Դադարեցրեք կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում. ՀԿ-ները՝ Փաշինյանին

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան տասը հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել «կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում»։
«Խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցիալական ցանցերում արված հայտարարությունը, որտեղ նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերուհուն՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և նրան ներկայացնելով որպես պասիվ սեռական օբյեկտ՝ ընդդիմադիր գործչին վարկաբեկելու նպատակով։ Անկախ այն հանգամանքից, թե վարչապետի խոսքերը ճշգրիտ են, թե ոչ, սեռական կյանքը քաղաքական պայքարի գործիք դարձնելը և նման բառապաշար կիրառելն անթույլատրելի է»,- նշվում է հայտարարությունում։
ՀԿ-ները նաև ընդգծում են, որ կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ ու կնատյաց արտահայտությունները՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի են՝ առավել ևս երկրի ղեկավարի կողմից։
«Կանանց մարմիններն ու ինքնությունները քաղաքական հակամարտությունների շրջանակում օգտագործելը վտանգավոր նախադեպ է, որն ամրապնդում է վնասակար գենդերային կարծրատիպերը և խորացնում կանանց նկատմամբ համակարգային խտրականությունը Հայաստանում։ Սա պարզապես անձնական վիրավորանք չէ. կանայք օգտագործվում են տղամարդկանց իշխանական պայքարի գործիք։ Քաղաքական հակամարտություններում հաճախ ընդդիմախոսների (ենթադրյալ) զուգընկերուհիների՝ հատկապես կանանց սեռական կյանքի մանրամասներն են օգտագործվում՝ նրանց վարկաբեկելու նպատակով։ Նման հրապարակումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել թիրախավորված կնոջ առօրյա կյանքում՝ հասարակական ճնշումների ենթարկվելու պատճառով»,- նշում են ՀԿ-ները։
Հասարակական կազմակերպություններն ամփոփում են՝ պահանջելով, որ վարչապետ Փաշինյանը հեռացնի կնոջը թիրախավորող գրառումը և հրապարակայնորեն ներողություն խնդրի խտրական արտահայտությունների և ենթադրյալ զուգընկերուհու տվյալների բացահայտման համար՝ դրանով օրինակ ծառայելով այլ քաղաքական գործիչների համար և կանխելով նմանատիպ գործողությունների շարունակական բացասական ազդեցությունները։
Մայիսի 30-ի առավոտյան կառավարության ղեկավարը մեկը մյուսի հետևից գրառումներ է արել Ֆեյսբուքում՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականության դեմ։ Փաշինյանը զերծ չի մնացել վիրավորական բառապաշարից։
Civilnet










