Հայկական կողմը պատրաստ է սկսել քննարկումները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հաստատել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, և ձեռք է բերվել լիարժեք համաձայնություն փաստաթղթի վերաբերյալ:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը, ապա Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեցին, որ խաղաղության համաձայանգրի 17 կետերից վերջին երկուսը ևս համաձայնեցված են։
Փաշինյանը նշել է, որ երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն, մյուսը՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ կանչելուն և «միմյանց դեմ գործողություններ չիրականացնելուն»։
ԵՄ դիտորդների դրույթը ուժի մեջ է մտնելու ստորագրումից հետո
2023-ի փետրվարից Հայաստան-Ադրբեջան սահամանի երկայնքով տեղակայված են ԵՄ դիտորդներ, որոնց առաքելության ժամկետը այս ամիս երկարաձգվեց ևս երկու տարով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ավելի վաղ Բաքվում հայտարարել էր, թե ԵՄ դիտորդները «լրտես են»։
Փաշինյանը նշել է, որ երկու կետերի վերաբերյալ համաձայնության գալու հարցում ՀՀ Անվտանգության խորհրդի քննարկում է անցկացվել, և եկել են եզրակացության, որ «առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել» Հայաստանի համար։
«Նախ արձանագրենք հետևյալը, որ իհարկե դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք հիմա պետք է այդ հարցերով որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկումներ ունենանք», - ասել է կառավարության ղեկավարը։
Նա ասել է, որ համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է միայն Հայաստանին և չի վերաբերում Ադրբեջանին։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ճանապարհ կամ միջանցք տալու է Ադրբեջանին, Փաշինյանն ասել է, որ «այո, ճանապարհ տալու ենք», և խորհուրդ է տվել նայել իր՝ մարտի 4-ին հրապարակած հոդվածը, որտեղ, նրա խոսքով, մանրամասն ներկայացված է՝ ինչպես։ Այդ հոդվածում Փաշինյանը գրել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տալ՝ նշելով, որ երկու կողմերն էլ պարտավորվել են միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները, իսկ Հայաստանը պատրաստ է երաշխավորել ադրբեջանական բեռնափոխադրումների անվտանգությունը իր տարածքում:
Շարունակելով ճանապարհի թեման՝ Փաշինյանն ասել է. «Երբ Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»։
«Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիները ապաշրջափակել, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասել է Փաշինյանը:
ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված 17 կետերից բացի Ադրբեջանը նախապայման է դնում, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը։ Ըստ Բաքվի՝ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ենթադրում իր նկատմամբ, քանի որ վկայակոչում է Հայաստանի Անկախության հռչակագիրը, որն իր հերթին վկայակոչում է Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին փաստաթուղթը։
Փաշինայնն իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, սակայն, փաթեթավորում է ոչ թե որպես Ադրբեջանի պահանջի կատարում, այլ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության իրագործում։
Հարցին, թե արդյոք հայկական կողմը Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քննարկում ունի Բաքվի հետ, Փաշինյանը բացասական պատասխանել է տվել։
«Մենք կարծում ենք, որ առավել ևս Սահմանադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ»,- նշել է Փաշինյանը։
2024-ի սեպտեմբերին Սահմանադրական դատարանը որոշում էր ընդունել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է, որ հայկական կողմի կարծիքով, տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։
Նա հավելել է, որ առաջիկա քննարկումներում կփորձեն խոսել նաև այդ հարցի վերբարյալ։
Գերիների մասին
Խոսելով Բաքվում գտնվող հայ գերիների մասին՝ Փաշինյանն ասել է, որ իրենք բարձրացնում են նրանց հարցը բոլոր հնարավոր ձևերով։
«Եթե չի լուծվել հարցը, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում»։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է 23 հայ պատանդների գոյությունը, որոնց մեծ մասը գերվել է 2020-ի պատերազմից հետո։ Նրանց բոլորին առաջադրվել են ծանր տարբեր մեղադրանքներ՝ ահաբեկչության ֆինանսավորումից մինչև անօրինական զինված խմբավորումների ստեղծում և ղեկավարում, որոնք սպառնում են ընդհուպ ցմահ ազատազրկում։
Civilnet











