Գլխավոր Լրահոս

Երևանի քաղաքապետարանը սկսում է օդի որակի բարելավման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը սկսում է օդի որակի բարելավման աշխատանքներ

Գևորգ Թոսունյան

Երևանի քաղաքապետարանի՝ փետրվարի 3-ի գործակարգավարական նիստում հայտարարվեց օդի որակի բարձրացմանն ուղղված նոր ծրագրերի մեկնարկի մասին։ Այն նախատեսում են քննարկել այս շաբաթ ու ներկայացնել հաջորդիվ։

Օդի աղտոտվածության ներկայիս վիճակը Երևանում

Բնապահպանության վարչության տվյալներով՝ Երևանում շինհրապարակներում տեղադրված 161 մոնիթորինգային կայաններից հունվար ամսվա արդյունքներով ստացված տվյալները ցույց են տալիս, որ PM2.5-ի միջինացված IQ ինդեքսը կազմել է 149, իսկ PM10-ի դեպքում՝ 104։ Այս ցուցանիշները դասվում են անառողջ կատեգորիայի՝ հատկապես զգայուն խմբերի համար: 

Նիստում շեշտվեց, որ շինհրապարակներում տեղադրված մոնիթորինգային սարքերը չեն արտացոլում օդի ֆոնային աղտոտվածության ամբողջական պատկերը։ Միևնույն ժամանակ, շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի բաժնի տվյալներով՝ հունվարին օդում չտարբերակված փոշու մակարդակը սահմանված նորման գերազանցել է մինչև երկու անգամ:

Քաղաքապետարանի առաջիկա ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ համայնքի հաջորդ կարևոր գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդի որակի և օդում առկա փոշու նվազեցման խնդիրներին: Ավինյանի խոսքով՝ Երևանում օդի աղտոտվածության խնդիրներն ավելի սրված են աշնան վերջին և ձմռանը։ Պատճառներից են օդի ցածր ջերմաստիճանը և կանաչապատ տարածքների պակասը։

Քաղաքապետարանը նախատեսում է էական փոփոխություններ կատարել կանաչապատման քաղաքականության մեջ՝ ուշադրություն դարձնելով մշտադալար ծառատեսակների կիրառմանը, որոնք կնվազեցնեն փոշու մակարդակը:

Մարդածին աղտոտման դեմ պայքար

Ավինյանը նշեց, որ անհրաժեշտ է սահմանափակել աղտոտող մեքենաների օգտագործումը, հատկապես այն ավտոմեքենաների, որոնք հանել են կատալիզատորները։ Օդի չափիչ սարքերը ցույց են տալիս, որ նման մեքենաները զգալիորեն վատթարացնում են օդի որակը: Նա կարևորեց սահմանափակումներ մտցնելու հանգամանքը։

Հունվարի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ օդի աղտոտվածության խնդրին՝ հայտնելով, որ հանձնարարել է փոխվարչապետին, շրջակա միջավայրի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին ինտենսիվ աշխատել խնդրի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով հանրային լայն անհանգստությունը և ստացված բազմաթիվ նամակները:

Հանրային քննարկումների ժամանակ հաճախ հրապարակվում են շվեյցարական IQAir տեխնոլոգիական ընկերության և Երևանի քաղաքապետարանի մոնիթորինգային սարքերի տվյալները, որոնք վկայում են օդի աղտոտվածության բարձր մակարդակների մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում