Ավինյանը վստահ է, որ ԱՆԻՖ-ի գործով իր դեմ իրավական գործընթաց չի կարող լինել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահ է, որ ԱՆԻՖ հիմնադրամի գործով իր հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել։ Ավինյանն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողի հարցին, արդյոք ԱՆԻՖԻ գործով իրավական գործընթաց կա՞ և Գլխավոր դատախազը գնալո՞ւ է իր հետևից, Ավինյանը պատասխանել է․
«ՈՉ, ոչ, ոչ, իմ հետ կապված նմանատիպ գործընթաց չկա, և չի կարող լինել»։
Ապրիլի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, գրել էր, թե առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով:
«Եթե մամուլի նման հրապարակումների վրա մեր մեկնաբանությունները կամ գործողությունները կառուցեինք, ապա սխալ տեղում կլինեինք»,- ասել է Ավինյանը։ Հաջորդող մեկ այլ հարցին ի պատասխան, թե ինչ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քաղաքապետն ասել է, - «Մտերիմ»։
Տես նաև՝ ANIF-ը լուծարվեց
2025-ի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում»՝ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։ Նշվում է, որ քրեական վարույթը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո:
ԱՆԻՖ-ը կառավարության աջակցությամբ ստեղծված կառույց էր, որի նպատակն էր օտարերկրյա ներդրումներ ներգրավել։ CFW ՓԲԸ-ն գրանցված է ԱՄՆ-ի Դելավեր նահանգում, որը հայտնի է որպես հարկային օֆշորային ապաստարան: ԱՆԻՖ-ը հիմնադրվել էր 2019-ին և լուծարվել 2024-ին: Ավինյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր մինչև 2022-ը՝ մինչև իր նշանակումը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում: Չնայած նոր պաշտոնին՝ Ավինյանը շարունակել է պահպանել ԱՆԻՖ-ի նախագահի պաշտոնը ընդհուպ մինչև կազմակերպության լուծարումը 2024-ին, ինչը խնդրահարույց էր շահերի հնարավոր բախման առումով:
2023-ի գարնանը Արժույթի միջազգային հիմնադրամը խնդիրներ էր արձանագրել ընկերությունում՝ հաշվետվողականության, թափանցիկության ու անսահմանափակ մանդատի հետ կապված։ 2023-ի վերջին Տիգրան Ավինյանն ու նրա մտերիմները հեռացվել էին ANIF-ի խորհրդից։
Տես նաև՝ Պաշտոնական դիրք և անձնական շահ. Տիգրան Ավինյանի պատմությունը
Civilnet










