«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակից համակարգիչներ և փաստաթղթեր են առգրավել. փաստաբան

«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունն ավարտվել է, սակայն փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտարարում է, որ իրենք չեն ընդունում քննչական գործողությունների օրինականությունը:
«Իրականացվել է խուզարկություն, որի հետ մենք ունենք անհամաձայնություն, մեզ տրամադրվել է դատարանի որոշումները, մենք բողոքարկելու ենք և գտնում ենք, որ այս գործընթացը կրում է բացառապես ապօրինի բնույթ», - ասաց Հակոբյանը լրագրողների հետ զրույցում:
Փաստաբանի խոսքով «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակից իրավապահներն առգրավել են համակարգիչներ և փաստաթղթեր։
Խուզարկության ընթացքում Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Փաստաբան Հակոբյանը նախաձեռնված վարույթի հետ համամիտ չէ, և նշում է, որ նման բան գոյություն չունի:
«Նման բան գոյություն չունի, մենք գտնում ենք սա ինչ-որ ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր»,- ասաց փաստաբանը:
Թեմա
Civilnet










