Գլխավոր Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հիմնական միջուկային օբյեկտները

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հիմնական միջուկային օբյեկտները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին։ Նա զգուշացրել է Թեհրանին, որ եթե վերջինս չհամաձայնի խաղաղության, ավելի կործանարար հարվածներ կկիրառվեն։

Թրամփի՝ Իրանի դեմ Իսրայելի ռազմական արշավին միանալու որոշումը նրա կողմից սահմանված երկշաբաթյա վերջնաժամկետից առաջ, հակամարտության լուրջ էսկալացիա է ենթադրում և կարող է բացել Մերձավոր Արևելքում անկայունության նոր փուլ։

«Հարվածները ռազմական փայլուն հաջողություն էին»,- հայտարարել է Թրամփը հեռուստատեսային ուղերձում։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից թիրախավորված երեք օբյեկտներն են Նաթանզը, Սպահանը և Ֆորդոն. «Իրանի հիմնական միջուկային հարստացման օբյեկտները լիովին և ամբողջությամբ ոչնչացվել են»։ 

Երեք րոպեից քիչ ավելի տևած ելույթում Թրամփը նշել է, որ Իրանի ապագան «կլինի կամ խաղաղություն, կամ ողբերգություն», և ընդգծել է, որ դեռ բազմաթիվ թիրախներ կան, որոնք կարող են հարվածի ենթարկվել։

«Եթե խաղաղությունը շուտով չհաստատվի, մենք կհարվածենք մյուս թիրախներին՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ»,- ասել է նա։

CBS News-ի հաղորդմամբ, շաբաթ ԱՄՆ-ն դիվանագիտական ուղերձ է փոխանցել Իրանին՝ նշելով, որ այս հարվածներն ամբողջությամբ ներկայացնում են ԱՄՆ-ի ծրագրերը և որ ԱՄՆ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության։

Իսրայելը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացված հարվածները համատեղվել են ԱՄՆ-ի հետ։

ՄԱԿ-ում և այլ դիվանագիտական շրջանակներում հնչել է մտահոգություն, որ այս զարգացումները վտանգավոր էսկալացիա են ներկայացնում։

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Ֆորդոյի վրա նետվել է վեց բունկերային ռումբ, իսկ մնացած օբյեկտների վրա արձակվել է 30 Tomahawk հրթիռ։

Reuters-ի հետ զրույցում ԱՄՆ մի պաշտոնյա (անանունության պայմանով) հաստատել է, որ հարվածում ներգրավված են եղել B-2 ռմբակոծիչներ։

«Ֆորդոյի հիմնական օբյեկտի վրա ամբողջական ռումբերի բեռք է նետվել։ Ֆորդոն այլևս չկա»,- գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Ավելի վաղ նույն օրը Reuters-ը հաղորդել էր B-2 ռմբակոծիչների շարժի մասին։ Այս ռմբակոծիչները կարող են կրել ծանր ռումբեր, որոնք, ըստ մասնագետների, անհրաժեշտ են Ֆորդոյի նման ստորգետնյա և ստատիկ օբյեկտի ոչնչացման համար։ Հաշվի առնելով Ֆորդոյի պաշտպանված բնույթը՝ հնարավոր է, որ հարվածի ամբողջական հետևանքները պարզ լինեն միայն օրեր անց։
Fox News-ի տվյալներով՝ Ֆորդոյի վրա հարձակման ժամանակ օգտագործվել է վեց բունկերային ռումբ, իսկ մյուս օբյեկտների ուղղությամբ արձակվել է 30 Tomahawk թևավոր հրթիռ։

BBC-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հերթին հայտնել են, որ հարձակման ժամանակ կիրառվել են GBU-57A տեսակի բունկերային ռումբեր, որոնցից յուրաքանչյուր միջուկային օբյեկտի վրա նետվել է երկուական։

Թրամփը զրուցել է Նեթանյահուի հետ հարվածներից հետո

Իրանի երեք օբյեկտներին հարվածելուց հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչ։

Իսրայելի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների կապակցությամբ։ «Մենք հաճախ ասում ենք նախագահ Թրամփի հետ՝ «Խաղաղություն՝ ուժի միջոցով»։ Սկզբում գալիս է ուժը, հետո՝ խաղաղությունը»,- նշել է նա։ «Այս գիշեր նախագահ Թրամփը և Ամերիկայի Միացյալ Նահանգները գործեցին մեծ ուժով»,- ասել է Նեթանյահուն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում