Անորոշություն և հնարավորություններ. «Ամունդիի» վերլուծաբանը՝ գլոբալ տնտեսության միտումների մասին

Հրապարակվում է որպես գովազդ
«Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ անորոշությունը բարձր է, քան երբևէ: Սակայն հենց այս անորոշությունն է բացում նոր հնարավորություններ»,- իր ելույթն այսպես սկսեց Դիդիե Բորովսկին` «Ամունդի ներդրումային ինստիտուտի» (Amundi Investment Institute) մակրո քաղաքականության հետազոտությունների ղեկավարը, Երևանում հունվարի 30-ին կայացած «Ամունդի ներդրումային հեռանկարներ - 2025» համաժողովին։
Համաշխարհային ներդրումային շուկայի հեղինակավոր խաղացողներից Amundi-ի հայաստանյան ընկերությունը՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը», որը Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարման առաջատար ընկերություն է, կազմակերպել էր իր ամենամյա ներդրումային հեռանկարների քննարկումը։
Միջոցառումը, որը մաս է կազմում աշխարհի 20-ից ավելի երկրներում անցկացվող Amundi Investment Outlook գլոբալ նախաձեռնության, համախմբել էր ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների, ներդրողների, պետական կառույցների և բանկային հատվածի ներկայացուցիչների։ Համաշխարհային տնտեսության զարգացումներին և ներդրումային հնարավորություններին նվիրված քննարկման ընթացքում մասնակիցները վերլուծեցին շուկայական միտումները և ակտիվների արդյունավետ կառավարման ռազմավարությունները։

Բորովսկին կանխատեսում է, որ առաջիկա տարին կբնութագրվի տնտեսական աճի և գնաճի տարամիտվող դրսևորումներով՝ ստեղծելով ինչպես մարտահրավերներ, այնպես էլ եզակի հնարավորություններ ներդրողների համար:
Տնտեսական աճ և համակարգային մարտահրավերներ
Համաշխարհային տնտեսությունը վերջին տարիներին ցուցաբերել է նշանակալի դիմացկունություն: «Հատկապես տպավորիչ է ԱՄՆ տնտեսության վարքագիծը, որտեղ տնտեսական աճը հասել է մոտ 3%-ի՝ գերազանցելով բոլոր կանխատեսումները»,- նշում է Բորովսկին: Սա առավել ուշագրավ է՝ հաշվի առնելով վերջին 18 ամիսների ընթացքում դրամավարկային քաղաքականության էական խստացումը:
Գլոբալ միտումների համատեքստում Բորովսկին շեշտեց համաշխարահային տնտեսության գլխավոր խաղացողի` ԱՄՆ-ի դերը, որը Դոլանլդ Թրամփի վերադարձով դարձել է անորոշ: Ըստ այդմ, նա հատուկ ուշադրություն է դարձնում Դոնալդ Թրամփի առաջարկվող քաղաքականությունների հնարավոր ազդեցություններին:
«Թրամփի՝ ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսման քաղաքականությունը և նոր մաքսատուրքերի սահմանումը կարող են էական գնաճային ճնշումներ առաջացնել»,- նշում է Բորովսկին: «Աշխատաշուկայի սահմանափակումները կարող են հանգեցնել աշխատավարձերի աճի որոշ հատվածներում, իսկ մաքսատուրքերը մեխանիկորեն կբարձրացնեն սպառողական գները»:
Բորովսկին նշում է, որ հատկապես մտահոգիչ է այն, որ այս քաղաքականությունները առաջարկվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ տնտեսությունը արդեն իսկ գործում է լիարժեք զբաղվածության մակարդակում:

«Երբ դիտարկում ենք հարկաբյուջետային քաղաքականությունը լիարժեք զբաղվածության պայմաններում, գնաճային ռիսկերը միանշանակ վերընթաց են», - նկատում է փորձագետը` նշելով, որ ներկայում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սպասողական վիճակում է: Իսկ ԱՄՆ տնտեսությունը, նրա կանխատեսմամբ, չի կարող երկար պահպանել բարձր տնտեսական աճի միտումները, քանի որ այդ երկրի աճի պոտենցիալը 2% է:
Թրամփի առևտրային քաղաքականության վերաբերյալ փորձագետը նկատում է նրա յուրահատուկ մոտեցումը. «Թրամփը շատ գործարքային մարդ է: Արտաքին և տնտեսական քաղաքականությունները նրա մոտ սերտորեն փոխկապակցված են: Օրինակ՝ Կոլումբիայի դեպքում նա սպառնաց մաքսատուրքերով, սակայն երբ Կոլումբիան համաձայնեց ընդունել որոշ միգրանտների, մաքսատուրքերի սպառնալիքը վերացավ»:
