Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ազգայնացման (պետականացման) իր մտադրության մասին՝ կոշտ քննադատության ենթարկելով ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։
Ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանն անդրադարձել է ՀԷՑ-ի վերաբերյալ Կարապետյանի հնչեցրած՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ» խոսքերին: Կարապետյանն այդ արտահայտությունն արել էր կեսգիշերն անց, երբ ոստիկանները նրա երևանյան առանձնատանը ժամեր տևած խուզարկությունից հետո նրան տարել էին ոստիկանություն։
Վարչապետի մեկնաբանությամբ՝ Կարապետյանի վերաբերմունքը վկայում է, որ սեփականատերը ՀԷՑ-ը չի համարում իրենը, հետևաբար՝ անտեսում է ինչպես դրա սպառողներին, այնպես էլ աշխատակիցներին։
«Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի։ Դա տեղի կունենա արագ։ Իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- գրել է վարչապետը։
Հայաստանի էլեկտրական ցանցերը երկրի ռազմավարական ենթակառուցվածքներից մեկն է, որը 2015-ին ձեռք է բերել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից:
Վերջին օրերին Հայաստանի կառավարության և Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Այսօր՝ ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 24-ին Ժնևում մասնակցել էր Արցախի ժողովրդի իրավունքների հարցերով համաժողովի, ինչից հետո Փաշինյանը քննադատական հարձակումներ սկսեց նրա նկատմամբ՝ բարձրաձայնելով նրա՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին։ Ավելի ուշ Փաշինյանը սկսեց պահանջել, որ Գարեգին Բ-ն ազատի վեհարանը։
Civilnet











