ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ Խորհրդին առաջարկ է ներկայացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին աջակցության երկրորդ՝ ոչ հարձակողական միջոցի տրամադրման վերաբերյալ։ Առաջարկը հիմնված է նախորդ աջակցության միջոցառման վրա: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Պեդրո Ֆոնսեկա Մոնիզը։
Մոնիզի խոսքով, առաջիկա շաբաթների ընթացքում Խորհուրդը կսկսի քննարկել առաջարկը։
2024-ին Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցության չափով օգնություն էր տրամադրել։
Նշվում էր, որ ԵՄ-ն առաջին անգամ որոշել է աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Օժանդակության այս միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:
Եվրամիության Խաղաղության հիմնադրամը միջազգային նշանակալի դիվանագիտական գործիք է, որն ուժի մեջ է մտել 2021-ին։ Այն ուղղված է համաշխարհային անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Civilnet











