Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսօր՝ մարտի 30-ին, ավագանու արտահերթ ընտրություններ են:
Փարաքարի համայնքի ղեկավարման համար պայքարում են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» դաշինքը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, որը բաղկացած է 63 հոգուց, առաջնորդում է համայնքի նախկին ղեկավար, ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։
«Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության և Փարաքար համայնքի ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության 24 հոգանոց ցուցակի առաջին համարն է անկուսակցական Դավիթ Մինասյանը, ով նույնպես եղել է Փարաքարի ղեկավար և հրաժարական է ներկայացրել 2024-ի մայիսին՝ մոտ 2,5 տարի պաշտոնավարելուց հետո։
«Կայունություն» կուսակցությունը ներկայացել է 40 թեկնածուից բաղկացած ցուցակով, որը գլխավորում է «Համայնքների իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Գոռ Սարիբեկյանը։
Civilnet











