Չպիտի հանդուրժենք, որ համակարգն իներցիայով մարդկանց պահի աղքատության վիճակում․ Փաշինյան

Հունիսի 12-ին կառավարությունն ընդունեց անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամի համար աշխատանքին առնչվող նախագիծը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է փոխեն մոտեցումը․ «Չպիտի հանդուրժենք, որ համակարգն իներցիայով մարդկանց պահի աղքատության վիճակում»:
«Մենք գնում ենք հետևյալ ուղղությամբ, որ անապահով գնահատվող ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում: Իհարկե, հասկանալի է, որ դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների այս ուղղությամբ հիմնական գործունեությունը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը հայտնեց, որ ծրագիրն ունենալու է մի քանի փուլ՝ ուսուցումից մինչև աշխատանքի տեղավորում։
«Բնականաբար, նախ պետք է փորձենք հասկանալ, թե որտեղ կարող են աշխատել անապահովության գնահատական ստացած ընտանիքի անդամները: Նախնական փուլում նրանց անհրաժեշտ կլինի ոչ ֆորմալ ուսուցում, որպեսզի տվյալ աշխատատեղերին համապատասխանող հմտություններ և կարողություններ ձեռք բերեն: Դրանից հետո կունենանք նախնական աշխատանքային փուլ, այնուհետև՝ ավելի երկարատև աշխատանքային փուլ»,- շեշտեց Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագիրը նախատեսում է շահառուների կայուն զբաղվածության ապահովման երեք հիմնական ուղղություն՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, մյուս դեպքում՝ աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ինչպես նաև աշխատանքի տեղավորում՝ գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Նախագծում նշված է, որ ծրագրի շրջանակներում 2025-ին նախատեսվում է ընդգրկել շուրջ 400 շահառու, որի համար կպահանջվի մոտ 197 մլն դրամ։
Թեմա
Civilnet










