Փաշինյանի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին

Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Սա իմ քաղաքական դիրքորոշումն է: Պետք է տարանջատել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ՀՀ Սահմանադրության մասով Ադրբեջանի պահանջներից»- ասել է վարչապետը:
Մեկ շաբաթ առաջ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը հայտարարել էր, որ նախարարությունն աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:
Փաշինյանն այսօր նաև ասել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա։
«Ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել ենք, այդ թվում՝ այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Մենք այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքները և շարունակելու ենք»,- ասել է վարչապետը։
Թեմա
Civilnet










