Ադրբեջանում կեղծ դատավարություններ են ընթանում 23 հայ անձանց նկատմամբ․ Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում

Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ։ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նկատել է, որ Հայաստանի առաջ ծառացած այն մարտահրավերները, որոնց մասին նա խոսել է նախորդ տարվա իր ելույթում, դրանց մեծ մասը դեռևս մնում է չլուծված՝ չնայած գործադրած ահռելի ջանքերին։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի կեղծ դատավարություններին։
«Այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները»,- ասել է նախարարը։
Արարտ Միրզոյանի խոսքով մեկ տարի առաջ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը տեղեկացրեց այս Խորհրդին, որ հանձնակատարի գրասենյակը երկու առաքելություն է գործուղել Հայաստան՝ ավելի քան 115,000 էթնիկ հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։
«Մենք համոզված ենք, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման ջանքերն առաջ մղելու գործում։
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց»,- ասել է նախարարը։
Միրզոյանի խոսքով, այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել դաժան հակամարտությունների, բռնի տեղահանության և հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների հետևանքներին, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հիմնասյունն ամրապնդելու հրատապությունն առավել, քան երբևէ արդիական է:
«Ոճրագործությունների և կոպիտ խախտումների մասշտաբն ու ծանրությունը, ինչպես նաև արդյունավետ կերպով կանխելու և պատասխանատվություն ապահովելու մեր հավաքական անկարողությունը վտանգի տակ են դնում այն հիմնարար արժեքների ամբողջությունը, որոնց հիման վրա ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունն ու նրա մարդու իրավունքների համակարգը, հիմնարար նորմերը, որոնց բոլորս և յուրաքանչյուրս համաձայնել ենք առանց վերապահումների։ Այս պայմաններում մարդու իրավունքների համակարգի դերը և տեսանելիությունը կտրուկ աճել են։ Ավելի ու ավելի շատ մարդիկ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր համագործակցում են Մարդու իրավունքների խորհրդի հետ, հղում են կատարում Հատուկ ընթացակարգերին և պայմանագրային մարմինների մեխանիզմներին։ Սա վկայում է, որ մարդու իրավունքների հենասյունը շարունակում է մնալ հույսի և արդարության ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարդկանց, մեր քաղաքացիների համար»,- իր ելույթում հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
Թեմա
Civilnet










