Թրամփը Զելենսկուն վերջնագիր է ներկայացրել. Ուկրաինայի նախագահը վաղաժամ լքել է Սպիտակ Տունը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում անհաջող է ավարտվել: Կողմերը չեն ստորագրել ուկրաինական ընդերքի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, սակայն վաղաժամ ընդհատել են հանդիպումը փակ դռների հետևում՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ բուռն վիճաբանությունից հետո։ Զելենսկին լքել է Սպիտակ Տունն առանց Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի՝ ինչպես նախապես ծրագրված էր: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Դոնալդ Թրամփը բանակցություններից անմիջապես հետո իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայի նախագահը «պատրաստ չէ խաղաղության»։
«Ես ավելի ոչինչ չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում: Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Օվալաձև գրասենյակում։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- գրել է Թրամփը։
Սպիտակ Տնից հեռանալուց հետո Վլադիմիր Զելենսկին իր X-ի միկրոբլոգում գրել է.
«Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար։ Շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին, Կոնգրեսին և ամերիկացի ժողովրդին։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»։
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 28-ին Վաշինգտոնում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք կնքելու համար։ Հանդիպմանը, որի մի մասը տեղի է ունեցել ուղիղ հեռարձակմամբ, Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է փոխզիջումների գնա Ռուսաստանի հետ բանակցություններում և գործարք կնքի ԱՄՆ-ի հետ։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն սկսել է Մոսկվայի հետ խաղաղ համաձայնագրի պարամետրերի քննարկումը։ Նախագահների զրույցի տեսագրությունը հրապարակել են ամերիկյան լրատվամիջոցները:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով նախատել է Զելենսկիին, թե իբր շնորհակալություն չի հայտնել Թրամփին օգնության համար։
«Այս հանդիպման ժամանակ երբևէ շնորհակալություն ասացի՞ք: Ասացեք գոնե մի քանի երախտագիտության խոսք Միացյալ Նահանգներին և նախագահին, ով փորձում է փրկել ձեր երկիրը», - ասել է Վենսը:
Թրամփն իր հերթին վերջնագրերով է խոսել Զելենսկու հետ: Նրան մեղադրել է Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ:
«Սա դժվար գործարք կլինի, որովհետև վերաբերմունքը պետք է փոխվի: Դուք կամ գործարք եք կնքում, կամ մենք դուրս ենք գալիս, և դուք պետք է պայքարեք ինքներդ ձեզ հետ, բայց դուք չունեք խաղաքարտեր: Բայց դուք պետք է երախտագիտություն ցուցաբերեք: Դուք դա ցույց չեք տալիս: Դա այնքան էլ լավ չէ: Դա ձեր կողմից այնքան էլ լավ չէ», - ասել է Թրամփը:
Զելենսկին, փորձելով պատասխանել ԱՄՆ նախագահին, հարցրել է. «Կարո՞ղ եմ ասել, պարոն նախագահ»: Ինչին Թրամփը պատասխանել է. «Ոչ, դուք արդեն շատ բան եք ասել»: «Դուք անպատվում եք մեր երկրին։ Պետք է երախտապարտ լինեք։ Մարդիկ մահանում են, դուք չունեք բավարար զինվորներ։ Դուք չեք կարող մեզ ասել՝ ես ուզում եմ, թե չեմ ուզում զինադադար», - ասել է ԱՄՆ նախագահը Զելենսկիին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ ուղղակի հրադադարը չի աշխատի։ Նա նշել է, որ Կիևը չի համաձայնի դադարեցնել ռազմական գործողություններն առանց երկարաժամկետ խաղաղության երաշխիքների։ Քաղաքական գործիչը կոչ է արել ԱՄՆ-ին երաշխիքներ տալ Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու համար։ Նրա խոսքով, հակառակ դեպքում Լոնդոնն ու Փարիզը չեն իրականացնի այս նախաձեռնությունը։
ԱՄՆ փոխնախագահն իր հերթին նախատել է Զելենսկուն։
«Դուք կարծում եք, որ հարգալի՞ց է գալ Միացյալ Նահանգների Օվալ գրասենյակ և հարձակվել վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի ավերումը», - ասել է Վենսը:
Էլեն Մուրադյան
Civilnet