Եվրոպայի նկատմամբ Թրամփի քաղաքականության մասին Բորովսկին ունի հատուկ դիտարկում. «Թեև Թրամփը քիչ է խոսում Եվրոպայի մասին՝ ի տարբերություն Կանադայի և Մեքսիկայի, սա չի նշանակում, որ նա չունի պլաններ: Նրա հիմնական նպատակն է, որ եվրոպացիները ավելացնեն պաշտպանության ծախսերը՝ ներկայիս 2%-ից հասցնելով մինչև 5%-ի, և ավելացնեն ԱՄՆ-ից ներմուծումը»:
Փորձագետը նաև նշում է, որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը տարբերվում է առաջինից. «Նա այս անգամ ավելի պատրաստված է: Նրա թիմի ընտրությունը, օրինակ՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի նշանակումը, որը խորոշ ներդրող է, գլոբալիստ և պրոտեկցիոնիզմի հակառակորդ, վկայում է, որ նա նախատեսում է ավելի զգուշավոր և աստիճանական մոտեցում մաքսատուրքերի քաղաքականության հարցում»:
Եվրոպական մարտահրավերներ և էներգետիկ անցում
«Եվրոպական տնտեսությունը, ցավոք, շարունակում է հիասթափեցնել»,- նկատում է Բորովսկին: Նրա գնահատմամբ, տարածաշրջանում առկա են մի շարք համակարգային խնդիրներ՝ մրցունակության պակաս, արտադրողականության ցածր մակարդակ և մասնավոր ներդրումների անբավարար ծավալ:
Էներգետիկ անցման գործընթացները նույնպես կարող են գնաճային ճնշումներ առաջացնել: «Սա հատկապես կարևոր է Եվրոպայի համար, որտեղ արդեն իսկ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգետիկ համակարգում գերազանցում է քարածխի մասնաբաժինը,- նշում է փորձագետը:- Սա ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անկախության տեսանկյունից»:
Այնուամենայնիվ, Բորովսկին նկատում է նաև դրական միտումներ. «Եվրոպայի փոքր տնտեսությունները, ինչպիսիք են Իսպանիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Հունաստանը, ցուցաբերում են տպավորիչ աճ՝ 2%-ից մինչև 4%: Եթե դիտարկենք Եվրոգոտին ամբողջությամբ, այս փոքր տնտեսությունների համախառն կշիռը համարժեք է Գերմանիայի տնտեսության չափին»:
Գերմանիայի վերաբերյալ փորձագետը հատուկ ուշադրություն է դարձնում 2025-ի փետրվարին նախատեսված ընտրություններին: «Սա խիստ կարևոր է Գերմանիայի և ողջ Եվրոպայի համար: Գերմանացիները պետք է վերափոխեն իրենց տնտեսական մոդելը՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության խնդիրները և Չինաստանից ունեցած կախվածությունը»:

Էներգետիկ անցման գործընթացները նույնպես կարող են գնաճային ճնշումներ առաջացնել: «Սա հատկապես կարևոր է Եվրոպայի համար, որտեղ արդեն իսկ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգետիկ համակարգում գերազանցում է քարածխի մասնաբաժինը,- նշում է փորձագետը:- Սա ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անկախության տեսանկյունից»:
Բորովսկին հատուկ ընդգծում է Եվրոպական բանկային համակարգի դերը. «Եվրոպական բանկերը գտնվում են բարենպաստ դիրքում՝ շնորհիվ տոկոսադրույքների ներկայիս մակարդակի և կարգավորող միջավայրի: Նրանք ավելի քիչ են ենթարկված գլոբալ առևտրային լարվածությունների ազդեցությանը և կարող են օգտվել տեղական շուկաների աճից»:
Ռուսաստանի տնտեսություն
Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ Բորովսկին ներկայացնում է կարճաժամկետ և երկարաժամկեր տարամիտվող սցենարներ. «Ռուսաստանը վերածվել է պատերազմական տնտեսության, որտեղ ՀՆԱ-ի 6%-ը ուղղվում է պաշտպանության ոլորտին, ինչը աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Համեմատության համար՝ Եվրոպայում այս ցուցանիշը հազիվ է հասնում 2%-ի»:
«Զարմանալի է, բայց չնայած պատժամիջոցներին, տնտեսական աճը գերազանցել է սպասումները: Սա հիմնականում պայմանավորված է Չինաստանի հետ առևտրային կապերի ամրապնդմամբ: Ռուսաստանը կարողացել է վերակողմնորոշել իր էներգետիկ արտահանումը դեպի Չինաստան և Հնդկաստան»,- նշում է նա: Այնուամենայնիվ, ըստ նրա, երկարաժամկետ մի շարք մարտահրավերներ կան. «Ռուսաստանի տնտեսությունը կանգնած է կառուցվածքային լուրջ խնդիրների առջև: Ժողովրդագրական բացասական միտումները, միջազգային ներդրումների սահմանափակ հասանելիությունը և տեխնոլոգիական մեկուսացումը էականորեն սահմանափակում են երկարաժամկետ աճի ներուժը»:
«Առանց պաշտպանական ծախսերի հաշվառման՝ Ռուսաստանի պոտենցիալ աճը հաջորդ տասնամյակում կլինի էական ճնշման տակ,- կանխատեսում է Բորովսկին:- Խնդիրն այն է, որ Ռուսաստանի համար դժվար կլինի գրավիչ դարձնել ներդրումները ոչ պաշտպանական ոլորտներում»:
Միջազգային հարաբերությունների համատեքստում փորձագետը նշում է. «Նույնիսկ եթե Ռուսաստանի հետ հաջողվի հասնել համաձայնության Ուկրաինայի հարցում, արևմտյան տնտեսությունները պետք է արագ վերանայեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սցենարը: Հակառակ դեպքում, Ռուսաստանը ստիպված կլինի շարունակել ռազմական ծախսերի ավելացումը՝ որպես տնտեսական ակտիվությունը պահպանելու միակ միջոց»:
«Սա մտահոգիչ շրջափուլ է ստեղծում: Եվրոպական երկրները իրենց հերթին ստիպված կլինեն ավելացնել պաշտպանական ծախսերը՝ մոտակա տասնամյակում Եվրոպայում խաղաղությունը պահպանելու համար: Սա նոր աշխարհակարգ է, որին բոլորը պետք է հարմարվեն»,- ասում է Բորովսկին:
Զարգացող շուկաներ և տեխնոլոգիական փոփոխություններ
Զարգացող շուկաների վերլուծությունում Բորովսկին առանձնացնում է հակադիր միտումներ: «Հնդկաստանը ցուցաբերում է տպավորիչ աճի ներուժ՝ մոտ 6%, մինչդեռ Չինաստանում նկատվում է աճի տեմպի էական դանդաղում՝ մինչև 3%»,- բացատրում է նա՝ ավելացնելով, որ Չինաստանում առկա են դեֆլյացիոն ճնշումներ և անշարժ գույքի ոլորտի լուրջ խնդիրներ:
«Գնաճի բնույթը փոխվել է: Եթե նախկինում գնաճը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների և էներգակիրների գների աճով, ապա այժմ գնաճի հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն է»: Բորովսկին կանխատեսում է, որ կենտրոնական բանկերը այլևս չեն վերադառնա շատ ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը` շատ հաճախ որդեգրելով ավելի սպասողական վարքագիծ, որը նա բնութագրեց «սպասենք, տեսնենք» արտահայտությամբ:
Տեխնոլոգիական զարգացումների մասին խոսելիս Բորովսկին առանձնակի ուշադրություն է դարձնում արհեստական բանականությանը. «Առաջիկա հինգ տարիների ընթացքում այն կարող է էական դրական ազդեցություն ունենալ արտադրողականության վրա, սակայն չպետք է թերագնահատել մարդկային գործոնի դերը»:
Եզրահանգում
Ամփոփելով իր վերլուծությունը՝ Բորովսկին նշում է, որ չնայած շուկայական անկայունություններին, գլոբալ ներդրումային լանդշաֆտը առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ՝ սկսած զարգացող ասիական շուկաներից մինչև կայուն զարգացման երկարաժամկետ ներդրումային թեմաները:
Հատկապես խոստումնալից են համարվում ֆիքսված եկամտով գործիքները, փոքր կապիտալիզացիայով ընկերությունները և ֆինանսական հաստատությունները։ Փորձագետը կարևորում է ակտիվների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար։
«Անորոշության բարձր մակարդակը պահանջում է զգուշավոր և ակտիվ կառավարման մոտեցում, սակայն ճիշտ ռազմավարության դեպքում ներկայիս մարտահրավերները կարող են վերածվել նշանակալի հնարավորությունների»,- եզրափակում է Բորովսկին:
Civilnet










