆ համարվում եկամուտներ և ՉԵՆ ներառվում եկամուտների հայտարարագրում։  

6. Եթե Դուք վճարային տերմինալից Ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք գումար, արդյոք պե՞տք է այդ տվյալները լրացնել հայտարարագրում

Ոչ, Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառեք հայտարարագրում։  

7. Եթե հայտարարագիր ներկայացնողը, միաժամանակ, հանդիսանում է ԱՁ, արդյոք հայտարարագրում պե՞տք է ներառել նաև ԱՁ-ի եկամուտները

Ոչ, ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։  

8. Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ փոխանցվել է գումար, արդյ՞ք այդ գումարները պե՞տք է ներառել հայտարարագրում

Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացվող եկամուտները։ Հետևաբար, եթե արտերկրից Ձեզ փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

9. Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում աշխատավարձ եք ստացել արտասահմանից, արդյոք այդ եկամուտները պե՞տք է հայտարարագրել

Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ եկամուտները։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում:

10. Արտասահմանից ստացված եկամուտները, որոնք արդեն հարկվել են ծագման երկրում, արդյոք կրկին պե՞տք է հարկվեն Հայաստանում

Եթե այդ եկամուտները հարկվել են արտասահմանում, ապա Հայաստանում կվճարեք եկամտի 20%-ի և այդ եկամուտից արտերկրում վճարված հարկի տարբերության չափով։  

11. Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացին որևէ ծառայության դիմաց եկամուտ է ստացել արտասահմանում գտնվող ֆիզանձից, արդյոք այդ եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում

Այո, ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում՝ անկախ այն հանգամանքից այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտային հարկով հարկման 20 տոկոս դրույքաչափով։  

12. Արդյոք համավարկառուն վարկառուի հետ միասին պե՞տք է հայտարարագրի ստացված վարկը

Ոչ, համավարկառուն` 2024 թվականի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։  

13. Արդյոք հայտարարագրման ենթակա՞ են ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս),  արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։  

14. Եթե 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, արդյոք դրանից ստացված եկամուտները պե՞տք է ներառեք հայտարարագրում

Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը)։ Եթե Դուք որևէ հիմքով հայտարատաու չեք, ապա լրացնում ենք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը։  

15. Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյոք պե՞տք է այդ եկամուտները ևս ներառեք հայտարարագրում

Այո, եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ:  

16. Արդյոք նվիրատվությունները պե՞տք է ներառվեն հայտարարագրում

Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով, ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

17. Արդյոք պե՞տք է հայտարարագրել տարբեր առիթներին ստացված դրամական նվերները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացել եք դրամական տեսքով նվերներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։  

18. Եթե որևէ մեկին տվել եք պարտքով գումար, արդյոք վերադարձվող գումարը ենթակա՞ է հայտարարագրման

Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։  

19. Արդյոք խնայողությունները ենթակա՞ են հայտարարագրման

Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։  

20. Եթե ՀՀ քաղաքացին 2024 թվականի ընթացքում ծառայության դիմաց ստացել է եկամուտ, արդյոք պե՞տք է հայտարարագրել այդ եկամուտները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում որևէ ծառայության դիմաց ստացել եք եկամուտ, ապա այդ  եկամուտները ևս պետք է ներառել հայտարարագրում, որը ենթակա է հարկման։  

21. Արդյոք հայտարարագրում պե՞տք է ներառել նպաստները, թոշակները, կրթաթոշակները և այլն

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։  

22. Արդյոք պե՞տք է հայտարարագրել երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստը, ինչպես նաև ալիմենտը

Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստ, ապա այդ գումարը ստացող ծնողը՝ հայտարարատու լինելու պարագայում, իր հայտարարագրում պետք է ներառի այդ եկամուտները, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։  

23. Շահումից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում և արդյոք դրանք ենթակա՞ են հարկման

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք հայտարարագրում։ Խաղատներում, տոտոլիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա ՉԵՆ հարկման։

24. Արդյոք պե՞տք է հայտարարագրել գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։ Այս եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները լրացվում են, եթե գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում