Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ շարունակել ու ընդլայնել երկու երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղղված շնորհավորական ուղերձում։
«Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների»,-ասված է նախարարի ուղերձում:
Սերգեյ Լավրովի շնորհավորանքը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս շնորհավորական ուղերձ է հղել Միրզոյանին։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը մասնավորապես նշել է․ «Չնայած դրսից ռուս-հայկական դաշինքը խարխլելու փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ և մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։ Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ ավելի խորացնելու և բարելավելու գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։
Civilnet











