Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև՝ քաղաքական երկխոսության նոր փուլ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով մարտի 20-ին Մոսկվայում քաղաքական երկխոսություն է կայացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Փոխնախարարներ Մնացական Սաֆարյանը և Միխայիլ Գալուզինը կարևորել են բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը։
«Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ»,- հայտնում են նախարարությունից:
Նշվում է նաև, որ Սաֆարյանը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ այս խորհրդակցությունները կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում են անցել։
Ռուսաստանի գլխավոր գերատեսչությունից նշել են, որ տեղի է ունեցել մտքերի անկեղծ և առարկայական փոխանակում երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակի շուրջ՝ միջպետական երկխոսության շրջանակներում նախատեսված միջոցառումների մանրակրկիտ նախապատրաստման և արդյունավետ իրականացման նպատակով։
Ռուսական կողմը նաև նշել է, որ Հայաստանի փոխարտգործնախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական ծառայությունների միջոցով պահպանել շփումների տվյալ դինամիկան, ինչպես նաև մեծացնել միջգերատեսչական երկխոսությունը։
Թեմա
Civilnet










