Գլխավոր Լրահոս

Հայաստանի ՀՆԱ-ն 2024-ին աճել է 6%-ով՝ կառավարության կանխատեսածից քիչ 1%-ով

Հայաստանի ՀՆԱ-ն 2024-ին աճել է 6%-ով՝ կառավարության կանխատեսածից քիչ 1%-ով

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024-ին նախորդ տարվա համեմատ աճել է 5,9%-ով կամ 1 տոկոսային կետով պակաս, քան կանխատեսել էր կառավարությունը (7%): 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով 2024-ին կազմել է ավելի քան 10,1 տրլն դրամ, որը 5,9%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը:

Տնտեսական աճը դրական ազդեցություն է ունեցել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի վրա, որը 2024-ին հասել է 3,33 մլն դրամի՝ նախորդ տարվա 3,2 մլն դրամի համեմատ:

2024-ին Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում մեծ մասնաբաժին է ունեցել առևտուրը՝ 17% աճ, շինարարությունը՝ 14,5% աճ, և ծառայությունների ոլորտը՝ 10,6% աճ: Ավելի փոքր նպաստ են ունեցել էներգետիկան՝ 6,5%, արդյունաբերությունը՝ 4,7%, և գյուղատնտեսությունը՝ 1,6% աճով:  Տարեկան գնաճը կազմել է 0,3%:

2024-ը բնութագրվում է նաև արտաքին առևտրի կտրուկ աճով, որն իր գագաթնակետին հասավ տարվա կեսին, սակայն հետո սկսեց դանդաղել: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճը 2024-ին կազմել է 41,5%` գումարային արտահատությամբ անցնելով 11,8 տրլն դրամը: 

Սա պայմանավորված է եղել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծաման զգալի աճով, թեև տարեվերջին երկուսի դինամիկան էլ դանդաղել է: Արտահանման ծավալը 2024-ին աճել է  53,1%-ով` կազմելով 5,1 տրլն դրամ, ներմուծման աճը եղել է 33,8%` հասնելով 6,7 տրլն դրամի: 

Արտաքին առևտրի աճը, ինչպես նշում են փորձագետները, հիմնականում պահպանվել է թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման զգալի ծավալների շնորհիվ: Այդ ապրնքատեսակների արտահանումն անցած տարի հասել է 8 մլրդ դոլարի, ներմուծումը՝ 7,4 մլրդ դոլարի, որոնք աճել են տարեկան 2,5-2,7 անգամ:

Մաքսային տվյալների համաձայն, որոնք մեջբերում է ԱրմԻնֆոն, ոսկին հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից (95,9%) և արտահանվում ԱՄԷ (84,2%): Ադամանդները գլխավորապես ստացվում են Հնդկաստանից (45,2%), Ռուսաստանից (21,4%) և Հոնգկոնգից (19,7%), և արտահանվում են ԱՄԷ (82,7%):

2024-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը գրեթե համընկնում է Կենտրոնական բանկի 6% կանխատեսման հետ: Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես 2024-ի համար Հայաստանում կանխատեսել էր 6% աճ, իսկ Համաշխարհային բանկը՝ 5,5%: 

Հայաստանի կառավարությունը 2024-ին նախատեսում էր ապահովել 7% աճ, որը ներառված էր անցած տարվա պետական բյուջեում:

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում