Արշալույս Մղդեսյան
Հայաստանում մոդուլյար ատոմակայան կառուցելու հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ նման կայաններ դեռ որևէ տեղ չեն կառուցվել. այս մասին ասաց էներգետիկայի մասնագետ Հակոբ Վարդանյանը, որը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մինչև 2024-ի հոկտեմբերը համակարգել է էներգետիկայի ոլորտը։
Չորեքշաբթի Երևանում ՍիվիլՆեթի կազմակերպած «Հայաստանի էներգետիկ անվտանգությունը. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկմանը Վարդանյանն ընդգծեց, որ միջուկային նոր էներգաբլոկի տեխնոլոգիական ընտրության հարցում պետք է զգուշավոր մոտեցում ունենալ, մասնավորապես՝ մոդուլյար ռեակտորների հարցում։ «Մոդուլյար ռեակտորները դեռ լիովին փորձարկված չեն, դրանց կառուցումը տնտեսական մեծ ռիսկեր է պարունակում, իսկ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ թանկարժեք և չփորձարկված տեխնոլոգիաներ»,- ասաց նա։
Հայաստանի կառավարությունը հրապարակայնորեն քննարկում է մոդուլյար ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի սեպտեմբերին հայտարարեց երկրում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու ռազմավարական որոշման մասին։
Հակոբ Վարդանյանը զգուշացնում է մոդուլային կայանների հետ կապված խնդիրների մասին։ «Մոդուլային կայանների բոլոր նախագծողները վերջին վեց տարվա ընթացքում միշտ ասում են՝ մյուս տարի պատրաստ է լինելու։ Որևէ մեկի մոտ դեռևս պատրաստ չէ»,- ասում է նա՝ հավելելով, որ միայն մեկ ընկերություն՝ ամերիկյան NuScale-ն է ստացել անհրաժեշտ բոլոր արտոնագրերը, սակայն նույնիսկ ԱՄՆ-ում չի կառուցվել նախատեսված մոդուլային կայանը՝ կապիտալ մեծ ծախսերի պատճառով։

Լուսանկարում՝ Հակոբ Վարդանյանը
Վարդանյանը նշեց, որ մոդուլային էներգաբլոկի շուրջ քննարկումները կարող են լինել արտաքին քաղաքական մոտեցման և արևմտյան գործընկերների հետ համագործակցության փորձ և «մենք պետք է չափազանց զգույշ լինենք նման որոշում կայացնելու հարցում»։
Արևմտյան տեխնոլոգիաներով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու գաղափարի շուրջ քննարկումներն ակտիվացան միջուկային ոլորտում հայ-ամերիկյան գործակցության խորացմանը զուգահեռ, որոնց փաստաթղթային արտահայտությունը հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործակցության մասին համաձայնագիրն է։ Այն, ի շարս այլ ոլորտների, համագործակցություն է նախատեսում քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։
«Երբ ասում ենք մոդուլյար ատոմակայան, միշտ պատկերացնում ենք արևմտյան տեխնոլոգիաներ»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ պայմանական 100 մոդուլյար ծրագրերից թերևս հինգն է իրական մոդուլյար, մնացածը պարզապես փոքր բլոկներ են։ «Փոքր էներգաբլոկների ռուսական տեխնոլոգիաներ էլ կան։ Այնպես չէ, որ եթե ընտրեցինք փոքրը, մոդուլյարը, այն անպայման պետք է լիննի արևմտյան։ Որոշումը պետք է կայացնել այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով»,- ասաց նախկին փոխնախարարը։
Ատմոակայանի ընտրություն՝ տնտեսական նպատակահարմարությամբ
Հարավային Կովկասում միակ՝ Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ) շահագործման է հանձնվել 1976-ին։ 1988-ի երկրաշարժից հետո դրա շահագործումը դադարեցվեց, էներգաբլոկներից մեկը՝ կոնսերվացվեց։ 1990-ականների երկրորդ կեսին շահագործվեց ՀԱԷԿ-ի մեկ էներգաբլոկը՝ 400 Մվտ հզորությամբ, որի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին։ Վերազինումից հետո ներկայում շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը՝ ևս երեք տարի ավելացնելու հնարավորությամբ։ ՀԱԷԿ-ը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։
Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանի համար առավել նպատակահարմար է դիտարկել մինչև 600 Մվտ հզորությամբ կայանների տարբերակը. «Մենք պետք է ունենանք այնպիսի համակարգ, որը բաղկացած կլինի ավելի փոքր կայաններից, ավելի ճկուն և մանևրելու մեծ հնարավորություն ունեցող կայաններից»։
Հակոբ Վարդանյանը կարևորում է նաև համագործակցությունը այն երկրի հետ, որը ի վերջո կառուցելու է ատոմակայանը. «Այդ երկրի հետ հարաբերությունը 60-100 տարի պետք է պահպանենք, քանի որ կա ատոմակայանի սպասարկման և վառելիքի հուսալի մատակարարման խնդիր»։ Նախկին փոխնախարարը նշում է, որ սպասարկողին և վառելիքի մատակարարին փոխել տեսականորեն հնարավոր է, բայց դրանք հավելյալ մեծ խնդիրներ են։
Քննարկման մյուս բանախոս, Էներգախնայողության հիմնադրամի ղեկավար Աստղինե Պասոյանն ընդգծեց, որ նոր ատամոկայան կառուցելու հարցում անպայմանորեն պետք է հաշվի առնել դրա ոչ միայն տեխնիկական հնարավորությունները, այլև տնտեսական նպատակահարմարությունը և երկրի էներգետիկ անվտանգության խնդիրները։ Պասոյանը հատուկ ուշադրություն է հրավիրում որոշումների կայացման գործընթացի վրա. «Դա քաղաքական ընտրություն չէ, տեխնիկատնտեսական խորը հիմնավորում պիտի լինի, որի հիման վրա այդ որոշումը կայացվի և այն չազդի հետագայում Հայաստանի էներգասպառողների վճարած սակագնի վրա»։

Լուսանկարում՝ Աստղինե Պասոյանը
Բանախոսները միաձայն էին, որ Հայաստանում չի կարող 1,000-1,200 Մվտ հզորության ատոմակայան կառուցվել, քանի որ երկրի տնտեսական զարգացման ներկայիս տեմպերը և էներգահամակարգի առանձնահատկությունները դա թույլ չեն տալիս։ Այդպիսի հզորության ատոմակայանը կարող է մոտ 9 մլրդ դոլարի ներդրում պահանջել։ Իսկ տեսականորեն նման հզորության կայանի գործարկման դեպքում տարածաշրջանում պետք է լինեն էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններ, քանի որ տեղական շուկան փոքր է։ Նման կայանի գործարկումը նաև կխոչըդնոտդի այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, այդ թվում՝ արևային։
Read the article in English: Armenia unlikely to build modular nuclear power plant, says former official
Civilnet











