Քրեական գործ՝ երկու անչափահասների Ադրբեջանի տարածքում հայտնվելու դեպքով

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է հարուցվել: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Քննչական կոմիտեից:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով», - հայտնեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Ըստ ԱԱԾ-ի՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025-ի հունիսի 6-ին, ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում:
ԱԱԾ-ից հայտնում էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Civilnet










