Էլեկտրամոբիլների հարկման մեխանիզմը կարող է փոխվել

Գևորգ Թոսունյան
Ֆինանսների նախարարությունը ավարտել է էլեկտրամոբիլների հարկման ընթացակարգերը վերանայելու նպատակով իրականացված ուսումնասիրությունը։ ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ ձևավորվել են նախնական առաջարկություններ, որոնք քննարկման փուլում են։
«Քննարկումների արդյունքներից կախված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ»,- փոխանցեցին նախարարությունից։
Ինչու է այս հարցը քննարկվում
Էլեկտոմոբիլների վարորդներն ու ոլորտի մասնագետները, մասնավորապես, շեշտում են, որ ձիաուժը ամենալավ հարկման համակարգը չէ հատկապես այդ մեքենաների նկատմամբ։
2024թ. հոկտեմբերին հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ներկայում տրանսպորտային միջոցի հարկման հիմքը հարկվող օբյեկտի, տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի քաշող շարժիչի հզորությունն է՝ որքան բարձր է հզորությունը, այնքան մեծ է հարկը: Սա վերաբերում է նաև էլեկտրական շարժիչով մեքենաներին։ Նախարարն ասել էր, որ քաղաքացիները դժգոհություն են հայտնել այս առիթով, ուստի գերատեսչությունն իրականացնում է ուսումնասիրություն՝ խոստանալով, որ մինչև 2024-ի տարեվերջ հանդես կգան «ավելի արդար առաջարկով»։
«Հաշվարկման սկզբունքը հիմնված է ձիաուժերի վրա, և էլեկտրամոբիլների որոշ տեսակներ կան, որոնք ունեն շատ բարձր ձիաուժեր։ Կարծում եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս ուսումնասիրությունը և հանդես կգանք նոր առաջարկով, որն ավելի արդար հաշվարկման մեխանիզմներ կկիրառի այս նոր իրողությունների պայմաններում»,- հայտարարել էր Վահե Հովհաննիսյանը:
Արտոնություններ Էլեկտրամոբիլների համար
Նախորդ տարի կառավարությունը նաև որոշեց տուրքից ազատել էլեկտրական մեքենաների ներմուծումը։ 2024թ. տվյալներով այդ արտոնությունից արդեն օգտվել է շուրջ 8 000 էլեկտրամոբիլ:
Քվոտավորման նոր մեխանիզմենրը, սակայն, այլ ձևով են բաժանվելու։ 8 000 մեքենայի խմբաքանակը կպահպանվի՝ փոփոխությամբ։
«2025-ի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ՝ 5 000 քվոտա կտրվի քաղաքացիներին, 3 000-ը՝ դիլերներին, այսինքն՝ այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ բերում են ծառայություններ»,- Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիտեք նաև՝
Civilnet










