Թրամփը հայտարարել է ԱՄՆ-Իրան ուղղակի բանակցությունների մասին՝ միջուկային ծրագրի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ուղղակի բանակցություններ են ընթանում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Թրամփը նշել է, որ շաբաթ օրը տեղի կունենա «շատ կարևոր հանդիպում»: Նա հրաժարվել է հանդիպման մասին մանրամասներ հայտնել, բայց նշել է, որ այն տեղի կունենա «բարձրագույն մակարդակով»:
CNN-ի աղբյուրը հաստատնել են, որ ԱՄՆ պաշտոնյաները շաբաթ օրն Օմանում կհանդիպեն իրանցի պաշտոնյաների հետ՝ միջուկային գործարքն ուղղակիորեն քննարկելու համար:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իրանը շաբաթ օրը Օմանում «անուղղակի բարձր մակարդակի» բանակցություններ կանցկացնեն: «Սա նույնքան հնարավորություն է, որքան փորձություն: Գնդակը Ամերիկայի դաշտում է»,- գրել է նախարարը:
Իրանը նախկինում մերժել էր իր միջուկային ծրագրի վերաբերյալ Թրամփի ուղղակի բանակցությունների առաջարկը՝ փոխարենն առաջարկելով անցկացնել անուղղակի բանակցություններ: Թրամփի առաջարկը, որը նա մարտին ուղարկել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին, առաջարկում էր նոր միջուկային գործարքի շուրջ բանակցություններ՝ երկամսյա վերջնաժամկետով համաձայնագրի հասնելու համար:
ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին ուղղակի բարձր մակարդակի բանակցությունները տեղի են ունեցել տասը տարի առաջ՝ 2015-ին, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն աշխատում էին ավարտին հասցնել Իրանի հետ միջուկային գործարքը:
Civilnet










