Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին անդրադարձավ ապաշրջափակման հարցին՝ նշելով, որ այն սկսել Հայաստանի հարավային հատվածից ամենաէժան և իրատեսական տարբերակն է։ Նա ընդգծեց, որ պաշտոնական Երևանի առաջարկը միաժամանակ լուծում է Հայաստանի և Ադրբեջանի բարձրացրած հարցերը։
«Այդ հարցի լուծումը հաշվի է առնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները։ Մենք առաջարկել ենք լուծում, որը միաժամանակ լուծում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի առաջ քաշած հարցերը», – նշեց Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման ու ապաշրջափակման մասին, հայտարարեց, որ պաշտոնական Երևանը առաջարկով է հանդես եկել Ադրբեջանին՝ ապաշրջափակումը սկսել հարավից։
«Մեր առաջարկն է, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ։ Էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղին է՝ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից, Մեղրիով դեպի Նախիջևան, հակառակ ուղղությամբ՝ Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հետադարձ։ Նպատակն է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով հնարավորություն ունենա միջազգային առևտրի համար, և հակառակը։ Մենք առաջարկում ենք սկսել բեռնափոխադրումներից, իսկ հետո կարող ենք անցնել ուղևորափոխադրումներին», – ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ այս գործընթացները պետք է իրականացվեն՝ հիմքում ունենալով միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումը։
Ինչո՞ւ Մեղրիով, վարչապետի խոսքով՝ մյուս երկաթուղին, որ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև Հաղարծնի հատվածում այնպիսի մեծ ավերվածություններ են, որ եկաթուղին վերականգնելը բավականին մեծ խնդիր է։
***
Պաշտոնական Երևանի նախնական գնահատականով Մեղրիի երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 մլն դոլար։ Բանակցությունները երկաթգծի, իսկ ավելի լայն՝ ապաշրջափակման ուղղությամբ սկսվեցին 2021-ի հունվարի 11-ից հետո, երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան երկրորդ համատեղ հայտարարությամբ։ Ապաշրջափակման մասին խոսվում է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը ստեղծվեց 2021-ի հունվարի 11-ից հետո։ Հայաստանն այստեղ ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խորհրդային տարիներին գործել է Իջևան-Աղստաֆա, ինչպես նաև Երևան-Աղստաֆա երկաթգիծը։ ՍիվիլՆեթը կառավարությունից պարզել էր, որ հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։ Այն, ի տարբերություն Հայաստանի հարավի՝ Մեղրիի մոտով անցնող երկաթգծի, մեծամասամբ պահպանվել է։ Նախնական գնահատականներով, սակայն, Իջևանի վերանորոգումը կարժենա 450 մլն դոլար։
ՍիվիլՆեթը նաև անդրադարձել է Մեղրիի երկաթգծի հարցին։ Մեղրի-Կապան երկաթուղին անցնում էր Հայաստանի հարավային սահմանագծով, մոտ 40 կմ էր, Երևան-Բաքու երկաթուղու մի մասն էր։ 90-ականների սկզբին Ադրբեջանը փակեց երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ, ապա դադարեց նաև Մեղրի-Կապան երկաթգծի գործունեությունը։ Երկաթգծի՝ 40 կմ հատվածի անհետացման մասին 2017-ի օոգոստոսին բարձրաձայնեց «ՍիվիլՆեթը»։ Այդ փաստով պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց գլխավոր դատախազին: Հարուցվեց քրեական գործ երկաթգծի հափշտակման դեպքով: Ավելի ուշ գործն ուղարկվեց զինվորական դատախազություն և նախաքննությունը հանձնարարվեց Հատուկ քննչական ծառայությանը:
Civilnet











