Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ի պետականացման նախագիծն ԱԺ-ում անցավ առաջին ընթերցմամբ

ՀԷՑ-ի պետականացման նախագիծն ԱԺ-ում անցավ առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովը հուլիսի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը հանրության շրջանում հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։ Փաթեթին դեմ քվեարկեց ընդդիմությունը։

Նախարարի հերքումը և գործարարի հայտարարությունը

Նախագծի քննարկումները մեկնարկել էին նախորդ օրը՝ հուլիսի 1-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով նախագիծը, հերքել էր օրենսդրական փոփոխությունների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի՝ հունիսի 17-ի հայտարարության միջև կապը։ «Հանձնարարությունը եղել է հայտարարությունից առաջ, հանձնարարությունը եղել է գրավոր, ինձ մոտ տպավորությունn այն է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան»,- ասել էր նախարարը։

Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամենին»։

Իշխանության հիմնավորումները և ընդդիմության մտահոգությունները

Ըստ նախագծի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) հնարավորություն է տրվում ռիսկեր նկատելու դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրառել լիցենզավորված ընկերությունների նկատմամբ՝ ապահովելով կրիտիկական ենթակառուցվածքների անխափան գործունեությունը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հիմնավորելով նախագիծը, նշել էր, որ այն թույլ կտա «օպերատիվ միջամտություն» իրականացնել՝ ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողության կորուստը կանխելու համար։ Նա խոստովանել էր, որ նախագիծը «ժամանակավրեպ» է և պետք է բերվեր 10-15 տարի առաջ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագիծը որակել էր վտանգավոր՝ պնդելով, որ այն «անհամաչափ լիազորություններ» է տալիս ՀԾԿՀ նախագահին՝ «խլելու կառավարումը սուբյեկտի ձեռքից» և իրականացնելու «սեփականության վերաբաշխում»։

Բանավեճ՝ նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» շուրջ

Քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարցադրում էր արել, թե ինչու իշխանությունը չի զբաղվում պետական սեփականություն հանդիսացող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության խնդիրներով՝ մեղադրելով քաղաքական դրդապատճառներով առաջնորդվելու մեջ։ Ի պատասխան՝ նախարար Խուդաթյանը խոստովանել էր, որ ԲԷՑ-ում խնդիրներ կան՝ կապված Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության և «ենթակայանից գողության» հետ՝ վստահեցնելով, որ քայլեր են ձեռնարկվում դրանք լուծելու ուղղությամբ։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում