Գլխավոր Լրահոս

Քայքայիչ կապիտալի ստվերում․ Երևանի այգիների վարձակալները կուտակել են մոտ 1 մլրդ դրամ պարտք

Քայքայիչ կապիտալի ստվերում․ Երևանի այգիների վարձակալները կուտակել են մոտ 1 մլրդ դրամ պարտք

Գևորգ Թոսունյան, Հայկ Ղազարյան, Սիրանուշ Ադամյան

Երևանի այգիների վարձակալների կուտակած պարտքը մոտենում է 1 մլրդ դրամի։ Փորձագետները մատնանշում են կոռուպցիայի, մասնավորապես քայքայիչ կապիտալի և կառավարման բացթողումների հնարավոր հետևանքները, իսկ քաղաքապետարանը վստահեցնում է՝ խնդիրը լուծելու ճանապարհը բանակցություններն ու պայմանագրերի վերանայումն է։

1998-ից առ այսօր Երևանի այգիների վարձակալները խոշոր չափերի պարտքեր են կուտակել։ ՍիվիլՆեթը պարզել է, որ մայրաքաղաքում այգիների տարածքների վարձակալությունից կուտակված պարտքը երկու մասնաբաժին ունի՝ ավելի քան 755 մլն դրամ ապառք և մոտ 245 մլն դրամ տույժեր, ընդհանուր՝ շուրջ 1 մլրդ դրամ։ Ուսումնասիրել ենք ավեի քան 180 տարածքների վարձակալների։ Հոդվածն անդրադառնում է այն տնտեսվարողներին, որոնք խոշոր պարտքեր են կուտակել։

Հետաքննությունը ցույց է տալիս, որ պարտքի կուտակումը որպես կանոն քայքայիչ կապիտալի դրսևորումներ ունի։ Ընդ որում, քայքայման պրոցեսը տեղի է ունենում երկու ձևով՝ մի կողմից ընկերությունը սեփականաշնորհում կամ վարձակալում է որևէ տարածք ու տարիներով այն չի բարեկարգում, մյուս կողմից՝ չի մուծում վարձավճարները, ինչի հետևանքով էլ համայնքային բյուջեն է տուժում։

Քայքայիչ կապիտալը

Հայաստանում քայքայիչ կապիտալը զգալի ազդեցություն ունի տարբեր ոլորտների վրա։ Դրանից զերծ չէ նաև այգիների վարձակալության դաշտը։ 

Ինչ է քայքայիչ կապիտալն ու ինչպես այն տարանջատել կառուցողական կապիտալից։ Քայքայիչ կապիտալը, ըստ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) համաձայն, ունենում է հետևյալ հատկանիշները.

  • նպաստում է գաղտնի գործարքների ոչ հստակ պայմաններով, 
  • շրջանցում է օրենքները և նվազեցնում հնարավորությունները, 
  • սնուցում է կոռուպցիան և խնամիա-բարեկամական կապերը (նեպոտիզմ), 
  • հաճախ սերում է ավտորիտար ռեժիմներից, 
  • խուսափում է սովորական գործարար պարտականություններից:

Ինչքան պարտք են կուտակել վարձակալները

Երևանի ամենասիրված բնական միջավայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում, հատկապես հանգստյան օրերին շատ են մարզվող մարդիկ։ Կիրճի ամենահայտնի վայրերից մեկն էլ «Բիձեքի գյոլ» կամ «Ձորի չռիկ» հատվածն է։ Այստեղ դեռ խորհրդային տարիներից տեղադրվել են մարզասարքեր, հետագայում՝ թարմացվել։

Հրազդանի կիրճի՝ Կիևյան կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ ընկած 2,5 կմ տարածքը համարվում է մայրաքաղաքի էկոլոգիական առանձնահատուկ անկյուններից մեկը։ Քաղաքային իշխանությունների վերաբերմունքի տեսանկյունից ևս այս տարածքն առանձնահատուկ է՝ բացասական առումով։

Վաղ 90-ականներից սկսած այս հատվածը հրապուրել է խոշոր կապիտալին, որն սկսել է տարբեր տարածքներ ձեռք բերել ու սեփականաշնորհել կամ վարձակալության հանձնել։ 

Հրազդանի կիրճում մեկ տասնյակի են հասնում այն ընկերությունները, որոնք վարձակալական խոշոր պարտքեր են կուտակել Երևան համայնքին։

Հրազդանի կիրճի օրինակը կարևոր է հասկանալու, թե ինչպես է քայքայիչ կապիտալը մուտք գործում բնական ռեսուրսի տարածք, «զավթում» հողակտորներ ու թույլ չի տալիս, որ համայնքային իշխանությունները բարեկարգեն այդ հատվածները։ Տարբեր տարիների Երևան համայնքը փորձել է այստեղ բարեկարգումներ իրականացնել, փոխել հողակտորների նշանակությունը, բայց դա այդպես էլ չի հաջողվել։ Արդյունքում Հրազդանի կիրճն այսօր էականորեն ապականվել է։

2019-ին «Հայկանուշ Սարգսյան» ՍՊԸ-ի հետ Երևանի քաղաքապետարանը սկսել է վարձակալության գործընթաց։ Այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հրազդանի կիրճի h.8 և հ.8/1 հասցեներում գտնվող 2375 քմ մակերեսով երկու հողակտորների համար մինչև 2030-ի օգոստոսի 26-ը սահմանվել է վարձակալություն։

Ստորև ներկայացված քարտեզում արտացոլված են Երևանի այգիների վարձակալները ու այդ տնտեսվարողների վարձակալությունների մասին տվյալներ․

Տարեկան վարձավճարը 3 մլն դրամ է կամ ամսական 250,000 դրամ։ Ընկերությունը կուտակել է 6 մլն դրամ պարտք։

Այս ընկերությունում 2019-ին եղել են փոփոխություններ՝ ՍՊԸ-ի բաժնետոմսերի կեսն անցել է ՌԴ քաղաքացի Հայկ Բորյանին։ 

Ընկերության տարածքն այդպես էլ չի օգտագործվում և անմխիթար վիճակում է։

ՍՊԸ-ի մյուս բաժնետերը Սուրեն Ուլիխանյանն է, որը տարբեր ընկերություններում բաժնեմասեր ունի։

Ամենախոշոր պարտք ունեցող ընկերություններից է «Մհերի Հրաշք» ՍՊԸ-ն։ Երևանի այգիների վարձակալների մասին քաղաքապետարանի՝ ՍիվիլՆեթին տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ այս ընկերության պարտքը 2024-ի օգոստոսի դրությամբ մոտ 30 մլն դրամ է։

Այս ընկերությանը դեռ 2000-ի սկզբին վարձակալությամբ է հանձնվել 2,000 քմ-ից ավելի երկու հողակտոր, որոնք առ այսօր այս լքված վիճակում են։ Դրանք ի սկզբանե եղել են սրճարաններ։ 2024-ին Երևանի քաղաքապետարանը ընկերությանը սնանկ ճանաչելու դատական հայց ներկայացրեց՝ հայցի հիմքում դնելով վարձակալության պայմանագիրը: Քաղաքապետարանի պահանջում նշվում է 43 մլն դրամի գումարի մասին, որտեղ, ըստ ամենայնի, արտացոլված են նաև տուգանքները։ Դատական այս գործում, սակայն, քաղաքապետարանը պարտվել է։ 

Դատարանը ճանաչել է, որ կա նյութաիրավական վեճ, այսինքն՝ պարտքը անվիճելի չէ, հետևաբար սնանկության հիմք չկա։ Բացի այդ, դատարանը նշել է, որ Երևան համայնքը պատշաճ դիմումատու  չէ, քանի որ հողերը փաստացի փոխանցված չեն համայնքի սեփականությանը։

Խոշոր պարտք է կուտակել նաև «Վիկտորիա կոնցեռնը», որի շուրջ 20 տոկոս բաժնեմասը պատկանում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին։ Պարտքը ավելի քան 30 մլն դրամ է՝ Հրազդանի կիրճում երկու միավոր անշարժ գույքի համար։

Նախորդ տարի քաղաքապետարանը մտավ դատարան՝ ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով։ 

Քաղաքապետարանը պնդում է, որ ընկերությունը տարիներ շարունակ չի վճարել պայմանագրերով սահմանված պարտքն ու տույժերը, ըստ հայցի՝ ընդհանուր 48,7 մլն դրամի չափով (նախորդ տարվա ապրիլի 4-ի), այդ թվում՝ նոր կադաստրային արժեքով հաշվարկված վարձավճարները։ 

«Վիկտորիա Կոնցեռնը» պնդել է, որ պատշաճ վճարել է պայմանագրերում նշված տարեկան վարձավճարները։ Առաջին ատյանի դատարանը մերժել է քաղաքապետարանի պահանջը։ Գործն այժմ քննվում է վերադաս ատյանում։

Հրազդանի կիրճում ամենաշատ պարտքը, ըստ քաղաքապետարանի տվյալների, կուտակել է Մանկական երկաթուղին՝ ավելի քան 700 մլն դրամ։ 

Մենք ուսումնասիրել ենք նաև մայրաքաղաքի մյուս վարձակալներին, որոնք խոշոր պարտք են կուտակել ու ներկայացնում ենք դրանցից 9-ին։

Խոշորագույն պարտք ունեցողները

Խոշորագույն պարտք ունեցողները

Սեղմեք ցանկի վրա՝ կազմակերպության մասին մանրամասն տվյալները դիտելու համար։

Կոռուպցիոն ռիսկեր

Վարձակալության այս համակարգը տարիներ շարունակ ու առ այսօր գործում է առանց պատշաճ վերահսկողության, ինչի հետևանքով քաղաքապետարանը բախվում է ֆինանսական ու կառավարման մի շարք խնդիրների։

Պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը սա համարում է կա՛մ անարդյունավետ կառավարման հետևանք, կա՛մ կոռուպցիոն երևույթների դրսևորում։ Նրա համոզմամբ՝ նման պարտքերի կուտակումը վկայում է, որ պատկան մարմինները ժամանակին չեն ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ։

«Եթե տեսնում ես՝ մեկ կամ երկու տարի պարտք է կուտակվում, պետք է միջոցներ ձեռնարկես։ Եթե դրանք չեն ձեռնարկվում, մարդկանց մոտ բնական է կոռուպցիոն ենթադրությունների առաջացումը»,- նշում է Քյուրումյանը։

Նա առաջարկում է վերանայել վարձակալության երկարաժամկետ պայմանագրերը և հարմարեցնել վճարները՝ ելնելով հողի նոր կադաստրային արժեքներից։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի կարծիքով՝ խնդրի արմատները համայնքային իշխանության քաղաքականության մեջ են։

«Ոչ արդյունավետ որոշումներ են կայացվել, ինչի հետևանքով տնտեսվարողները պարզապես հրաժարվում են պարտքերը մարել։ Համակարգային լուծումների փոխարեն առաջարկվում են հատվածային մոտեցումներ»,- ասում է նա։

Թորոսյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է սահմանել հստակ և միասնական կանոններ՝ վարձակալության բոլոր դեպքերի համար։

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան ասաց, որ պարտքերի հարցը քննարկվում է ամենամսյա ռեժիմով, և նախընտրում են բանակցությունների ճանապարհով հասնել լուծումների։ Լիազորված հանձնաժողովը մշտապես վերլուծում է խնդրահարույց պայմանագրերը։

«Սկզբում գնում ենք բանակցությունների ճանապարհով։ Եթե ապարդյուն է լինում, սկսում ենք իրավական գործընթացներ։ Մենք ունենք անհրաժեշտ գործիքակազմ խնդիրը լուծելու համար»,- ասաց Փամբուխչյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ իրենք նոր պայմանագրերի կնքման ժամանակ որդեգրել են նոր մոտեցում՝ վարձավճարների վերանայում, ներդաշնակեցում տարածքների օգտագործման նպատակների հետ, ինչպես նաև համագործակցություն կանաչապատման աշխատանքների ուղղությամբ։

2025-ի սկզբին Երևանի քաղաքապետարանը սկսել է վարձակալության պայմանագրերի դիտարկման աշխատանքային խումբ ձևավորելու գործընթաց։ Առաջին փուլում ընդգրկվել է երեք վարչական շրջան։ Քաղաքապետարանից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ խումբը քննարկել է շուրջ հինգ տասնյակի պայմանագիր և մշակել է առաջարկներ դրանց փոփոխման կամ լուծման վերաբերյալ։ Աշխատանքները շարունակական են։

Վարձակալության թեմային զուգահեռ՝ բաց է մնում մեկ այլ կարևոր հարց՝ գույքահարկի հավաքագրման անկատար համակարգը։ ՍիվիլՆեթի նախորդ հետաքննությունը պարզել էր, որ քաղաքապետարանը փաստացի չի հավաքագրում շուրջ 14 մլրդ դրամ գույքահարկ, սակայն փոխարենը պետբյուջեից ստանում է 10 մլրդ դրամ։

Երևանի համայնքային ֆինանսական համակարգը կարիք ունի խորքային վերանայման՝ հաշվետվողականության, վերահսկողության և կառավարման հստակ չափանիշներով։

Հետաքննությունում զետեղված ինֆոգրաֆիկաները պատրաստվել են արհեստական բանականության գործիքով

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում