Գլխավոր Լրահոս

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է․ քաղաքապետարանը՝ Նոր Նորքի թաղապետարանում ծեծի մասին

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է․ քաղաքապետարանը՝ Նոր Նորքի թաղապետարանում ծեծի մասին

Այսօր՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի  և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Ծեծկռտուքից հետո լրագրողների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարն ասել է․ «Ես ինձ պահել եմ այնպես, ոնց որ իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ մարդ: Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել»։

ՍիվիլՆեթը միջադեպի վերաբերյալ գնահատական ստանալու համար դիմեց Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պարտականությունները կատարող Օֆելյա Սիմոնյանը հայտնեց, որ քաղաքապետարանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։

«Բռնությունը, ցանկացած դրսևորմամբ, անընդունելի է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։

Թաղապետարանից ոստիկանները բերման են ենթարկել միջադեպի մասնակիցներին։ Factor TV-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանական համազգեստով պաշտոնյան հրահանգում «մյուս կողմին ձերբակալել և տանել բաժին»։ Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք թաղապետին ևս ձերբակալելու են, ոստիկանական համազգեստով պաշտոնյան պատասխանում է՝ «ով մասնակից է եղել այդ միջադեպին»։

Նոր Նորք վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև լարվածությունը սկսվել է մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով՝ Չախոյանի գրառումից հետո։

Գրառումից հետո թաղապետ Տեր-Մարգարյանը ձայնային հաղորդագրությամբ սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնալիքներ է հնչեցրել Չախոյանի հասցեին։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ ապրիլի 29-ին Չախոյանը գնացել է հանդիպելու Նոր Նորքի թաղապետի հետ, սակայն հանդիպում տեղի չի ունեցել։ Շենքի առաջին հարկում Մանուկյանը, փոխարենը, կախել է Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել՝ ասելով, որ հենց սա է հայհոյանքների պատասխանը։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ապրիլի 30-ին պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան է գնացել՝ հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում