Գլխավոր Լրահոս

Իսրայելը համաձայնել է Գազայում զինադադարի պայմաններին․ Թրամփ

Իսրայելը համաձայնել է Գազայում  զինադադարի պայմաններին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում երկու ամսով զինադադարի համար անհրաժեշտ պայմաններին։

«Այսօր իմ ներկայացուցիչները երկար և արդյունավետ հանդիպում ունեցան իսրայելցիների հետ՝ Գազայի հարցով։ Իսրայելը համաձայնեց զինադադարի համար անհրաժեշտ պայմաններին 60 օրով, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմին վերջ դնելու ուղղությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում՝ չմանրամասնելով, թե ինչ պայմանների մասին է խոսքը։

Թրամփի խոսքով՝ Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները, որոնք «շատ ակտիվ աշխատել են խաղաղության հաստատման ուղղությամբ», վերջնական առաջարկը կհասցնեն ՀԱՄԱՍ խմբավորման զինյալներին։

«Հուսով եմ, որ Մերձավոր Արևելքի բարօրության համար ՀԱՄԱՍ-ը կընդունի այս համաձայնությունը, քանի որ ավելի լավ չի լինելու - միայն ավելի վատ», - հայտնել է նա։

Ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Վաշինգտոն է ժամանել Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, որը պետք է քննարկեր Սպիտակ տան ներկայացուցիչների հետ Գազայի և Իրանի իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ այցը։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ իր կարծիքով Նեթանյահուն ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում։

«Նա ուզում է դա։ Կարող եմ ասել ձեզ՝ նա իսկապես ուզում է։ Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ կհասնենք համաձայնության», - նշել է ԱՄՆ նախագահը։

Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի նախնական համաձայնագիրը, որը ուժի մեջ էր մտել հունվարի 19-ին, նախատեսում էր երեք փուլ, սակայն դրանք առաջին փուլից այն կողմ չանցան։

Երկրորդ փուլը նախատեսում էր մշտական հրադադարի հաստատում, Գազայում կենդանի մնացած պատանդների վերադարձ՝ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների դիմաց, ինչպես նաև իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից։

Մարտ ամսից ի վեր իսրայելական բանակը վերսկսել էր զանգվածային հարվածները Գազայի հատվածում։ Նեթանյահուի գրասենյակից հայտնել էին, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել էր ազատ արձակել պատանդներին և ընդունել ԱՄՆ-ի ու միջնորդների առաջարկները։

Մայիսի վերջում ՀԱՄԱՍ-ը հրապարակեց իր պատասխանը 60-օրյա զինադադարի առաջարկին, սակայն խմբավորման առաջ քաշած պայմանները մերժվեցին ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի կողմից։

Times of Israel պարբերականի տվյալներով՝ կողմերի միջև բանակցությունները մտել են փակուղի, հիմնականում այն պայմանների շուրջ, որոնք պետք է գործեն զինադադարի ավարտից հետո։ Իսրայելը պահանջում է պահպանել ռազմական գործողությունները վերսկսելու իրավունքը, իսկ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է ժամանակավոր զինադադարը դարձնել մշտական։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում