Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին. Սամվել Կարապետյան

Ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Էջմիածնի Մայր տաճարի մոտ News.am-ի նկարահանած զրույցում ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի իշխանությունների՝ եկեղեցականների դեմ սկսած արշավին, Կարապետյանը պատասխանել է. «Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել է Սամվել Կարապետյանը։ Կարճ տեսանյութից պարզ չէ, թե ինչ նկատի ունի Կարապետյանը, երբ ասում է «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին»։
Կարապետյանի հովանավորությամբ է հիմնանորոգվել Էջմիածնի Մայր Տաճարը, որի բացումը տեղի ունեցավ անցած աշնանը։
Կարապետյանի հայտարարությանն անմիջապես արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում միանգամից երկու հաջորդական գրառում անելով. «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Հաջորդ հրապարակմամբ Փաշինյանն ասել է. «Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։ (Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունն է)։
Ապրիլին Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի հանդիպմանը Կարապետյանը խիստ քննադատել էր Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, հայտարարել, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ փորձարկումների ևս մեկ տասնամյակ։ Նա շեշտել էր, որ Հայաստանի կառավարությունը «ցուցաբերում է շրջադարձ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից՝ հօգուտ Արևմուտքի հետ փոխգործակցության առաջնային զարգացման» և մտահոգություն հայտնել, որ եվրաինտեգրման ուղղությամբ կառավարության քայլերը կարող են հանգեցնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ինչի հետևանքները «կլինեն կործանարար»։
Թեմա
Civilnet










