Գլխավոր Լրահոս

Աջակցությո՞ւն, թե՞ վերահսկելու փորձ. ինչու է կառավարությունը մեդիահիմնադրամ ստեղծում

Աջակցությո՞ւն, թե՞ վերահսկելու փորձ. ինչու է կառավարությունը մեդիահիմնադրամ ստեղծում

Լիա Ավագյան

Ապրիլի 17-ին Կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի նպատակն է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած (հանրային հեռարձակման ցանցում սփռվող) հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ՝ միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելուն: 

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում խնդիր է առաջացել՝ ինչպես պաշտպանել քաղաքացիներին ապատեղեկատվությունից, ատելության խոսքից, արտաքին ազդեցություններից և կեղծ օրակարգերից։ 

Տիգրան Հակոբյանը

Ոլորտը վերահսկող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ գրեթե բոլոր պետությունները գումարներ են ծախսում հանրային մուլտիպլեքսներում որակյալ բովանդակության պատրաստման ու տարածման համար։

«Հանրային մուլտիպլեքսում ընդգրկված հեռարձակողները կարող են որակյալ բովանդակություն արտադրել միայն հասցեական ու պարբերական աջակցության պարագայում։ Մի պարզ համեմատություն անեմ մշակույթի բնագավառից․ Թաթուլ Ավոյանի համերգը հազարավոր երկրպագուներ է հավաքում, կազմակերպիչները մեծ եկամուտներ են ստանում։ Իսկ ահա կամերային երգչախմբի համերգը «լցնում է» Կամերային երաժշտության տան փոքրիկ դահլիճը, և առանց պետության աջակցության դասական արվեստը չի կարող զարգանալ։ Այդպես է նաև տեսալսողական մեդիայի բնագավառում։ Հիմնադրամի գործունեությունը կնպաստի որակյալ, դաստիարակող, կրթող բովանդակության ստեղծմանը»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Լրագրողական կազմակերպությունները համաձայն չեն

Լրագրողական կազմակերպությունները, սակայն, համաձայն չեն կառավարության այս որոշման հետ։ Ապրիլի 22-ին լրագրողական մեկ տասնյակ կազմակերպություններ համատեղ հայտարարություն տարածեցին՝  կոչ անելով ժամանակավորապես կասեցնել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշումը և վերանայել դրա հիմքում դրված մոտեցումները։

Լրագրողական կազմակերպություններն առաջակում են նաև նախաձեռնել քննարկումներ շահագրգիռ շրջանակների հետ՝ այդ որոշման հիմնավորվածությունը և նպատակահարմարությունը վերլուծելու նպատակով, ինչպես նաև հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ մշակել՝ ամբողջ մեդիաոլորտի զարգացման և այդ նպատակով պետական աջակցություն իրականացնելու համար։

Կոչին միացել է նաև Երևանի մամուլի ակումբը։ Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ նախագծի մշակման ճանապարհին լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ չեն եղել։

Բորիս Նավասարդյանը

«Խոսակցությունը՝ լրատվամիջոցներին աջակցություն տրամադրելու մասին բավական վաղուց է գնում, և երբեք չէր դրսևորվում այն մոտեցումը, որ այդ աջակցությունը պետք է լինի միայն վերգետնյա հեռարձակում և լիցենզիա ունեցող լրատվամիջոցների համար։ Ենթադրում եմ՝ վերջին երկու տարիների ընթացքում այդպիսի ուղղություն է ստացել այդ աշխատանքը՝ այդ հանրօգուտ մեդիայի միջավայր հիմնադրամի ստեղծման տեսակետից։ Դա տեղի է ունեցել առանց լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումների, ինչը, բնականաբար, կասկածներ է առաջացնում»,- ասում է Նավասարդյանը։

Ազդեցությունը խմբագրական քաղաքականության վրա

Կառավարությունը վստահեցնում է՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակողներին գումար տրամադրելիս խմբագրական քաղաքականությանը միջամտության փորձերը պետք է բացառել։ 

Նավասարդյանը, սակայն, ռիսկը չի բացառում․ «Երբ նման որոշում են կայացնում, մանավանդ՝ 2026-ի համապետական ընտրություններից առաջ, դա չի կարող կասկածներ չառաջացնել, որ տրամադրվող միջոցները կօգտագործվեն նաև որոշակի քաղաքական վերահսկողություն իրականացնելու նպատակով»։ 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբայնը բացառում է վերահսկաողության ռիսկը․ «Հիմնադրամի գործունեության հայեցակարգը և կանոնադրության դրույթները կտրուկ նվազեցնում են այդպիսի ռիսկերը: Օրինակ` կանոնադրությունն արգելում է ֆինանսավորել  քաղաքական ուղվածության բովանդակություն: Չմոռանանք նաև, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու են հեղինակավոր անձինք, նաև քաղհասարակության ներկայացուցիչներ։ Ուրեմն, իշխանության օգտին քարոզը տեսանելի կլինի բոլորի համար»։

Աջակցությունը գործող հեռարձակողներին 

Լրագրողական կազմակերպությունների գլխավոր մտահոգություններից մեկը այն է, որ պետության օժանդակությունը ստանալու են միայն հանրային հեռարձակման իրավունք ստացած հեռարձակողները։ 

«Եթե հանրօգուտ բովանդակություն արտադրելու ուղղությամբ ինչ-որ քայլեր են արվում, դրանք պետք է արվեն բոլոր տեսակի լրատվամիջոցների հնարավորությունները օգտագործելու ճանապարհով՝ հաշվի առնելով, որ այսօրվա լսարանն օգտվում է բազմազան տեսակի լրատվամիջոցներից»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Տիգրան Հակոբյանը հակադարձում է՝ եթե կառավարությունը ձեռք չմեկնի մուլտիպլեքսում գործող հեռուստատեսություններին, նրանք կա՛մ կհայտնվեն փակման եզրին, կա՛մ ստիպված կսկսեն «ծառայություններ մատուցել» քաղաքական ուժերին։

Հակոբյանի խոսքով՝ մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները այլ տեսալսողական մեդիաների համեմատ գործում են մրցակցային անհավասար պայմաններում, քանի որ օրենսդրությամբ նրանց վրա բազմաթիվ պարտավորություններ,  բովանդակային ու գովազդային սահմանափակումներ են դրված։

Կառավարության որոշմամբ՝ Հիմնադրամի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Վահագն Թևոսյանը, որը եղել է պատգամավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից, իսկ ավելի վաղ աշխատել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Վահագն Թևոսյանի նշանակումը լավագույն ընտրությունը չէ, «ցանկալի կլիներ, որ տնօրենը քաղաքական իմաստով չեզոք լիներ»։

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը կունենա յոթ հոգաբարձուներից կազմված խորհուրդ։ Թե որքան կկազմի հիմնադրամի բյուջեն, առաժմ պարզ չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում