Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ կոմունիկացիաների հարցով առաջարկներին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ կոմունիկացիաների հարցով առաջարկներին

«Եթե Հայաստանն իսկապես հետաքրքրված է կոմունիկացիաների բացմամբ, չպետք է իր պարտավորություններից խուսափի և կոմունիկացիաների բացման գործում պետք է գործնական քայլեր կատարի՝ տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արմենպրեսում հրապարակված հոդվածը։

Ըստ Հաջիզադեի՝ «Հայաստանը, որը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող իր գրավոր և ստորագրած պարտավորությունների մասին, դեռևս դրանք չի կատարում»։ 

Ադրբեջանցի պաշտոնյան հաղորդակցությունների հարցում Հայաստանի առաջարկությունները «նշանակությունից զուրկ և իրականացման համար բարդ» է որակել՝ նշելով, թե դրանք «ստանձնած պարտավորություններից և գործընթացից ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում»։ 

Նիկոլ Փաշինյանն Արմենպրեսում հրապարակված իր հոդվածում գրել է, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում:

«Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել»,- գրել է վարչապետը:

Վարչապետի հոդվածում նաև ասվում է․ «Հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում