Պուտինը չի գնա Ստամբուլ․ ռուսական պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին կգլխավորի ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Այս մասին ասված է Կրեմլի հայտարարության մեջ։
Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։
Մեդինսկու հետ Թուրքիա են մեկնել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմի վերաբերյալ հրամանը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Դատելով այս փաստաթղթից՝ նա անձամբ չի գնա Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմեկնի պատվիրակության հետ Թուրքիա։ Պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, նախագահի գրասենյակի ղեկավարը, ԱԳՆ ղեկավարը և նախագահի դիվանագիտական խորհրդականը։ Այս մասին հայտնում է ուկրաինական NV ռադիոկայանը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Պուտինին անձամբ գալ իր հետ բանակցությունների։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Պուտինի հետ այս հանդիպումը տեղի ունենա։ Միայն նա կարող է որոշում կայացնել հրադադարի վերաբերյալ», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր ուղիղ բանակցություններ անցկացնել մայիսի 15-ին Ստամբուլում՝ առանց նախապայմանների։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հինգշաբթի անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Պուտինի բացակայությունը հստակ ազդանշան կլինի այն մասին, որ նա իրականում հետաքրքրված չէ խաղաղությամբ:
Civilnet










