Երուսաղեմի պատիրարքը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց կաթողիկոսին, դատապարտում ՀՀ իշխանություններին

Երուսաղէմի հայոց պատրիարք Տեր Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Հայաստանի ԱԱԾ-ի և իրավապահների գործողությունները և զորակցությունը հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
«Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա Վեհարանի տարածք խուժելու եւ հոն անդէպ իրավիճակ առաջացնելու մասին: Չէինք կարծէր, թէ հարցը ի վերջոյ հոդ կը հասնի, սակայն իրականութիւնը կարծէք պայթեցաւ յանկարծ, ռումբի մը չափ ուժգին եւ ցնցիչ սաստկութեամբ:

Տեր Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանը
Կացութիւնը անդառնալի վիճակի մը հասած է, սակայն կոչ կ’ընենք անյապաղ երկուստեք նահանջել, գէթ կանգ առնել այն կէտին՝ ուր մեզ հասցուցած են վերջին դէպքերը։ Եւ կանգ առնել՝ հանդարտութեամբ եւ խաղաղութեամբ, առանց նոր լարուածութիւն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգիով, այլապէս այս ճանապարհը, եթէ շարունակուի, մեզի անդունդ պիտի տանի։ Ուստի պէտք է խնայել թէ՛ Ազգը, եւ թէ՛ Եկեղեցին՝ խուսափելու համար նոր եւ աւելի ծանր աղէտներէ, Եկեղեցւոյ եւ մեր ժողովուրդի մէջ նոր բաժանումներ եւ պառակտումներ ստեղծելու վտանգէն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աղօթարան ու սրբարան է, «կերպարանք Աստուծոյ անքանակ էութեան», ինչպէս պիտի ըսէր Նարեկացի։ Ան դարերով Հայուն պետականութիւնը եղած է, առանց պետական իրաւունքի, առանց զօրքի եւ ոստիկանի, բարոյապէս թագաւորելով մարմնապէս հալածուած եւ ընկճուած հոգիներու վրայ, իր ազդեցութեան շրջանակին մէջ պահելով բախտէն այրիացած սերունդները Հայուն: Ան կրօնական նուիրապետութեան մը կեդրոնը չէ միայն. այլ Հայուն հոգեւոր հայրենիքը:
Հետեւաբար, յանուն Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութեան խստագոյնս կը դատապարտենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայոց Սրբութիւն Սրբոցի հանդէպ վերջին օրերու ամօթալի եւ անպատուաբեր դրսեւորումներն ու գործողութիւնները: Լիայոյս ենք, որ Մայր Աթոռը կը շարունակէ իր գործունէութիւնը համաձայն վանական եւ եկեղեցական օրէնքներու՝ յարգելով ՀՀ օրէնքները, իսկ ՀՀ իշխանութիւնն ալ կը վերահաստատէ փոխադարձ յարգանքը՝ հանդէպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ անոր գահակալի:
Մեր զօրակցութիւնը կը յայտնենք Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրեալի օգնականութիւնը եւ մաղթելով Հայոց Հօրը երկար օրեր»:
Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները ավելի վաղ քննադատել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Կոստանդնուպոլսի հայոց պատիրարք Սահակ արք. Մաշալեանը։
Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունները։
***
Հունիսի 27-ին Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որին մեղադրանք է առաջադրվել «իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման» հոդվածով։ Այն բանից հետո, երբ իրավապահները չկարողացան բերման ենթարկել արք. Աջապահյանին, նա ոտքով ներկայացավ Քննչական կոմիտե։ Դատարանը ամբողջ գիշերը նրա կալանքի հարցը քննարկելուց հետո՝ առավոտյան վճիռ կայացրեց կալանավորել երկու ամսով։
Հայ առաքելական եկեղեցու և նրա աջակիցների դեմ իշխանությունների հետապնդումները սկսվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումներից և ելույթներից հետո։ Փաշինյանը պահանջում է գահընկեց անել Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Civilnet










