Գևորգ Թոսունյան
Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանի կանցնի հինգ քաղաքական ուժ։ Ինչ է հաջորդելու ընտրությանը և ինչ ընթացակարգեր են նախատեսված օրենքով։
Գյումրիում ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն է, կստանա 14 մանդատ, իսկ ընդդիմադիր չորս ուժերը միասին՝ 19 մանդատ, որից Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնքը»՝ 3, իսկ Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ:
Եթե ընդդիմադիրները միանան, ապա միասնական ընդդիմությունը հնարավորություն կունենա նախ գումարել ավագանու նիստ, քանի որ օրենքի համաձայն այն իրավազոր է, երբ նիստին ներկա է ավագանու անդամների կեսից ավելին, այնուհետև ընտրել իրենց թեկնածուին՝ որպես քաղաքապետ։
Գյումրիի ավագանին բաղկացած է 33 անդամից։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է ավագանու տեղերի ավելի քան 50 տոկոսը, ապա առաջին համարը օրենքի ուժով ընտրվում է համայնքի ղեկավար։ Գյումրիում, սակայն, նման իրավիճակ չկա։
Տվյալ դեպքում ավագանու խմբակցությունները պետք է առաջադրեն իրենց թեկնածուներին։
Մեկ թեկնածուի առաջադրման դեպքում նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ ձայներից և ավելի են ավագանու ընդհանուր թվի 40 տոկոսից: Այսինքն՝ թեկնածուն կընտրվի, եթե ստանա առնվազն 14 կողմ ձայն, և այդ ձայները լինեն ավելի շատ, քան իրեն դեմ քվեարկած ձայները։
Մեկից ավելի թեկնածուներ առաջադրվելու դեպքում համայնքի ղեկավար ընտրվում է նա, ով ստանում է ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում՝ 17 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիրը» նման հնարավորություն չունի, եթե չստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմության անդամները քրեական գործերի կամ այլ ճնշումների միջոցով քվեարկեն իրենց թեկնածուի օգտին, ինչպես եղել է որոշ համայնքներում։
Եթե առաջին փուլով թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայն ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ փուլ։
Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած թեկնածուները։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։
Այս ընտրությունները, ըստ Ընտրական օրենսգրքի, անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:
Ի՞նչ կլինի, եթե Մարտուն Գրիգորյանը բոյկոտի ավագանու նիստը
«Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ստացած մանդատները նրան կարող են թույլ տալ բոյկոտելու նոր ձևավորվող ավագանու առաջին նիստը, որտեղ կատարվում է քաղաքապետի ընտրությունը։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ նիստը իրավազոր է, երբ դրան մասնակցում է ավագանու անդամների կեսից ավելին։ Առանց դաշինքի 6 ձայների, ոչ «Քաղաքացիական պայմանագիրը», ոչ էլ ընդդիմությունը չի կարող ապահովել նիստի իրավազորությունը, որի համար անհրաժեշտ է առնվազն 17 ձայն։
Գրիգորյանը կարող է նաև ավագանու լիազորությունները հասցնել դադարեցման, քանի որ ըստ նույն օրենքի՝ կառավարությունը իրավասու է դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե նիստը գումարվելուց հետո երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում:
Civilnet











