Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում՝ «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պատասխանեցին բանակցությունների ներկա փուլի մասին հարցերի։
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին հարցին՝ Բայրամովը կրկնեց Բաքվի նախապայմաննհերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն։
«Մենք հավատացած ենք, որ այս ամենից հետո լրացուցիցչ խոչընդոտներ չեն լինի խաղաղության համար», - նշեց Բայրամովը։
Իր հերթին Արարատ Միրզոյանը, պատասխանելով Բայրամովի դիտարկումներին, նշեց, որ չի կարծում՝ անցյալը շատ խորը փորելը օգտակար կլինի։
«Կենտրոնանանք ներկայի ու ապագայի վրա, քանզի եթե կենտրոնանանք պատմության վրա, տարածքային պատկանելության հարցերի վրա, այն հարցերի վրա, թե ով ում է ավելի շատ սպանել, մենք կգանք այլ հակամարտության։ ՀՀ ցանկությունն է՝ կառուցել տևական խաղաղություն, այդ թվում՝ Ադրբեջանի հետ», - ասաց Միրզոյանը։
Նա շարունակեց․ «Արդյոք այս համաձայնագիրը պատասխանո՞ւմ է բոլոր հարցերին։ Իհարկե, ոչ։ Սա հիմք է, սա մեկնարկ է հարաբերութունների համար»։ Միրզոյանի խոսքով՝ մնում են շատ հարցեր, որոնց քննարկումը կարելի է շարունակել ապագայում։
«Սա որոշման ու մոտեցման հարց է։ Ի՞նչ ենք առաջարկում մեր հասարակություններին, մեր տարածաշրջանին՝ մենք փորում ենք անցյա՞լը, թե՞ համատեղ ապագա ենք կառուցում», - հարցադրում արեց Միրզոյանը։
Նա նաև նկատեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել Մինսկի խմբի լուծարումը, այն կարող է լուծարվել այն պահին, երբ չլինի հակամարտություն։
Բայրամովը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցին, նշեց, որ քաղաքական տեսանկյունից կարևոր է հասկանալ հայ հանրության մոտեցումը, թե արդյոք այն պատրաստ է վերացնել «տարածքային հավակնությունները»։ Նա պնդեց, թե «Ադրբեջանի սահամանդրությունում չկա արդի ՀՀ որևէ տարածքի հիշատակում, հակառակ դեպքում, Հայաստանը կբարձրացներ այս հարցը»։ Նաև նկատեց, որ ինչ էլ ներառես համաձայնագրի տեքստում, երկրի մայր օրենքը գերակա է միջազգային փաստաթղթի նկատմամբ։
Միրզոյանն ի պատասխան մեջբերեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Հաղորդակցությունների մասին
Միրզոյանը նաև խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների մասով Ադրբեջանին արած առաջարկների մասին՝ ավելացնելով, որ ոչ մի պատասխան չեն ստացել մինչև այս պահը։
Բայրամովը հղում արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ հաղորդակցությունների բացման վերաբերյալ կետին և շեշտեց, որ իրենց համար «առանցքային կարևորություն ունի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ՝ երաշխիքներով»։
Civilnet











