Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (ՀԷՑ) սկսում է Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման համակարգի արդիականացումը, որը նախատեսվում է ավարտել 2026-ին: Այս մասին ասել է ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում՝ նշելով, որ ծրագրի հիմնական նպատակն է գրեթե ամբողջությամբ բացառել հոսանքազրկումները մայրաքաղաքի կենտրոնական հատվածում:
«Մենք անցնում ենք երկկողմանի մագիստրալային սխեմայի, որն ավտոմատ փոխանցումներով և սկադա համակարգով 98 տոկոսով կբացառի հոսանքազրկումները»,- ասել է Գրիգորյանը։
Երևանում վերջին ժամանակահատվածում հաճախացել են հոսանքազրկումները, որոնք երբեմն տևական բնույթ են կրում: ՀԷՑ-ի տվյալներով՝ խնդիրն ունի մի քանի հիմնական պատճառ, որոնք ոչ միշտ են պայմանավորված ընկերության գործունեությամբ:
Հոսանքազրկումների էական մասը՝ մոտ 22 տոկոսը՝ 2024-ի տվյալներով, առաջանում է Երևանում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով, երբ վնասվում են ընկերության մալուխները: Խնդիրը խորանում է նաև էլեկտրամատակարարման համակարգի աճող ծանրաբեռնվածության պատճառով: Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին երեք տարվա ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է 68,000 նոր բաժանորդ, ինչը զգալի ճնշում է ստեղծում առկա ենթակառուցվածքների վրա:
«Միայն անցյալ տարի նոր միացումների համար ծախսել ենք 18-20 մլրդ դրամ, իսկ նախորդ տարի՝ 22 մլրդ»,- հայտնել է ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենը:
Դրան զուգահեռ նկատվել է նոր միտում` փոխվել է սպառման սեզոնայնությունը: «Եթե նախկինում առավելագույն սպառումը գրանցվում էր Ամանորի օրերին, ապա այժմ հուլիս-օգոստոս ամիսներին: Սա պայմանավորված է օդորակիչների օգտագործման աճով, բիզնեսի աշխուժացմամբ և բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ»,- բացատրել է նա:
Գրիգորյանի խոսքով՝ Երևանի կենտրոնի էլեկտրական ենթակառուցվածքի արդիականացման ծրագիրը ներառում է 35-38 կմ ստորգետնյա նոր մալուխների անցկացում, 54 ենթակայանների դուրսբերում շենքերի տակից, նոր բաշխիչ կետերի կառուցում և ավտոմատ կառավարման համակարգի ներդրում: «Կառուցվելու է երկրորդ մալուխագիծ և տեղադրվելու է երկրորդ տրանսֆորմատոր: Եթե առաջին մալուխը վնասվի, ավտոմատ համակարգը կմիացնի երկրորդը՝ առանց մարդու միջամտության»,- ասում է ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենը:
Նա վստահեցնում է, որ ՀԷՑ-ը սերտ համագործակցում է Երևանի քաղաքապետարանի հետ ծրագրի իրականացման համար: Քաղաքապետարանը պետք է տրամադրի համապատասխան թույլտվություններ և օժանդակի տեղահատկացման հարցերում: «Քաղաքապետարանի հետ քննարկում ենք նաև խրամուղիների համատեղ օգտագործման հարցը, որպեսզի նույն տեղը երկու անգամ չփորվի»,- ասել է Գրիգորյանը:
Ծրագիրն արդեն մեկնարկել է բաշխիչ կետերի վերակառուցմամբ: Ըստ ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենի՝ աշխատանքները կիրականացվեն փուլ առ փուլ և կավարտվեն 2026-ի վերջին: «Ես նոր եմ վերադարձել Թբիլիսիից, որտեղ նմանատիպ համակարգ է ներդրվել և բավական էֆեկտիվ է աշխատում»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ հայկական կողմը հաշվի է առել նաև վրացական փորձը:
ՀԷՑ-ը Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցը շահագործող և կառավարող ընկերությունն է։ Այն պատկանում է Տաշիր ընկերությունների խմբին։
Արշալույս Մղդեսյանի ամբողջական զրույցը ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանի հետ՝ ստորև։
Civilnet











