Էներգետիկ անվտանգությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվեհարդար․ Ազգային ժողովը քննարկեց ՀԷՑ-ի հարցը

«Հանձնարարությունը եղել է հայտարարությունից առաջ, հանձնարարությունը եղել է գրավոր, ինձ մոտ տպավորությունն այն է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան»,- Ազգային ժողովում հուլիսի 1-ին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հերքելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ օրենսդրական փոփոխությունների և սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարության միջև կապը։
Հունիսի 17-ին «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել էր․ «Մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամենին»։
Հուլիսի 1-ի արտահերթ նիստին խորհրդարանը սկսեց քննարկել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայում բացակայում են մեխանիզմներ, որոնք լիցենզավորված ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու դեպքում կապահովեն կրիտիկական ենթակառուցվածքների անխափան գործունեությունը՝ պաշտպանելով սպառողների շահերը։ Առաջարկվում է սահմանել, որ ռիսկեր նկատելու դեպքում կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, ինչի հիման վրա հնարավոր կլինի կանխարգելիչ միջոցառումներ կիրառել լիցենզավորված անձանց նկատմամբ։
Քննարկումների ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախագիծը հիմնավորեց «օպերատիվ միջամտության» անհրաժեշտությամբ՝ կանխելու համար ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողության կորուստը։ Որպես օրինակ բերելով Իսպանիայում տեղի ունեցած համատարած հոսանքազրկումը՝ նա նշեց․ «Կանխարգելումը շատ ավելի կարևոր է, քան հետևանքների հաղթահարումը»։ Պատգամավորը ընդգծեց, որ թեև վարույթ հարուցելու իրավունքը օպերատիվության համար տրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, վերջնական որոշումները կայացնելու է հանձնաժողովը։ «Դաշնակցության գաղափարական հենքը թույլ է տալիս պետության մեջ ունենալ պետություն․ սա ամենավտանգավոր բանն է»,- հավելեց նա՝ խոստովանելով, որ այս նախագիծը «ժամանակավրեպ» է և պետք է բերվեր 10-15 տարի առաջ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագիծը որակեց վտանգավոր՝ պնդելով, որ այն անհամաչափ լիազորություններ է տալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ «խլելու կառավարումը սուբյեկտի ձեռքից» և իրականացնելու «սեփականության վերաբաշխում»՝ առանց պատասխանատվություն կրելու։
Քննարկումներ «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» շուրջ
Ազգային ժողովում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ծավալված բանավեճի ընթացքում պատգամավորները անդրադարձան նաև պետական սեփականություն հանդիսացող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության խնդիրներին։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, մեղադրելով իշխանությանը քաղաքական դրդապատճառներով շարժվելու մեջ, օգտագործեց ԲԷՑ-ի օրինակը՝ հարցադրում անելով, թե ինչու պետական ընկերության խնդիրները չեն արժանանում նույն ուշադրությանը։ «Այսպես բերել եք, ֆիքսվել եք մենակ ՀԷՑ-ի վրա»,- նշեց նա՝ ակնարկելով իշխանության կողմից խնդիրների ընտրովի թիրախավորման մասին։
Ի պատասխան այս մեղադրանքի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը խոստովանեց, որ ԲԷՑ-ում խնդիրներ կան։ Մասնավորապես, նա անդրադարձավ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությանը՝ նշելով, որ խնդիրներ են առաջացել շինարարական ընկերության հետ, ինչպես նաև «գողություն է եղել ենթակայանից»։
Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ պետությունը քայլեր է ձեռնարկում խնդիրները լուծելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ պետությունը համաֆինանսավորել է Իրանից նոր տրանսֆորմատորների ներկրումը, և սարքավորումները մոտ ժամանակներս կժամանեն Հայաստան։
Գևորգ Թոսունյան
Թեմա
Civilnet










