Գլխավոր Լրահոս

Մարտուն Գրիգորյանն անհրաժեշտ քվեները կտա Վարդան Ղուկասյանին

Մարտուն Գրիգորյանն անհրաժեշտ քվեները կտա Վարդան Ղուկասյանին

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված ‹‹Մեր քաղաքը›› դաշինքն անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Նա այս հայտարարությունը գրելուց 15 ժամ հետո է հրապարակել ֆեյսբուքում։

Մարտի 30-ի Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ուժերից «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը» պատրաստակամություն էին հայտնել աջակցելու Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժին։ Սակայն նրանց քվեները միասին բավարար չէին քաղաքապետ ընտրելու համար։ Անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի որոշումից էր կախված, թե արդյոք ընդդիմությունը կամ «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանան կոալիցիա ձևավորել և քաղաքապետ ընտրել։

Հրապարակման մեջ Մարտուն Գրիգորյանը նշել է, որ սա իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ եկել դրան։

‹‹Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։ Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխաված լինեմ››,- գրել է Գրիգորյանը։

Գրիգորյանը գրել է, որ այս վտանգների մասին ուղիղ կամ միջնորդավորված խոսել և զգուշացրել է մյուս թեկնածուներին, մասնավորապես Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Նա անհասկանալի է համարում վերջինների շտապողականությունը՝  Վարդան Ղուկասյանին աջակցություն հայտնելու վերաբերյալ, որով նրանք անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։

‹‹Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ››,- գրել է Գրիգորյանը։

Գրիգորյանն արձանագրել է, որ Գյումրիում ‹‹Քաղաքացիական պայմանագիրն›› այլևս իշխանություն չէ։ 

‹‹Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Իմանալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս››,- գրել է Մարտուն Գրիգորյանը։

Գյումրիում մարտի 30-ի ընտրությունների արդյունքներով քաղաքի 33 հոգանոց ավագանիում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

14 մանդատ՝ Սարիկ Մինասյանի գլխավորած ուժը,

8 մանդատ՝ Վարդան Ղուկասյանի գլխավորած ուժը,

6 մանդատ՝ Մարտուն Գրիգորյանի գլխավորած ուժը,

3 մանդատ՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորած ուժը,

2 մանդատ՝ Կարեն Սիմոնյանի գլխավորած ուժը։

Քաղաքապետ ընտրելու համար հարկավոր է 17 քվե։ Ընդդիմադիր չորս կուսակցությունները միասին ունեն 19 մանդատ։ Այժմ ընդդիմադիրների ձայները բավարար կլինեն Գյումրիում քաղաքային իշխանությունը վերցնելու համար։







Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում