Գլխավոր Լրահոս

ԱՆԻՖ-ի հինգ տարվա գործունեությունը․ ձախողված ծրագրեր և դատական գործընթացներ

ԱՆԻՖ-ի հինգ տարվա գործունեությունը․ ձախողված ծրագրեր և դատական գործընթացներ

Գևորգ Թոսունյան

Հայաստանի կառավարությունը մայիսի 22-ին որոշեց իր պահուստային ֆոնդից փոխհատուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) շահութահարկը՝ ավելի քան 84 մլն դրամ։

Գործադիրը ԱՆԻՖ-ի լուծարման մասին որոշումը կայացրել էր դեռ 2024-ի մայիսի 23-ին։ Դրանից ուղիղ մեկ տարի անց կառավարությունը ստիպված է փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկի՝ Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցի պարտքերը։ Ավինյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2019-2023-ին։

ԱՆԻՖ-ի մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ Տարբեր ծրագրերով բազմամիլիարդանոց խախտումների համար հարուցված քրեական գործերով մինչ այժմ որևէ մեղադրյալ չկա։

Երկու խոշոր ծրագիր, երկուսն էլ՝ անհաջող

ԱՆԻՖ-ը ներդրել է մեկ տասնյակից ավելի ծրագրերում, դրանցից խոշորագույնը երկուսն են։

ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումը Fly Arna ազգային ավիափոխադրողի ծրագրում էր։ Ընկերությունը ներկայում լուծարման փուլում է։ Fly Arna ապրանքանիշը ներկայացնում էր «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը 2021-ի դեկտեմբերի 10-ին էր պետական գրանցում ստացել։ Ընկերության գույքը արգելանքի տակ է, հարուցվել են տասնյակ վարույթներ՝ դրամական պահանջների վերաբերյալ։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր առնվազն 4,8 մլրդ դրամ։ 2024-ին լրատվամիջոցները գրեցին, որ Հայաստանի դեմ հերթական արբիտրաժային հայցն է նախապատրաստվում. հայցվորը լուծարված Fly Arna ավիաընկերության 49 տոկոսի բաժնետեր Air Arabia-ն է։

Մյուս խոշոր ներդրումը արևային կայանների կառուցման ծրագրում էր։ ԱՆԻՖ-ը 2021-ի հուլիսին հայտարարեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կազմելու էր 174 մլն դոլար, և ծրագրի շրջանակում կառուցվելիք արևային կայանը պետք է լիներ խոշորագույնը Հայաստանում։ Նշվում էր, որ այն լինելու է աննախադեպ ծրագիր՝ կայանների հզորությամբ ու ծավալով, անգամ տարածաշրջանում։

Արևային կայաններն արդեն 2025-ից պետք է տեղադրված լինեին Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում։ Մինչ օրս, սակայն, այդ կայանների շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։ 

ԱՆԻՖ-ի ներդրումները

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պետական բաժնեմասը կառավարելու համար 2021-ին ընտրվեց ԱՆԻՖ-ը (այդ ժամանակ պետության բաժնեմասը 15 տոկոս էր), սակայն մեկ տարի անց առանց որևէ պարզաբանման հեռացվեց այդ գործառույթից։ Գործադիրը կոմբինատի կառավարումը փոխանցեց Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Պետությունը մինչ այժմ որևէ հաշվետվություն չի տվել, թե ինչ արդյունք է տվել ԱՆԻՖ-ի աշխատանքը ԶՊՄԿ-ում։

Հիմնադրամը ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև անարդյունավետ ծախսերի և անհաջող ներդրումների պատճառով։ Մասնավորապես, մոսկովյան մասնաճյուղը ստացել էր 6,9 մլն դոլարի հատկացում, որի արդյունքները մինչ օրս անհայտ են։

Բացի այդ, 2023-ին Արժույթի միջազգային հիմնադրամը խնդրահարույց էր համարել ԱՆԻՖ-ի՝ 500,000 դոլարով Hard Rock սրճարանի ստեղծման ծրագիրը՝ պետական ֆինանսավորման տեսանկյունից այն համարելով ոչ նպատակահարմար։ Նմանատիպ ծրագրերից էր նաև «Սերմից ֆերմա» անասնակերի մատակարարման ընկերությունը, որի բաժնետոմսերը հետագայում վաճառվեցին նախագծի մյուս համահիմնադիրներին՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանը։

700 մլն դրամ ներդրվեց «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը կապվում էր ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարության շրջապատի հետ։ Բացի այդ, մեկ այլ՝ 83,3 մլն դրամի ներդրում՝ «Տավրոս ԿՎՄ» ընկերությունում վերածվեց դատական քաշքշուկի։

Մեծ աղմուկ բարձրացրեց «Ապագա փրոջեքթս» հանգստի գոտու ծրագիրը, որտեղ ԱՆԻՖ-ը 796 մլն դրամ ներդրում կատարելով, ըստ «Ապագա փրոջեքթսի» տնօրեն Տիգրան Չիբուխչյանի, բիզնեսը կանգնեցրեց սնանկացման եզրին։ Այժմ կողմերը դատական գործընթացի մեջ են, իսկ ԱՆԻՖ-ը մեղադրում է ընկերության հիմնադիրներին գումարի յուրացման մեջ։

«Քեյ ընդ Ջի» ընկերության հետ ելակի արտադրության ծրագրում ներդրվեց 960 մլն դրամ, սակայն նախագիծը դադարեցվել է։ Ազատության հետաքննությունը պարզել էր, որ այս նախագծի հետևում կանգնած է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դասարանցին՝ Դմիտրի Ալեքսեյենկոն։

Մեկ այլ կասկածելի նախագիծ էր ARFI ներդրումային հարթակը, որը պետք է խթաներ տեղական բիզնեսները, սակայն ներկայում չի գործում․ այստեղ ևս հայտնաբերվել են ենթադրյալ չարաշահումներ։ Առավել տարօրինակ էր «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի ստեղծումը, որն ԱՆԻՖ-ից 1,5 մլրդ դրամ ստացավ՝ հիմնադրվելուց ընդամենը ութ օր անց։ Հետքը պարզել էր, որ ընկերության միակ աշխատակիցը ԱՆԻՖ-ին մոտ կանգնած անձանց շրջապատից է։ 

Ֆոնդում 2023-ից սկսած իրականացվել են ստուգումներ, որոնք բացահայտել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործումը և ղեկավար կազմի չափազանց բարձր աշխատավարձերը։ Այնուհետև հարուցվեց քրեական գործ, առ այսօր մեղադրյալ այդ գործով չկա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ ԱՆԻՖ-ը որակել է որպես «ձախողում և խայտառակություն», բայց չի շտապել քաղաքական գնահատական տալ։

2024-ին կառավարությունը որոշեց լուծարել հիմնադրամը՝ թողնելով բազմաթիվ չլուծված հարցեր և պարտավորություններ, որոնք ներկայում պետությունը ստիպված է փակել պետական պահուստային միջոցներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում