Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են վիզաների ազատականացման արագացումը Հայաստանի համար

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Տիրանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարևորությունը:
Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և բարեփոխումների ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ՝ ապահովելով համագործակցության նոր և արդյունավետ փուլ:
Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներն իրենց հերթին վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին և ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ:
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար: Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին և խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Անտոնիու Կոշտան եւ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:
Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել հետագա քայլերի շուրջ՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:
Civilnet










