2018-ին կաթողիկոսին հեռացնելը «մեր օրակարգի հարց չի եղել». Նիկոլ Փաշինյան

Պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ պետք է չխառնվի պետության գործերի մեջ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Դիտարկմանը, որ պետությունը «քիչ մը հեռացած է եկեղեցիեն», իսկ եկեղեցին կարևոր գործառույթ ունի Սփյուռքում հայապահպանության համար, Փաշինյանն արձագանքել է. «Ես կարծում եմ, որ պետության և եկեղեցու հարաբերությունները մեծ նկարի մեջ՝ մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն։ Որովհետև պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ պետք է չխառնվի պետության գործերի մեջ»։
Նա նշել է, որ 2018-ի հեղափոխության ժամանակ շատերն իրենից պահանջում էին, որ եկեղեցին նոր կաթողիկոս պետք է ունենա։
Հեղափոխության օրերին Հայաստանում մի խումբ նախկին հոգևորականներ նախաձեռնել էին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը։ Փաշինյանն ասել է, թե շատերը կասկածում էին, թե այդ «դրսևորումները իբր մենք ենք հրահրում, մենք ենք կազմակերպում»։
«Բայց դա իրականություն չէր։ Իրականությունն այն է, որ եթե մենք կազմակերպեինք, 2018 թվականին, կարծում եմ՝ բոլորդ համոզված էիք, որ շատ արագ արդյունքի կհասնենք։ Բայց դա մեր օրակարգի հարց չի եղել»,- ասել է Փաշինյանը։
«Ես հրապարակային էլ եմ ասել։ Ասել եմ՝ ժողովուրդ, կառավարության ի՞նչ գործն է՝ կաթողիկոսը ո՞վ պետք է լինի, որովհետև կաթողիկոսը նախ Ամենայն հայոց կաթողիկոսն է։ Հլը Հայաստանի Հանրապետության կաթողիկոս լիներ, կարելի էր ասել՝ դե Հայաստանի Հանրապետության, բայց իմ ի՞նչ գործն է»։
Շարունակելով՝ վարչապետն անդրադարձել է կառավարության և եկեղեցու հարաբերություններին։
«Վերջերս Սփյուռքի մի շատ հարգելի ներկայացուցչի հետ զրույց էի ունենում, ինքը բարձրացրեց այդ հարցը։ Ասաց՝ օրինակ, ի՞նչ խնդիր կա կառավարության և եկեղեցու հարաբերությունների մեջ։ Ասաց՝ իմ կարծիքով եկեղեցին պետք է լինի թափանցիկ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ բոլորը կառավարությունից պահանջում են թափանցիկություն։
«Մենք ունենք պետությունում օրենսդրություն։ Մենք ասում ենք, երբ որ մի բան վաճառում ես, պետք է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է։ Հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պետք է չտաս ՀԴՄ կտրոն։ Ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն։ Ընդ որում, ասում են՝ այս եկեղեցին ուզում եք հարկեք»,- նշել է Փաշինյանը։
«Մենք պարտավորվում ենք՝ ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն, զրո կոպեկ կմնա բյուջեում։ Ընդհակառակը, եթե պարզվի, որ լրացուցիչ ֆինանսավորում էլ է պետք եկեղեցու բնականոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովելու համար, կմտածենք լրացուցիչ ֆինանսավորում ունենալու համար էլ»։
Թեմա
Civilnet










