Ավինյանը տուգանքներ է առաջարկում՝ ուղեվարձը չեն վճարում, բյուջեն տուժում է

Երևանի քաղաքապետարանը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին պլանավորված 25,5 մլրդ դրամ եկամուտներից հավաքագրել է շուրջ 22 մլրդ դրամ՝ արձանագրելով 3,5 մլրդ դրամի թերակատարում։ Այս մասին հայտարարվեց մայիսի 19-ի գործակարգավարական նիստի ժամանակ։
Նշվեց, որ թերակատարման հիմնական պատճառներն ուղեվարձի և շինարարական թույլտվությունների գծով եկամուտների անկումներն են։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ հանրային տրանսպորտի ոլորտում է հենց թերակատարման առյուծի բաժինը՝ 2,3 մլրդ դրամ։
Ավինյանի խոսքով՝ իրավիճակը պայմանավորված է նաև ընդդիմադիր ուժերի՝ բոյկոտի կոչերով։
«Այո, պետք է լինի տուգանք՝ տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար։ Այդպիսի համակարգ գործում է Փարիզում, Լոնդոնում և այլուր։ Բոյկոտի շղարշի տակ չվճարելը անպատասխանատվություն է»,- ընդգծեց Ավինյանը։
Քաղաքապետը նաև հայտնեց, որ ներկայում ավտոբուսների 2,7 տոկոսն է, որ դուրս չի եկել երթուղի։ Շարունակական բոյկոտը, ըստ նրա, կարող է ավելացնել այդ ծավալը․ «Այդ բոյկոտն ազդելու է հենց տրանսպորտի ոլոտրի վրա։ Եթե այսօր մենք ունենք 2,7 տոկոս ավտոբուսներ, որոնք դուրս չեն եկել երթուղի, այդ ֆինանսական հոսքն այնքան կարող է աճել, որ Երևանի քաղաքապետարանը ֆիզիկապես չկարողանա այն փակել»։
Ավինյանը հիշեցրեց, որ գործող սակագինը նախկին իշխանությունները ցանկանում էին ներդնել դեռ 2013 թվականին՝ գազելներով սպասարկվող տրանսպորտային համակարգի համար, մինչդեռ այսօր Երևանում գազելներ չկան, և համակարգն էապես փոխվել է։
Կարդացե՛ք նաև՝
Թեմա
Civilnet










