Գլխավոր Լրահոս

Բեռնում մեկնարկել է Արցախի հարցով շվեյցարացի խորհրդարանականների հանձնախմբի աշխատանքը

Բեռնում մեկնարկել է Արցախի հարցով շվեյցարացի խորհրդարանականների հանձնախմբի աշխատանքը

Ժաննա Ավագյան

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում այսօր իր աշխատանքներն է սկսել «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը, որն օժանդակում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, որը Բեռնում ելույթ է ունեցել շվեյցարացի խորհրդարանականների հետ հանդիպմանը։ 

«Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության» նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ»:

Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:

Օսկանյանը նշել է, որ արցախցիների վերադարձի պահանջը քաղաքական պահանջ չէ, այլ մարդկային պահանջ է՝ հիմնված միջազգային իրավունքի, վերապրած տրավմայի և բարոյական հստակության վրա։

«Այս տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ այդ մարդիկ իրենց հողից արմատախիլ եղած են»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրել է ապահովել Լեռնային Ղարաբաղը սեպտեմբերի 19-ից հետո լքած մարդկանց «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը»։

«Միջազգային իրավունքը միանշանակ է. մարդկանց չի կարելի վերադարձնել վտանգի, վախի կամ խտրականության պայմաններում»,- ասել է Օսկանյանը։

«Շվեյցարիան, ունենալով երկարամյա համբավ՝ չեզոքության, զսպվածության և կարեկցանքի ասպարեզում, եզակի դիրքում է նման հարթակ հյուրընկալելու համար»,- նշել է Օսկանյանը։

«Բայց այս ֆորումը կողմ բռնելու մասին չէ։ Այն մի կողմին մյուսի նկատմամբ օրինականություն տալու մասին չէ։ Այն տարածք բացելու մասին է՝ չեզոք, սկզբունքային տարածք, որտեղ խլացված ձայները կարող են լսելի դառնալ, որտեղ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախի հայերը կարող են նստել և միասին ճանապարհ գտնել։ Վերադարձի ճանապարհ»,- ասել է Վարդան Օսկանյանը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:

Տե՛ս նաև՝ Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ԼՂ-ի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում